Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-381-21.11.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում  ծագող իրավահարաբերությունները, սահմանում է գրադարանային հավաքածուների զարգացման (համալրման), պահպանման, մատչելիության սկզբունքները եւ Հայաստանի ազգային գրադարանային համակարգի գրադարանների հիմնական գործառույթները:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության գրադարանների մասին

1. Հայաստանի Հանրապետության գրադարանների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքային ֆինանսավորմամբ  գործող գրադարանների վրա:

Հոդված 4. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) գրադարան՝ տեղեկատվական, մշակութային եւ կրթական, ինչպես նաեւ գիտական գործունեություն իրականացնող ոչ առեւտրային կազմակերպություն, որն ստեղծվում է մարդու` տեղեկատվություն  ստանալու եւ ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացմանը նպաստելու նպատակով` գրադարանային հավաքածուի, մասնագետների ու նյութատեխնիկական բազայի միջոցով.

2) հանրային գրադարան` գրադարան, որը որոշակի վարչատարածքային միավորի տարածքում իրականացնում է յուրաքանչյուր անձի գրադարանային-տեղեկատվական սպասարկումը բազմաբնույթ գրադարանային հավաքածուի միջոցով:

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանմանը համապատասխան` հանրային  գրադարաններ են  մարզային եւ համայնքային գրադարանները.

3) գրադարանային հավաքածու` տեղեկատվություն կրող տպագիր կամ այլ նյութական կրիչների /այսուհետ` նյութական կրիչ/ դասակարգված եւ համակարգված ամբողջություն, որն ստեղծվում է պահպանության եւ հանրային օգտագործման նպատակով.

4) միջգրադարանային  բաժնույթ` գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայություն, որին համապատասխան` գրադարանի օգտվողի հարցումը բավարարվում է այլ գրադարանի հավաքածուին պատկանող նյութական կրիչի ժամանակավոր տրամադրմամբ` գրադարանային հավաքածուների փոխադարձ օգտագործման վերաբերյալ գրադարանների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա` անկախ դրանց  գտնվելու վայրից եւ պետական սահմաններից:

ԳԼՈՒԽ II.
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ (ՀԱՄԱԼՐՄԱՆ), ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 5. Գրադարանային հավաքածուների զարգացման (համալրման), սկզբունքները

Գրադարանային հավաքածուների զարգացման(համալրման),  սկզբունքներն են`

1) գրադարանային հավաքածուի  համալրման գործընթացում գրադարանի ինքնուրույնությունը.

2) գրադարանային հավաքածուների   համալրման անընդհատությունը.

3) գրադարանային հավաքածուների համալրման քաղաքականության համապատասխանու-թյունը հասարակության զարգացման գործընթացներին, փոփոխություններին, գրադարանի

օգտվողների պահանջարկին, որն  ապահովում է համալրվող նյութական կրիչի բովանդակության, լեզվի, տեսակի բազմազանությունը.

4) գրադարանային հավաքածուներում Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով եւ նրանց մշակույթին վերաբերող նյութական կրիչի ընդգրկումը:

Հոդված 6. Գրադարանային հավաքածուների պահպանման սկզբունքները

Գրադարանային հավաքածուների պահպանման սկզբունքներն են`

1) ազգային եւ գիտական գրադարանների հավաքածուների  մշտական  պահպանության ապահովումը` որպես մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս.

2) գրադարանային հավաքածուներում ընդգրկված մշակութային արժեք ունեցող նյութական կրիչի օտարման բացառումը.

3) գրադարանային հավաքածուների  հաշվառման միասնական համակարգի կիրառումը:

Հոդված 7. Գրադարանային հավաքածուների մատչելիության սկզբունքները

Գրադարանային հավաքածուների մատչելիության սկզբունքներն են`

1) գրադարանային հավաքածուների  մատչելիության հարցում գրադարանի բոլոր օգտվողների իրավահավասարությունը.

2) գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված նյութական կրիչի ժամանակավոր  տրամադրման մերժման կամ որեւէ պատճառաբանությամբ գրադարանային հավաքածուի մատչելիության սահմանափակման արգելումը.

3) բնակչության առանձին խմբերի` գրադարան հաճախելու կամ Ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց, գրադարանային-տեղեկատվական սպասարկման իրավունքի իրականացումը  հատուկ կամ հանրային գրադարանների միջոցով.

4) անչափահասների /փոքրահասակների/ գրադարանային-տեղեկատվական սպասարկման իրավունքի իրականացումը դպրոցական, մանկական գրադարանների կամ հանրային գրադարանների մանկական բաժինների միջոցով:

ԳԼՈՒԽ III.
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 8. Գրադարանային-տեղեկատվական սպասարկման իրավունքը

Հայաստանի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր ոք ունի գրադարանային-տեղեկատվական սպասարկման իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, տարիքից, կրթական եւ ֆիզիկական սահմանափակումներից, սոցիալական ծագումից, քաղաքական համոզմունքներից:

Հոդված 9. Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների անվճար մատուցումը

Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար մատուցվող գրադարանային-տեղեկատվության սպասարկման ծառայությունների հիմնական տեսակներն են`

1) գրադարանային հավաքածուից ցանկացած  նյութական կրիչի ժամանակավոր տրամադրումը.

2) գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված որոշակի  նյութական կրիչի առկայության վերաբերյալ տեղեկության տրամադրումը.

3) գրադարանային հավաքածուի կազմի վերաբերյալ տեղեկության տրամադրումը տեղեկատու-որոնողական համակարգի միջոցով.

4) տեղեկությունների աղբյուրների որոնման եւ ընտրության վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը:

Հոդված 10. Գրադարանային-տեղեկատվական սպասարկման որոշակի ծառայությունների վճարովի մատուցումը

1. Գրադարանային հավաքածուներում ընդգրկված նյութական կրիչի պատճենահանման, անհատական սպասարկման ծառայությունները կարող են մատուցվել վճարովի, որի չափը  եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Միջգրադարանային բաժնույթի ծառայության մատուցման դեպքում ժամանակավոր տրամադրվող նյութական կրիչի առաքման եւ վերադարձի հետ կապված փոստային ծախսերը վճարում է գրադարանի օգտվողը:

Հոդված 11. Գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները

Գրադարանային հավաքածուից նյութական կրիչի ժամանակավոր տրամադրումն իրականացվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գրադարանային հավաքածուից օգտվելու կանոններին համապատասխան:

ԳԼՈՒԽ IV.
ԳՐԱԴԱՐԱՆԻ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 12. Գրադարանի օգտվողների իրավունքները

Գրադարանի օգտվողներն իրավունք ունեն`

1) օգտվել ցանկացած գրադարանի ծառայություններից` սույն օրենքով նախատեսված գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների կազմակերպման կարգին եւ  գրադարանային հավաքածուից օգտվելու կանոններին համապատասխան.

2) օգտվել միջգրադարանային բաժնույթի ծառայություններից:

Հոդված 13. Գրադարանի օգտվողների պարտականությունները

Գրադարանի օգտվողները պարտավոր են`

1) պահպանել գրադարանային-տեղեկատվական սպասարկումն իրականացնող գրադարանի ծառայություններից եւ գրադարանային հավաքածուից օգտվելու  կանոնները.

2) գրադարանային հավաքածուին նյութական վնաս պատճառելու եւ գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 14. Գրադարանների իրավունքները

Գրադարանները սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրենց իրավասությունների սահմաններում իրավունք ունեն`

1) հաստատել գրադարանի ծառայություններից օգտվելու  կանոնները.

2) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագրեր կնքելիս սահմանել գրադարանային հավաքածուի օգտագործման պայմանները.

3) դադարեցնել գրադարանի օգտվողին ծառայությունների մատուցումը` նրա կողմից գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնները պարբերաբար եւ միտումնավոր խախտելու դեպքում, որը խոչընդոտում է գրադարանի մյուս օգտվողներին գրադարանային-տեղեկատվության  սպասարկման ծառայությունների  պատշաճ եւ բնականոն մատուցմանը:

Մինչեւ գրադարանի ծառայությունների մատուցման դադարեցումը այդ մասին նախապես  գրավոր ծանուցել  գրադարանի օգտվողին.

4) գրադարանային հավաքածուից դուրս գրել նյութական կրիչը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 15. Գրադարանների պարտականությունները

Գրադարանները պարտավոր են`

1) իրականացնել գրադարանի օգտվողների գրադարանային-տեղեկատվական սպասարկումը գրադարանային հավաքածուի, համաշխարհային համակարգչային ցանցի (Ինտերնետ) մատչելիության ապահովման, միջգրադարանային բաժնույթի, էլեկտրոնային սպասարկման ծառայությունների միջոցով` սույն օրենքով սահմանված նորմերին համապատասխան.

2) իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գրադարանի ծառայություններից  եւ գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնների մասին.

3) պահպանել գրադարանի օգտվողի հարցումների եւ օգտագործած տեղեկատվությունների գաղտնիությունը` որպես նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկույթ:

Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված գաղտնի տեղեկությունները տրվում են միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով.

4) ապահովել գրադարանի օգտվողների գրադարանային-տեղեկատվական սպասարկման իրականացումը` գրադարանային եւ  տեղեկատվական ոլորտի համապատասխան մասնագետների միջոցով:

ԳԼՈՒԽ V.
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 16. Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) սույն օրենքով սահմանված գրադարանային հավաքածուների զարգացման, պահպանման, մատչելիության սկզբունքների եւ գրադարանի օգտվողների, գրադարանների իրավունքների իրականացման երաշխավորումը.

2) պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

3) գրադարանային հավաքածուի հաշվառման կարգի հաստատումը.

4) գրադարանային հավաքածուի կազմից  նյութական կրիչի դուրսգրման  կարգի սահմանումը.

5) գրադարանային-տեղեկատվական սպասարկման  ծառայությունների վճարովի մատուցման կարգի սահմանումը.

6) միջգրադարանային բաժնույթի ծառայությունների իրականացման կարգի սահմանումը.

7) գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնների սահմանումը.

8) գրադարանային մասնագիտական կրթության կազմակերպման ապահովումը.

9) գրադարանների գործունեության  չափորոշիչների ընդունումը:

Հոդված 17. Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունները

Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասություններն են`

1) պետական քաղաքականության մշակումը.

2) գրադարանային-տեղեկատվական սպասարկումն ապահովող գրադարանային հավաքածուների համալրման, պահպանման, մատչելիության իրականացման պետական ծրագրերի մշակումը.

3) պետական կառավարման եւ  տեղական ինքնակառավարման  մարմինների հետ  համատեղ գրադարանային հավաքածուների  պահպանության եւ օգտագործման աշխատանքների իրականացումը..

4) գրադարանների գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալների մասնագիտական վերլուծությունը, ամփոփումը եւ հրատարակումը.

5) գրադարանային կադրերի  վերապատրաստման, որակավորման բարձրացման համակարգի զարգացման ծրագրերի մշակումը եւ իրականացման աջակցումը.

6) Հայաստանի ազգային գրադարանային համակարգի գրադարանների միջեւ համագործակցության օժանդակումը.

7) իր իրավասությունների սահմաններում Հայաստանի եւ այլ պետությունների  գրադարանների միջեւ միջազգային համագործակցության ապահովումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

ԳԼՈՒԽ VI.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 18. Հայաստանի ազգային գրադարանային համակարգը

Հայաստանի ազգային գրադարանային համակարգը ներառում է ազգային, գիտական, գիտատեխնիկական, մասնագիտական, կենտրոնական /մարզային/, կրթական հաստատությունների, համայնքային գրադարանները, որոնք ստեղծում են հանրապետական գրադարանային ցանցը եւ գործում են սույն օրենքով սահմանված նորմերին համապատասխան:

Հոդված 19. Ազգային գրադարան

1. Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի Հանրապետությունում գրքային ժառանգությունը եւ տպագիր   արտադրանքի պարտադիր օրինակի հավաքածուն պահպանող գրադարան է:

2. Հայաստանի ազգային գրադարանի հիմնական գործառույթներն են`

ա) գրադարանային հավաքածուն հայատառ եւ Հայաստանի մասին տպագիր արտադրանքով համալրելը` անկախ դրա հրատարակման վայրից.

բ) ազգային տպագիր արտադրանքի եւ տեղեկատվության ամբողջական, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում  պահանջարկ ունեցող օտարերկրյա գրականության  հավաքածուի համալրումը, պահպանումը, մատչելիության իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետությունում հանրամատչելի գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացումը.

դ) Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների  մայրենի լեզվով գրականության գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների  իրականացումը.

ե) ազգային մատենագիտության գործունեության համակարգումը.

զ) մատենագիտական չափորոշիչների մշակումը.

է) հայատառ գրքի էլեկտրոնային քարտագրման ծրագրի համակարգումը, համահավաք քարտարանի ստեղծումը.

ը) հայ գրքի, մամուլի, հայագիտական հրապարակումների, գրադարանագիտության, մատենագիտության, գրքագիտության   ցանկերի կազմումը եւ հրատարակումը.

թ) Հայաստանի Հանրապետությունում գրադարանագիտության բնագավառում գիտական աշխատանքների համակարգումը.

ժ) Հայաստանի Հանրապետությունում բոլոր գրադարանների համար  միջգրադարանային բաժնույթի ծառայությունների համակարգումը եւ իրականացումը.

ժա) միջազգային գրադարանային համագործակցության իրականացումը միջազգային միջգրադարանային բաժնույթի, գրադարանագիտության, գրադարանային- տեղեկատվական ծրագրերի բնագավառներում:

3. Անչափահաս /փոքրահասակ/ օգտվողների գրադարանային-տեղեկատվական սպասարկման, ազգային մատենագիտության ճյուղային` մանկական գրականության մատենագիտության գործունեության ոլորտներում, ազգային գրադարանի գործառույթներն  իրականացնում է  ազգային մանկական գրադարանը:

4. Ազգային գրադարանի որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել այլ պետական գրադարանի կամ կազմակերպության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով:

Հոդված 20. Գիտական,  գիտատեխնիկական  եւ մասնագիտացված գրադարաններ

1. Հայաստանի Հանրապետության գիտական, գիտատեխնիկական գրադարաններն իրականացնում են հետեւյալ հիմնական գործառույթները.

ա) գիտության եւ տեխնիկայի կամ գիտության որեւէ ճյուղի ազգային, օտարերկրյա տպագիր արտադրանքի եւ տեղեկատվական պաշարների ուսումնասիրությունը, գրադարանային հավաքածուի համակարգված համալրումը, պահպանումը, մատչելիության ապահովումը եւ գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացումը.

բ) գրադարանի  օգտվողի կողմից ներկայացվող որոշակի հետաքրքրությունների շրջանակներում գրադարանի հավաքածուի կազմի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրումը.

գ) ազգային մատենագիտության բաղկացուցիչ մաս հանդիսացող ճյուղային մատենագիտության եւ գրադարանագիտության բնագավառներում գիտական աշխատանքների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության մասնագիտացված գրադարանները իրականացնում են հետեւյալ հիմնական գործառույթները.

գրադարանի բնույթին համապատասխան` բնագավառի  տպագիր արտադրանքի եւ տեղեկատվական պաշարների  գրադարանային հավաքածուի համալրումը, պահպանումը,  մատչելիության ապահովումը, գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացումը:

Հոդված 21. Կենտրոնական գրադարան

1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում կենտրոնական գրադարան

է հանդիսանում տվյալ մարզային պետական գրադարանը:

2. Կենտրոնական գրադարանի հիմնական գործառույթներն են`

ա) տվյալ մարզի տարածքում բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների կազմակերպումը եւ իրականացումը.

բ) գրադարանային հավաքածուի համալրումը հանրապետական, մարզային, տարածաշրջանային տեղեկատվություն կրող համապատասխան նյութական կրիչներով.

գ) տվյալ մարզի տարածքում գործող համայնքային գրադարաններին տեղեկատվական, մատենագիտական, մասնագիտական խորհրդատվությունների տրամադրումը.

դ) տվյալ մարզի դպրոցական գրադարանների հետ համագործակցությունը.

ե) տվյալ մարզի  համայնքային գրադարանների եւ դպրոցական գրադարանների միջեւ  համագործակցության համակարգումը.

զ) տվյալ մարզի համայնքային գրադարանների համար միջգրադարանային բաժնույթի ծառայությունների կազմակերպումը:

3. Կենտրոնական գրադարանը սույն օրենքով սահմանված գործառույթների իրականացման համար կարող է կիրառել նաեւ  շարժական /ոչ ստացիոնար/ գրադարանի ծառայությունների մատուցման եղանակներ:

4. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում պետք է գործի առնվազն մեկ կենտրոնական գրադարան:

5. Կենտրոնական գրադարանն իր գտնվելու տարածքում իրականացնում է հանրային գրադարանի գործառույթներ:

Հոդված 22. Համայնքային գրադարան

1. Համայնքային գրադարանն իրականացնում է տվյալ համայնքի տարածքում բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացումը, հանրապետական, մարզային, տեղական տեղեկատվություն կրող համապատասխան նյութական կրիչներով գրադարանային հավաքածուի համալրումը, պահպանումը  եւ մատչելիության ապահովումը:

2. Յուրաքանչյուր համայնքում պետք է գործի առնվազն մեկ համայնքային գրադարան: Մեկից ավելի գրադարանի հիմնադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված գրադարանների գործունեության  չափորոշիչներին համապատասխան:

Հոդված 23. Կրթական հաստատությունների գրադարաններ

Կրթական հաստատությունների գրադարանները գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման  ոլորտում պետք է կատարեն սույն օրենքով նախատեսված սկզբունքներն ու պահանջները եւ տվյալ կրթական հաստատության խնդիրները:

Հոդված 24. Հայաստանի ազգային գրադարանի համակարգի գրադարանների համագործակցությունը

Հայաստանի ազգային համակարգի ազգային, գիտական, գիտատեխնիկական, մասնագիտական, կենտրոնական /մարզային/ գրադարանները համագործակցում են համայնքային, կրթական հաստատությունների  գրադարանների հետ` միջգրադարանային բաժնույթի, գրքային ժառանգության պահպանման, գրադարանային հավաքածուների եւ տեղեկատվության պաշարների արդյունավետ փոխօգտագործման, էլեկտրոնային ցանցերի, համահավաք գրացուցակների, տվյալների բազաների ստեղծման համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

ԳԼՈՒԽ VII.
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 25. Գրադարանների ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական բազայի ապահովումը

1. Ազգային, կենտրոնական /մարզային/, գիտական, գիտատեխնիկական, մասնագիտական, կրթական հաստատությունների գրադարանների ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական բազայի ապահովումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերի հաշվին:

2.  Համայնքային գրադարանների ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական բազայի ապահովումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերի հաշվին:

Համայնքային գրադարանները կարող են մասնակցել մշակութային ժառանգության մաս հանդիսացող գրադարանային հավաքածուների պահպանության, համահայաստանյան էլեկտրոնային գրացուցակների ստեղծման պետական ծրագրերի իրականացմանը:

3. Համայնքային գրադարանների հավաքածուները  համալրվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով  տեղական ինքնակառավարման մարմիններին ֆինանսական համահարթեցման եւ դոտացիաներում   նախատեսվող կայուն ֆինանսական միջոցների հաշվին:

4. Ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց գրադարանային-տեղեկատվական սպասարկումն իրականացվում է նպատակային ֆինանսավորման պետական ծրագրերով:

5. Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գրադարանների շենքերը կարող են օտարվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքով` մշակութային գործունեություն իրականացնելու նպատակներով:

6. Գրադարանային աշխատողների  աշխատավարձը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից :

ԳԼՈՒԽ VIII.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 26. Գրադարանների միջեւ միջազգային համագործակցությունը

1. Գրադարանները կարող են համագործակցել այլ պետությունների գրադարանների եւ կազմակերպությունների հետ` սահմանված կարգով իրականացնել միջազգային գրքափոխանակություն, միջազգային միջգրադարանային բաժնույթի ծառայություններ, գրադարանային-տեղեկատվական սպասարկման զարգացման համատեղ ծրագրեր:

2. Գրադարանները կարող են սահմանված կարգով անդամակցել  միջազգային գրադարանային ասոցիացիաներին եւ միջազգային կազմակերպություններին:

ԳԼՈՒԽ IX.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 27. Պատասխանատվությունը գրադարանների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար

Սույն օրենքի պահանջները խախտող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ X.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գրադարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մշակութային նշված բնագավառը դեռեւս օրենսդրական կարգավորում չի ստացել եւ շարունակում է գործել չկարգավորված իրավահարաբերությունների համակարգում։

Օրենսդրական  նախաձեռնության նպատակն է կարգավորել գրադարանային–տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում ծագող իրավահարաբերությունները, տնտեսական հիմքերը, սահմանել գրադարանային հավաքածուների զարգացման (համալրման), պահպանման, մատչելիության սկզբունքները եւ Հայաստանի ազգային գրաժդարանային համակարգի գրադարանների հիմնական գործառույթները։