Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունում «ժգ» ենթակետով» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի «բ» եւ «ժգ» կետերով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Ռոյալթիների եւ գույքը վարձակալության տալու եկամուտներից, ինչպես նաեւ բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը (սակայն ոչ ավելի, քան 500մ2 մակերեսը), իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4 անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ որում` չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար ընդամենը մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից եւ կառուցապատող եւ (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից:»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «դ» կետով`
«դ) եկամուտները վճարվել են նոտարներին` իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց:»:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը «եկամուտները» բառից հետո լրացնել «եւ ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Օրենքի նախագծի նպատակն է ֆիզիկական անձանց համար հարկման հավասար պայմանների եւ հարկման արդարացիության սկզբունքի ապահովում:
Կարգավորման հարաբերութունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Ներկայումս «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն հարկային գործակալների կողմից օտարերկրացիներին (օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք) եկամուտներ վճարելու դեպքում նվազեցվում են միայն ներդրումային արժեթղթերից եկամուտները (որպես նվազեցվող եկամուտներ), ինչը անհավասար պայմաններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Մյուս կողմից օտարերկրացիների եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար հայաստանյան աղբյուրներից եկամուտների թվարկումները «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ եւ 34-րդ հոդվածներով չեն համապատասխանում իրար, ինչը տարաձայնությունների տեղիք է տալիս:
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարախքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) մինչեւ 10%-ի (սակայն ոչ ավելի, քան 500մ2 մակերեսը), իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4-ից ավելի անհատական բնակելի տների քանակը գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով (առանց հաշվի առնելու օրենքով սահմանված նվազեցումները): Նշված խմբագրությամբ օրենքի կիրառումը պրոբլեմներ է ստեղծում այն դեպքերում, երբ շենքի կառուցվում է մի քանի կառուցապատողների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են նաեւ կառուցվող շենքի համասեփականատեր:
Միաժամանակ` քանի որ 2009թ. հունվարի 1-ից նոտարները դառնում են եկամտահարկ վճարող, ապա իրենց կողմից կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին մատուցված ծառայությունների դիմաց վճարված եկամուտները ենթակա են հարկման եկամտահարկով եկամտի վճարման աղբյուրի մոտ ընդհանուր սահմանված կարգով (այն դեպքում, երբ «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այս մոտեցումը բացառվում էր):
2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Օրենքի նախագծով առաջակվում է`
Նախագծի կարգավորման առարկան «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ օտարերկրացիների, օտարերկրացիների եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկման անհամապատասխանությունների վերացումն է, կառուցապատող-համասեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձանց եւ նոտարների կողմից կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին) մատուցված ծառությունների դիմաց եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկման հարցերի կարգավորումը:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է ֆիզիկական անձանց համար հարկման հավասար պայմանների եւ հարկման արդարացիության սկզբունքի ապահովում: