Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3801-21.11.2008-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 162. Անձանց իրավունքների կամ անձի դեմ ոտնձգող միավորումներ կազմելը, ղեկավարելը կամ նրանց աշխատանքներին աջակցելը, հոգեորսությամբ զբաղվելը

1. Այնպիսի կրոնական կամ հասարակական միավորում կազմելը կամ ղեկավարելը, որի գործունեությունը զուգորդված է անձանց առողջությանը վնաս պատճառելով կամ անձանց այլ իրավունքների դեմ ոտնձգություններով, ինչպես նաեւ անձանց իրենց քաղաքացիական պարտականություններից հրաժարվելուն դրդելով՝ պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Հոգեորսությամբ զբաղվելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» եւ  «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում  փոփոխություն  կատարելու մասին» օրենքների ընդունման վերաբերյալ

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 1991 թվականին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից: Թեպետ երկու անգամ (1997 եւ 2001) ՀՀ Ազգային Ժողովի կողմից այն  ենթարկվել է փոփոխությունների եւ լրացումների, գործող օրենքում պահպանվել են թե բովանդակային, թե խմբագրական թերություններ:

Խմբագրական շտկումների անհրաժեշտությունը ծագել է օրենքի ընդունման պահից առ այսօր Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության, նախեւառաջ` ՀՀ Սահմանադրության  ընդունման հետեւանքով:

Բովանդակային փոփոխությունների կարեւորությունը առավել է ընդգծվում գործող օրենքում տեղ գտած մի շարք բացթողումների պատճառով: Ի մասնավորի, հստակեցված չէ «հոգեորսություն» հասկացությունը, վերանայման ենթակա է կրոնական կազմակերպության անդամների նվազագույն քանաքական շեմը, մատնանշված չեն կրոնական կազմակերպությունների քայքայիչ եւ ամբողջատիրական գործունեության բնութագրիչները եւ այլն: Նշված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները հիմնված են միջազգային իրավունքի եւ փորձի վրա:

Առաջարկվող ասյ փոփոխություններին ու լրացումներին զուգահեռ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել քրեական պատիժ անձանց իրավունքների կամ անձի դեմ ոտնձգող միավորումներ կազմելու, ղեկավարելու կամ նրանց աշխատանքներին աջակցելու եւ  հոգեորսությամբ զբաղվելու համար

Այն կարծիքին ենք, որ ներկայացված նախագծերը հարմար հիմք եւ առիթ կարող են հանդիսանալ Ազգային Ժողովում հոգեւոր-կրոնական ոլորտի օրենսդրության վաղուց հասունացած արդիականացման եւ բարեփոխման համար, այդ թվում` ազգային անվտանգության դիտանկյունից: