Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-385-25.11.2008-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի (2002 թվականի ապրիլի 16, ՀՕ-324) (այսուհետ` օրենք)  վերնագրում եւ ամբողջ տեքստում «եւ (կամ)» բառերը փոխարինել «եւ» բառով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Փոխպատվաստման պայմանները

Կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ մյուս բժշկական միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը եւ  առողջության վերականգնումը:

Արգելվում է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների եւ հյուսվածքների առուվաճառքը»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21 հոդվածով՝

«Հոդված 21 . Օրգանների եւ հյուսվածքների դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստր

Օրգանների եւ հյուսվածքների դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստրը ապահովում է սույն ոլորտում տեղեկատվական միասնական համակարգը, որտեղ գրանցվում են հետեւյալ տեղեկությունները.

ա) օրգանների եւ հյուսվածքների  փոխպատվաստման դեպքերը,

բ) օրգանների եւ հյուսվածքների դոնորների եւ ռեցիպիենտների վերաբերյալ տեղեկատվությունը,

գ) տեղեկատվություն անձանց վերաբերյալ, որոնք կենդանության օրոք հրաժարվել են հանդես գալ որպես դոնոր:

Օրգանների եւ հյուսվածքների դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման եւ օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Օրգանների եւ հյուսվածքների դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստրում գրանցված  տեղեկությունները հանդիսանում են բժշկական գաղտնիք եւ կարող են տրամադրվել փոխպատվաստման օրգանների եւ հյուսվածքների վերցմամբ, մշակմամբ եւ փոխպատվաստմամբ զբաղվող բժշկական հաստատություններին եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 7. Դիակային դոնորից օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը

Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ օրգանների եւ հյուսվածքների դոնոր:

Նրա որոշման  բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների համաձայնությամբ` հետեւյալ առաջնահերթությամբ.

1.ամուսին,

2.չափահաս երեխա,

3.ծնողներից մեկը,

4. հարազատ եղբայր կամ քույր,

5. հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:

Միեւնույն առաջնահերթությամբ մի քանի հարազատների առկայության դեպքում բավարար է նրանցից մեկի տեղեկացվածությունը եւ համաձայնությունը:

Յուրաքանչյուր ոք մահից հետո դոնոր հանդես գալու իր գրավոր անհամաձայնությունը լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով ներկայացնում է իր ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապեւտին, որը գրանցվում է նրա բժշկական փաստաթղթերում:

Անձի որոշման վերաբերյալ այդ տեղեկությունը ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապեւտը լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով փոխանցում է օրգանների եւ հյուսվածքների դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստրին:

Փոխպատվաստման նպատակով մինչեւ 18 տարեկան երեխաների կամ   օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ եւ հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով բնակչության շրջանում իրականացվում է տեղեկատվության տրամադրում` օրգանների եւ հյուսվածքների  փոխպատվաստման նշանակության, դոնորության նախապայմանների եւ փոխպատվաստմանն առնչվող այլ հարցերի շուրջ»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե»  եւ «զ» ենթակետերով`

ե) պատանդներ

զ) լրացել է քաղաքացու 65 տարին»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսուներորդ օրվանից: