Գլուխ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում մամուլի գործունեության երաշխիքները, սկզբունքները, կարգավորում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ մամուլի փոխհարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքի իմաստով գործածվող հիմնական հասկացությունները
1.«Մամուլ»`տպագիր պարբերականները, տեղեկատվական-լրատվական գործակալությունները, տեղեկատվական-վերլուծական կենտրոնները, ինչպես նաեւ միայն ինտերնետային տարբերակ ունեցող թերթերը:
2. «Տպագիր մամուլ» այն տպագիր պարբերականներն են, որոնք ունեն.
ա) անվանում
բ) 99 օրինակից ավելի տպաքանակ
գ) հրատարակվում են տարին առնվազն մեկ անգամ:
ԳԼՈՒԽ 2.
ՄԱՄՈՒԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 3. Մամուլի գործունեության սկզբունքները
Հայաստանի Հանրապետությունում մամուլը գործում է ազատության, իրավահավասարության, օրինականության սկզբունքների հիման վրա:
ԳԼՈՒԽ 3.
ԼՐԱԳՐՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 4. Լրագրողը
Լրագրողն այն անձն է, ով մամուլում եւ այլ ԶԼՄ-ներում զբաղվում է խմբագրական, ստեղծագործական գործունեությամբ, տեղեկատվության հավաքմամբ, մշակմամբ եւ որեւէ խմբագրության հետ ունի աշխատանքային պայմանագիր կամ աշխատում է այլ հիմունքներով, որոնք կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ:
Հոդված 5. Ազատ լրագրողը
1. Ազատ լրագրողը որեւէ խմբագրության հետ աշխատանքային պայմանագիր չունեցող եւ որեւէ ԶԼՄ չներկայացնող, սակայն լրագրողական գործունեություն իրականացնող անձն է:
2. Ազատ լրագրողի կարգավիճակ կարող է ձեռք բերել յուրաքանչյուր լրագրող, որը`
ա) ունի առնվազն հինգ տարվա լրագրողական գործունեության ստաժ.
բ) լրագրողական առնվազն երեք կազմակերպությունների ղեկավար մարմինների երաշխավորագիր.
գ) հինգ տարի ժամկետից ավելի հրատարակվող թերթերի եւ նույնքան ժամանակում գործող այլ ԶԼՄ-ների խմբագիրների գրավոր երաշխավորագիր:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերը եւ ազատ լրագրողի կարգավիճակ ստանալու մասին դիմումը ներկայացվում են ՀՀ Արդարադատության նախարարություն, որն էլ փաստաթղթերի հիման վրա երկշաբաթյա ժամկետում համապատասխան անձին տալիս է ազատ լրագրողի կարգավիճակի մասին վկայական:
4. Դիմումը կարող է մերժվել եթե`
ա) փաստաթղթերը կեղծ են
բ) պահանջվող փաստաթղթերն ամբողջական չեն
գ) երաշխավորագիրը ներկայացված է լուծարված կամ վերջին մեկ տարում որեւէ օրինակ չհրատարակած թերթի գլխ. խմբագրի կողմից:
5. Ազատ լրագրողը յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվար ամսվա ընթացքում պետք է երաշխավորած լրագրողական կազմակերպություններին, թերթերի խմբագիրներին կամ հեռուստաընկերությունների տնօրեններին ներկայացնի մեկ տարվա ընթացքում եթեր հեռարձակված կամ տպագրված առնվազն երեք լրագրային նյութեր: Ազատ լրագրողը զրկվում է ազատ լրագրողի իր կարգավիճակից, եթե այդ կարգավիճակը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի ունեցել առնվազն երեք հրապարակում կամ հանդես չի եկել հեռուստալրագրության կամ ռադիոլրագրության այլ ժանրերով, ապա հիշյալ կազմակերպությունները կարող են դիմել ՀՀ Արդարադատության նախարարություն ազատ լրագրողի կարգավիճակից զրկելու համար:
Այդ կարգավիճակը լրագրողը կարող է վերստին ձեռք բերել միայն մեկ տարի անց:
ԳԼՈՒԽ 4.
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 6. Գրաքննության արգելքը
Հայաստանի Հանրապետությունում մամուլն ազատ է: Գրաքննությունը մամուլում եւ այլ ԶԼՄ-ներում արգելվում է:
Հոդված 7. Լրագրողների իրավունքների սահմանափակման արգելքը
1. Որեւէ մարմին իրավունք չունի լրագրողին որեւէ իրավունք տրա՟մադրել, վերացնել, միջամտել կամ որեւէ այլ եղանակով նրան զրկել այդ իրավունքից օգտվելու հնարավորությունից, եթե դա նախա՟տեսված չէ օրենքով, ինչպես նաեւ որեւէ պարտականություն դնել նրա վրա, եթե այն նախատեսված չէ օրենքով եւ պարտա՟կանու՟թյուն դնելու լիա՟զո՟րությունը օրենքով վերապահված չէ տվյալ մարմնին:
2. Պետությունը երաշխավորում է լրագրողին իր մասնագիտական գործունեությունը կապված նրա պատվի, արժանապատվության, ազատության, կյանքի եւ գույքի պահպանումը՝ իբրեւ մի անձի, ով հասարակական պարտք է կատարում:
Հոդված 8. Մամուլի տարածամանը խոչնդոտելու արգելքը
Արգելվում է տպագիր մամուլի տարածմանը (բաժանորդագրություն, առաքում, իրացում) խոչընդոտելը: Տպագիր մամուլի տարածմանը խոչընդոտելը առաջացնում է պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 9. Տեղեկատվության ազատությունը
Տեղեկատվության մատչելիության եւ ազատության իրավունքները կարգավորվում են Տեղեկատվության ազատության մաիսն ՀՀ օրենքով:
ԳԼՈՒԽ 5.
ԼՐԱԳՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Լրագրողի իրավունքները
Լրագրողն իրավունք ունի`
ա) Օրենքով չարգելված ցանկացած եղանակով փնտրել, հարցում անել, ստանալ, գտնել եւ տարածել տեղեկատվություն:
բ) Տեղեկատվություն ստանալու նպատակով այցելել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ կամ դրանց լրատվական ծառայություններ:
գ) Ընդունվել պաշտոնատար անձանց կողմից իր հարցումների համապատասխան:
դ) Մուտք ունենալ դեպի պետական, առեւտրային կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք չպարունակող փաստաթղթեր եւ նյութեր, դրանցից կատարել քաղվածքներ ու պատճեններ:
ե) Գրառումներ կատարել՝ օգտվելով տեսագրության, ձայնագրության, նկարահանման, լուսանկարման տեխնիկայից:
զ) Այցելել հատուկ պահպանվող տարածքներ, տարերային աղետների վայրեր, արգելանոցներ, վթարների եւ զանգվածային անկարգությունների վայրեր, ինչպես նաեւ այնպիսի վայրեր, ուր հայտարարված է արտակարգ իրավիճակ, ներկա գտնվել երթերին, ցույցերին եւ հանրահավաքներին:
է) Ստուգել իրեն տրված տեղեկատվության հավաստիությունը:
զ) Շարադրել իր անձնական դատողությունները եւ գնահատականները այն նյութերում կամ հրապարակումներում, որոնք պետք է տարածվեն իր ստորագրությամբ:
ը) Հրաժարվել իր ստորագրությամբ այն նյութի կամ հրապարակման պատրաստումից, որը հակասում է իր համոզմունքներին:
թ) Հանել իր ստորագրությունն այն նյութերից կամ հրապարակումներից, որոնք իր կարծիքով, աղավաղվել են խմբագրման ընթացքում կամ արգելել տվյալ նյութի կամ հրապարակման օգտագործումը:
ժ) Տարածել իր նյութերը կամ հրապարակումները անձնական ստորագրությամբ, անստորագիր կամ կեղծանվամբ:
Հոդված 11. Լրագրողի պարտականությունները.
Լրագրողը պարտավոր է՝
ա) Առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով եւ տվյալ խմբագրության կանոնոնադրությամբ:
բ) Անհրաժեշտության դեպքում պահպանել տեղեկության աղբյուրի գաղտնիությունը:
գ) Հրաժարվել խմբագրության կամ խմբագրի կողմից տրված այն հանձնարարություններից, որոնց բնույթը կամ կատարումը կարող է առաջացնել գույքային, կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվություն:
դ) Ներկայացնել լրագրողական վկայականը մասնագիտական գործունեություն կատարելիս առաջին իսկ պահանջի դեպքում:
ե) Մասնագիտական գործունեություն կատարելիս հարգել այլոց իրավունքները, օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը:
զ) Չհրապարակել ռասիզմի, բռնության, մարմնավաճառության, թմրամոլության եւ քրեորեն հետապնդելի այլ արարքների քարոզչություն պարունակող նյութեր:
է) Չհրապարկել պետական գաղտնիքի համարվող տեղեկություն: Բացառությամբ այն դեպքերի, երբ պետական գաղտնիքի արտահոսքի աղբյուրը պետական պաշտոնյան է: Այս դեպքում լրագրողը պատասխանատվություն չի կրում պետական գաղտնիք հրապարակելու համար:
ԳԼՈՒԽ 6.
ՀԵՐՔՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 12. Հերքում տալու կարգը եւ ժամկետը
1. Մամուլը հերքման պահանջը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին հայտնել հերքումը տարածելու ժամկետը կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին: Հերքումը պետք է տրվի համապատասխան դիմումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում:
2. Քաղաքական, տնտեսական, պետական, հասարակական գործիչը չի կարող հերքում պահանջել իր գործունեությանը վերաբերող նյութի համար, քանի դեռ չի ապացուցել, թե համապատասխան նյութում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
Փաստերի իրականությանը չհամապատասխանելը ապացուցելու պարտականությունը կրում է համապատասխան անձը:
ԳԼՈՒԽ 7.
ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ
Հոդված 13. Տպագիր մամուլի հիմնադիրը.
1. Տպագիր մամուլի հիմնադիր կարող է լինել`
ա) ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի,
բ) կուսակցությունները,
գ ) հասարակական կազմակերպությունները,
դ) այլ իրավաբանական անձինք,
ե) ուսումնական հաստատությունները:
2. Տպագիր մամուլի հիմնադիր չեն կարող լինել`
ա) դատարանի դատավճռով ազատազրկման դատապարտված անձինք,
բ ) քաղաքական, քաղաքացիական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք,
գ) պետական մարմինների մամլո ծառայության ղեկավարները:
3. Օտարերկրյա քաղաքացիները կամ օտարերկա կազմակերպությունները կարող են ունենալ տվյալ լրատվամիջոցի բաժնետոմսերի ոչ ավելին, քան 49 տոկոսը.
4. ՀՀ-ում արգելվում է պետական միջոցների հաշվին թերթերի տպագրությունը, բացառությամբ գերատեսչական բյուլետենների կամ պարբերականների, ինչպես նաեւ մանկապատանեկան պարբերականների:
ԳԼՈՒԽ 8.
ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ
Հոդված 14. Մամուլի գործունեության ծավալման մասին ծանուցելու կարգը
1.Մամուլի գործունեությունը սկսվում է ՀՀ Արդարադատության նախարարությունում դրա մասին ներկայացվող ծանուցմամբ:
2.Ներկայացված ծանուցումից հետո եռօրյա ժամկետում ծանուցումը չմերժվելու դեպքում Արդարադատության նախարարությունը համապատասղան անվամբ տպագիր մամուլին վկայական է տալիս, որից հետո տպագիր մամուլի հիմնադիրը կարող է սկսել իր գործունեությունը:
Հոդված 15 . Մամուլի գործունեության ծավալման մերժումը
1.Մամուլի գործունեությունը մերժվում է եթե `
ա) այդ անվամբ արդեն այլ տպագիր մամուլի հիմնադիր արդեն հայտ է ներկայացրել,
բ ) եթե այդ անվամբ այլ տպագիր մամուլի արդեն գործում է:
գ) եթե որպես հիմնադիր հանդես են գալիս նրանք, ովքեր սույն օրենքի հոդված 13-ի 2-րդ կետի համաձայն զրկված են այդ իրավունքից:
2. Այլ հիմքերով մամուլի գործունեության ծավալման մերժումը արգելվում է:
Հոդված 16. Ծանուցմանը առաջադրվող պահանջները
1.Ծանուցման մեջ նշվում են`
ա) տպագիր մամուլի անվանումը,
բ ) հիմնադրի կամ հիմնադիրների անունները, ազգանուները, հաշվառման հասցեն,
գ) խմբագրության հասցեն, հեռախոսահամարը,
դ) պարբերականի լեզուն, պարբերականությունը:
2. Ծանուցմանը այլ պահանջներ առաջադրելն արգելվում է:
ԳԼՈՒԽ 9.
ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ
Հոդված 16. Պետական եւ տեղական ինքանակառավարման մարմիններում հավատարմագրման կարգը.
1. Պետական եւ տեղական ինքանակառավարման մարմիններում հավատարմագրվում է
համապատասխան տպագիր մամուլը:
2. Պետական եւ տեղական ինքանակառավրման մարմիններում լրատվամիջոցների հավատարմագրման կարգի սահմանումը արգելվում է բացառությամբ`
ա) ՀՀ նախագահի,
բ) ՀՀ կառավարության,
գ) ՀՀ արտաքին գործերի նախարարության,
դ) ՀՀ պաշտպանության նախարարության,
ե) ՀՀ ազգային անվտանգության ծառայության.
զ ) ՀՀ Ոստիկանական ծառայության:
Այս մարմինների համապատասխան մարմիններում հավատարմագրում են տվյալ ԶԼՄ-ն, այլ ոչ թե տվյալ ԶԼՄ-ի տվյալ լրագրողին: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինների իրավասու ստորաբաժանումները կամ պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց կողմից իրականացվող միջոցառումների մասին տեղյակ պահել լրատվամիջոցներին առանց խտրականության:
ԳԼՈՒԽ 10.
ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 17. Տպագիր մամուլի գործունեությունը դադարեցման կարգը
Տպագիր մամուլի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե
ա) ծանուցումից հետո մեկ տարվա ընթացքում որեւէ համար չի հրապարակվել,
բ) հիմնադրի որոշմամբ,
գ) դատարանի վճռով պարբերաբար օրենքով արգելված նյութերի հրապարակման դեպքում,
դ) հիմնադրի լուծարման դեպքում, եթե հիմնադիրը քաղաքական կուսակցություն է, հասարակական կազմակերպություն իրավաբանական անձ:
ե) հիմնադրի մահվան դեպքում, եթե հիմնադիրը ֆիզիկական անձ է եւ օրենքով սահմանված կարգով հնարավոր չէ պարզել իրավահաջորդությունը:
ԳԼՈՒԽ 12.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Սույն օրենքը ուժի մեջ է մտնելը
1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո 15-օրյա ժամկետում:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց պահից ուժը կորցրած համարել 1991 թ. հոկտեմբերի 8-ին ընդունված «Մամուլի եւ այլ ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքը: