Armenian ARMSCII Armenian
Կ-358-03.10.2013-ՍՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց, hանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի, պարգեւատրման, դրամական օգնության կազմակերպման եւ վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է`

1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող հետեւյալ անձանց վրա`

ա. քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց,

բ. հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց,

գ. քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի եւ խորհրդի անդամների,

դ. պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողները) կազմի եւ ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների,

2) hանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողներ:

2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների աշխատակազմերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդ որում, սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում եւ ժամանակահատվածում կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվաքանակի արտադրյալով:

5. Համապետական, Երեւանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի, իսկ հանձնաժողովի անդամները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 50 տոկոսի չափով: Մյուս ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը եւ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) զինծառայողներին տրվում է ամսական վարձատրություն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

1) հիմնական աշխատավարձ` (այսուհետ նաեւ` պաշտոնային դրույքաչափ), սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված բազային աշխատավարձի եւ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված գործակցի արտադրյալ.

2) լրացուցիչ աշխատավարձ՝ աշխատավարձի փոփոխական մաս, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ եւ, որի վճարումը պայմանավորված է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում թվարկված որեւէ պայմանի եւ(կամ) պայմանների առկայությամբ.

3) հավելում` սույն ենթակետում նշված պայմաններից որեւէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, աշխարհագրական միջավայրի, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում.

4) հավելավճար` սույն ենթակետում նշված պայմաններից որեւէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային եւ(կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում.

5) պարգեւատրում` միանվագ վճար, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման եւ(կամ) հատուկ առաջադրանքների եւ(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար.

6) բազային աշխատավարձ` պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող միավոր.

7) գործակից` պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն.

8) միեւնույն պաշտոն` պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նույն ենթախմբի պաշտոններ:

Հոդված 4. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքները

1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներն են`

1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը,

2) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը.

3) պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության ապահովումը.

4) հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հիմնավորված հարաբերակցությունների ապահովումը.

5) համարժեք աշխատանքի եւ փորձառության համար համարժեք վարձատրությունը.

6) ծառայության ընթացքում պետական ծառայողների ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտման խթանումը.

7) ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից կախված` պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության խտրականության բացառումը:

ԳԼՈՒԽ 2.
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 5. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը

1.Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի ութսուն տոկոսից եւ գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի հարյուր քսան տոկոսը:

3. Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:

4. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխությունն իրականացվում է բազային աշխատավարձի եւ(կամ) գործակիցների փոփոխության միջոցով` ըստ մասնագիտությունների եւ տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության հիման վրա, որն իրականացվում է երեք տարին մեկ անգամ եւ որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված վերլուծության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի չափը սահմանել` հիմք ընդունելով բազային աշխատավարձի եւ գործակցի մեծության մինչեւ 10 տոկոսը գերազանցող չափի արտադրյալը:

Հոդված 6. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի կառուցվածքը

1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է սույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից եւ պարգեւատրումներից։ Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները եւ հավելավճարները:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելիս, արտաժամյա եւ գիշերային աշխատանքների համար տրվող հավելումները հաշվարկվում են ֆինանսական տարվա կտրվածքով` պետական պաշտոն զբաղեցնող անձանց տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լրացուցիչ աշխատավարձի հաշվարկում չեն ներառվում աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելումները:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ:

Հոդված 7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները եւ դրանց հաշվարկման կարգը

1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային եւ հատուկ), ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ օտար լեզուների իմացության, աշխատանքային եւ(կամ) ծառայության ստաժի համար, պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների եւ կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ: Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի կամ կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի երեք տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի կամ կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերի: Ընդ որում, դասային աստիճան եւ կոչում ունեցող պետական պաշտոն զբաղեցնող անձինք հավելավճարներ են ստանում ինչպես դասային աստիճանի, այնպես էլ կոչման համար, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողներին տվյալ պաշտոնի համար նախատեսված կոչումից ավելի բարձր կոչում ունենալու դեպքում տրվում է հավելավճար պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով:

4. Քաղաքացիական ծառայողին տրվում է հավելավճար նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում:

5. Հարկային ծառայողին հավելավճարը տրվում է միայն առավել բարձր հավելավճար նախատեսող կոչման համար:

6. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում աշխատելու ժամանակահատվածում:

7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

Հոդված 8. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումները եւ դրանց չափը

1. Բարձր լեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում, որի չափը եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, աշխարհագրական միջավայրի, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված չափով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումների տրամադրման կարգն ու չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:

5. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների, պետական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված առանձնահատկությունները:

Գ Լ ՈՒ Խ 3
ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի N 1 հավելվածով։

Հոդված 10. Բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական եւ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական, քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի N 2 հավելվածով։

Հոդված 11. Ազգային ժողովի պատգամավորի փոխհատուցման վճարները

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար, յուրաքանչյուր տարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձի ֆոնդի հինգ տոկոսի չափով նախատեսվում են միջոցներ, որի բաշխման կարգը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանվող հավելավճարները

1. Սահմանադրական դատարանի նախագահին եւ անդամներին դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:

2. Սահմանադրական դատարանի նախագահին եւ անդամներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

Հոդված 13. Դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները

1. Դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար դատավորին վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:

2. Դատավորը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար` սույն օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

3. Դատավորներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

4. Դատարանում դատավորների թվի կրճատման կամ օրենքով նախատեսված` դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացման դեպքում դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակելիս նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում` հավելավճարները, բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքի, պահպանվում են` մինչեւ օրենքով սահմանված կարգով տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի չափի հավասարվելը նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձի չափին:

Հոդված 14. Դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները

1. Դատախազի պաշտոնում աշխատանքային ստաժի համար դատախազին վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:

2. Դատախազը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:

3. Դատախազներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի N 2 հավելվածով։

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողին վճարվում է հավելավճար՝ հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:

3. Հատուկ քննչական ծառայության ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

4. Հատուկ քննչական ծառայության ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Սույն օրենքի 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածներով, 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում հատուկ քննչական ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:

Հոդված 16. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների վարձատրությունը

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաեւ` զինծառայող), քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի ենթախմբի սանդղակում ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:

2. Պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են N 3 հավելվածով, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` N 4 հավելվածով, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներինը` N 5 հավելվածով:

3. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ մասերով, 20-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերով, 21-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ մասերով, 25-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության ծառայողների վրա:

4. Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում ծառայության հետ կապված վարձատրության այլ առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու դեպքում վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Գ Լ ՈՒ Խ 5
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետների վարձատրությունը

1. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետները հավելավճար են ստանում դիվանագիտական աստիճանի եւ օտար լեզվի իմացության համար: Օտար լեզվի իմացության համար հավելավճարի չափը եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

Գ Լ ՈՒ Խ 6
ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը

1. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված` նրա պաշտոնի ենթախմբի սանդղակում ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:

2. Պետական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար նախատեսված է հիմնական աշխատավարձի` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչեւ առավելագույնը հաշվարկելու սանդղակների աղյուսակ, որը ներառում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:

3. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է աշխատավարձի մակարդակներից, որոնցից յուրաքանչյուրում հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանվում է բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից:

Հոդված 19. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս

1. Առաջին անգամ պետական ծառայության պաշտոնում նշանակված անձը վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով (պաշտոնային դրույքաչափով):

2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաեւ արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված պետական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար դրույքաչափի առկայության դեպքում ստանում է վերջինիս նկատմամբ երկու միավոր ավելացում, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն դրույքաչափ:

3. Մրցույթի արդյունքով, ինչպես նաեւ արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված պետական ծառայողը ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ դրույքաչափ:

4. Վերակազմակերպման պահին վերակազմակերպվող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող՝ պետական ծառայող չհանդիսացող աշխատողներին պետական ծառայության պաշտոններում նշանակելիս պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե պետական ծառայության պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկին պաշտոնային դրույքաչափից: Սույն մասով սահմանված դեպքում հիմնական աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է սույն oրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության, կամ անվանափոխության կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հատուկ դեպքերում աշխատանքի պայմանների ժամանակավոր փոփոխման կամ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով կամ օրենքով սահմանված դեպքերում ռոտացիայի հիման վրա այլ պաշտոնի փոխադրման դեպքում, պահպանվում է պետական ծառայողի նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափի մակարդակը ավելի ցածր է: Սույն մասով սահմանված դեպքերում հիմնական աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Օրենքով նախատեսված դեպքում կադրերի ռեզերվից (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի) պետական ծառայության ժամանակավորապես թափուր` նույն կամ ավելի ցածր ենթախմբի պաշտոն զբաղեցնելու դեպքում պետական ծառայողը ստանում է հիմնական աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ: Օրենքով նախատեսված դեպքում կադրերի ռեզերվից (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի) պետական ծառայության ժամանակավորապես թափուր` ավելի բարձր ենթախմբի պաշտոն զբաղեցնելու դեպքում անձը ստանում է հիմնական աշխատավարձի համապատասխան սանդղակում նվազագույն դրույքաչափ, եթե նոր սանդղակում իր նախորդ դրույքաչափին համապատասխանող գործակից չկա:

Հոդված 20. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

1. Պետական ծառայության միեւնույն պաշտոնում պետական ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի` պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ` աշխատավարձի համապատասխան սանդղակի պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը, եթե պետական ծառայողի միեւնույն պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը:

2. Պետական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում պետական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

3. Պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը կամ եթե պետական ծառայության ստաժի ընդմիջման ընթացքում պետական ծառայողն անընդմեջ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված համայնքային ծառայության պաշտոն: Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում:

4. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն, հետեւյալ սխեմայով.

1) հիմնական աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում տարին մեկ անգամ.

2) հիմնական աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.

3) հիմնական աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.

4) հիմնական աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ:

5. Տվյալ պաշտոնում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է պետական ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ: Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հերթական միավոր ավելացման ժամանակ հաշվի են առնվում նաեւ նրանց ծառայողական գործունեության գնահատման արդյունքները:

6. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի հերթական միավոր ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան:

Հոդված 21. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի աճի կասեցումը եւ հիմնական աշխատավարձի իջեցումը

1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն հերթական միավոր ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե՝

1) նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկի եզրակացությունը բացասական է, կամ

2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքներից մեկը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից:

2. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող պետական ծառայողի հիմնական աշխատավարձը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ միավորով, եթե`

1) նախորդ տարվա ընթացքում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող պետական ծառայողի ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվություններն էլ գնահատվել են բացասական եզրակացությամբ եւ եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց, կամ

2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքները ցածր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից եւ եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց:

3. Հայաստանի Հանրապետության օրենքներով, որպես կարգապահական տույժի տեսակներ, կարող են սահմանվել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող պետական ծառայողի աշխատավարձի իջեցման այլ դեպքեր:

Հոդված 22. Պետական ծառայողների պարգեւատրման աղբյուրները, չափերը եւ կարգը

1. Պետական ծառայողների պարգեւատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Տվյալ մարմնի նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգեւատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը:

2. Պետական ծառայության մարմինների համար պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով:

3. Յուրաքանչյուր մարմնի համար պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի պետական ծառայողների` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:

4. Յուրաքանչյուր մարմնի համար պարգեւատրման ֆոնդը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի:

5. Պետական ծառայողի պարգեւատրման չափը հաշվարկվում է նրա հիմնական աշխատավարձի նկատմամբ:

6. Տվյալ մարմնում երկու կիսամյակային կամ տվյալ մարմնում առնվազն փաստացի աշխատած վեց ամիսների համար ներկայացված հաշվետվությունների հիման վրա, պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից պետական ծառայողի պարգեւատրման չափը հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով պետական ծառայողի անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը: Փաստացի աշխատած վեց կամ ավելի ամիսների համար պարգեւատրումը տրվում է աշխատած ամիսներին համամասնորեն:

7. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող պետական ծառայողը պարգեւատրում չի ստանում, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկը գնահատվել է բացասական կամ պարգեւատրում տալու վերաբերյալ որոշում ընդունելու պահին չի հանդիսանում պետական ծառայող:

8. Կիսամյակային հաշվետվության հիման վրա պարգեւատրումը, պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից, առաջին կիսամյակի համար տրվում է մինչեւ հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 10-ը:

9. Պետական ծառայողի կատարողականի հիման վրա պարգեւատրումը պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից վճարվում է այն մարմնից, որտեղ պետական ծառայողի կատարողականը գնահատվել է դրական: Պետական ծառայողի կատարողականի հիման վրա պարգեւատրման եւ դրա հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Պետական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների եւ(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգեւատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, եւ(կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներից եւ (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

11. Պետական ծառայողը հատուկ առաջադրանքների եւ(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգեւատրվում է իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի հայեցողությամբ:

Գ Լ ՈՒ Խ 7.
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 23. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնությունը

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության եւ սոցիալական այլ երաշխիքների տրամադրման հետ կապված եւ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

2. Փրկարար ծառայության ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամին դրամական օգնության տրամադրումն իրականացվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 24. Պետական այլ ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը եւ պայմանները

1. Պետական ծառայողին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն հետեւյալ դեպքերում`

1) պետական ծառայողի ամուսնության,

2) տարերային աղետի հետեւանքով պետական ծառայողին վնաս պատճառելու,

3) պետական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատեւ հիվանդության,

4) պետական ծառայողի ընտանիքի անդամի մահվան:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում միանվագ դրամական օգնությունը պետական ծառայողին կարող է տրվել պետական ծառայողի մինչեւ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:

3. Պետական ծառայողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` պետական ծառայողի վերջին պաշտոնի համար սահմանված մինչեւ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:

4. Դրամական օգնությունը կարող է տրվել պետական ծառայողի (նրա մահվան դեպքում ընտանիքի անդամների) դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ օրենքով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից` աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների առկայության դեպքում:

5. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում պետական ծառայողների համար կարող են սահմանվել դրամական օգնության այլ դեպքեր եւ պայմաններ:

Հոդված 25. Պետական այլ ծառայողներին տրամադրվող արտոնությունները եւ փոխհատուցումները

1. Պետական ծառայողներին տրամադրվում են հետեւյալ արտոնությունները`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման եւ պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում պետական ծառայողի աշխատավարձը պահպանվում է.

2) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը.

3) հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական ծառայողին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում՝ միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն.

4) համապետական, Երեւանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են, ընդ որում այդ ժամանակահատվածի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների եւ մյուս աշխատողների պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ծախսերում.

5) առանձին ծախսերի փոխհատուցումները (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ եւ այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:

Հոդված 26. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցիալական փաթեթը

1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջության ապահովագրության, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման նպատակով տրամադրվում է սոցիալական փաթեթ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

Գ Լ ՈՒ Խ 8.
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 27. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը

1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը վճարվում է ամսական առնվազն մեկ անգամ` մինչեւ հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության եւ դրամական օգնության, աշխատանքից ազատման, մահվան դեպքերում վարձատրության, աշխատաժամանակի հաշվարկի, արտաժամյա, գիշերային, հանգստյան, տոներին եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքի, պարապուրդի, ինչպես նաեւ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում վարձատրության հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:

3. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:

4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում, օրենքով սահմանված դեպքում եւ կարգով պետական ծառայողը ստանում է վարձատրություն:

Հոդված 28. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը

1. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից պաշտոն զբաղեցնող անձի) վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխան սանդղակի առաջին մակարդակին համապատասխանող պաշտոնային դրույքաչափով:

Հոդված 29. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության եւ դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները

1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` յուրաքանչյուր մարմնի համար նախատեսված միջոցներից:

2. Պետական ծառայողների միանվագ դրամական օգնության ֆինանսավորումն իրականացվում է աշխատավարձի եւ դրան հավասարեցված միջոցների խնայողությունների հաշվին:

3. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից:

Գ Լ ՈՒ Խ 9
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈԻԹՅՈՒՆԸ

Հոդված 30. Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրությունը

1. Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի N 2 հավելվածով:

2. Օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման համար հիմք են ընդունվում հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների` սույն օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափերը:

Գ Լ ՈՒ Խ 10.
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենսդրությունը խախտելու համար

1. Պետական ծառայողների վարձատրության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Պետական ծառայողների վարձատրության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ 11.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Պետական ծառայողների աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից պետական պաշտոն զբաղեցնող անձին նշանակվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափ:

2. Սույն օրենքով սահմանված` վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձի չափի նվազեցման, բացառությամբ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնի փոփոխման եւ կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու դեպքերի: Ընդ որում, սույն մասով նախատեսված պայմանը զինծառայողների համար կիրառելու դեպքում հիմնական աշխատավարձ է հանդիսանում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը զինծառայողներին տրվող պաշտոնային դրույքաչափի, զինվորական կոչման դրույքաչափի, զինծառայողի ստաժի համար դրույքաչափի, պարենի փոխհատուցման գումարի, քսան օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող եւ զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողներին տրվող ամսական հավելումների հանրագումարը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը վարձատրվում է իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի համար սահմանված առավելագույն դրույքաչափը:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի գործող պաշտոնային դրույքաչափը սույն օրենքով սահմանված` տվյալ պետական պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնային դրույքաչափից բարձր լինելու դեպքում, պահպանվում է պետական ծառայողի գործող` առավել բարձր պաշտոնային դրույքաչափը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի աճը կասեցվում է` մինչեւ տվյալ պաշտոնում նրա գործող պաշտոնային դրույքաչափին հավասար պաշտոնային դրույքաչափ ստանալու իրավունքի ձեռքբերումը, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը գերազանցում է սույն օրենքով սահմանված չափերը:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելու դեպքում, լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է: Սույն մասով սահմանված դեպքում լրացուցիչ աշխատավարձը կարող է աճել միայն տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի ավելացման դեպքում` հիմնական աշխատավարձի 30 տոկոսը չգերազանցելու պայմանով: Սույն մասով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների լրացուցիչ աշխատավարձի աճի հետ կապված հարաբերությունների վրա:

7. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկվում են բազային աշխատավարձի եւ սույն օրենքի համապատասխան հավելվածով սահմանված` տվյալ պաշտոնն ընդգրկող սանդղակի համապատասխան գործակցի միջոցով:

8. Դասային աստիճանի համար սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավելավճարը դատավորին տրվում է այն դեպքում, երբ նրա պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված վարձատրության նոր համակարգին համապատասխան:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատարանում դատավորների թվի կրճատման կամ օրենքով նախատեսված` դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացման դեպքում դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակելիս պահպանվում է նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, բացառությամբ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարանի նախագահի պաշտոնի համար ստացած հավելավճարների:

10. Աշխատավարձի բնականոն աճի հաշվարկի համար, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին տվյալ պաշտոնում պետական ծառայողի ստաժը հաշվարկվում է` հաշվի առնելով տվյալ պաշտոնում պետական ծառայողի աշխատանքի ողջ ժամանակահատվածը:

Հոդված 33. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դրույթները գործում են միայն քաղաքացիական, հարկային, մաքսային, դատական ծառայողների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմերում պետական ծառայողների նկատմամբ, ընդ որում 2014 թվականի հուլիսի 1-ից քաղաքացիական, հարկային, մաքսային, դատական ծառայողների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմերում պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդը յուրաքանչյուր մարմնի համար կկազմի տվյալ մարմնի` պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի 5 տոկոսը: Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթները գործում են միայն քաղաքացիական, դատական ծառայողների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմերում պետական ծառայողների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ: Պետական բոլոր ծառայողների համար սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթները կգործեն 2015 թվականի հունվարի 1-ից: Պետական բոլոր ծառայողների համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դրույթները կգործեն 2015 թվականի հունվարի 1-ից:

3. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու oրվանից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-505-Ն oրենքը, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-409-Ն օրենքը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերն ենթակա են համապատասխանեցման սույն օրենքով սահմանված դրույթներին: Մինչ այլ նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը, դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքով սահմանված պահանջներին:

5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների եւ քրեակատարողական, փրկարար ծառայության ծառայողների պաշտոնների անվանումներն ու պաշտոնների նկարագրերը պետք է համապատասխանեցվեն սույն օրենքի համապատասխանաբար N4 եւ N5 հավելվածներով սահմանված դասակարգմանը:

N 1 հավելված

N 2 հավելված

N 3 հավելված

N 4 հավելված

N 5 հավելված

N 6 հավելված

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


1. Անհրաժեշտությունը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի եւ դրանից բխող մի շարք օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նաեւ Փաթեթ) մշակվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական եւ արդարացի համակարգ ներդնելու, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակում, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիություն ապահովելու, ինչպես նաեւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության սկզբունքները, նրանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի,պարգեւատրման, դրամական օգնության կազմակերպման եւ վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ կանոնակարգելու նպատակով։

Փաթեթում ներառված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություններով նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացում` 2014-2016թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին համապատասխան:

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգի ներդրման, վարձատրության հետ կապված հարաբերությունների ամբողջական կանոնակարգման նպատակով, ինչպես նաեւ այդ շրջանակներում հիմնական աշխատավարձերի սահմանման ճկունությունը ապահովելու համար Փաթեթով առաջարկված է վերացնել պետական եւ համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնող պետական մասնագիտացված կազմակերպությունների աշխատողների հիմնական աշխատավարձերի ուղղակի կապը նվազագույն աշխատավարձի հետ: Հետեւաբար, համապատասխան փոփոխություններ են նախատեսված «Նախադպրոցական կրթության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում։

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է հարկային պետական ծառայության, մաքսային պետական մարմնի եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի՝խրախուսման եւ զարգացման ֆոնդի հետ կապված հարաբերությունները, ֆոնդի միջոցների ձեւավորմանը եւ ծախսմանը ներկայացվող հիմնական պահանջները:

Հարկ է նկատի ունենալ, որ սոցիալական ապահովության ոլորտի միջոցով իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի հիմնական մասը: Սակայն, ոլորտի պահպանման ծախսերը եւ աշխատավարձի ֆոնդը բավարար չեն ոլորտի արդյունավետ կառավարումն իրականացնելու, կառավարման համակարգի շարունակական կատարելագործումն ապահովելու համար:

Արդյունքում, չնայած վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, սոցիալական ապահովության ոլորտում դեռեւս պահպանվում են կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ՝ բավարար մակարդակի վրա չէ շահառուներին մատուցվող ծառայությունների որակը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Փաթեթով առաջարկվում է նաեւ ներդնել պետական կենսաթոշակային համակարգի խրախուսման եւ զարգացման ֆոնդ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

2002 թվականին Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց պետական ծառայության համակարգը, որին զուգընթաց պետական հատվածում ձեւավորվեցին աշխատանքի վարձատրության համակարգեր։

Հիմնական աշխատավարձի որոշման համար ներդրվեցին աշխատավարձի տարիֆային համակարգեր` պաշտոնների դասակարգմամբ եւ յուրաքանչյուր պաշտոնի համար պաշտոնային դրույքաչափի սահմանմամբ` հաշվի առնելով յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված պարտականությունների եւ պատասխանատվության շրջանակը: Ծառայությունների հիմնական մասում տարիֆային համակարգը ներդրվեց սանդղակների տեսքով, մյուս մասում` յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանվեցին նվազագույն եւ առավելագույն դրույքաչափեր, իսկ երրորդ խմբում` պաշտոնային դրույքաչափերը սահմանվեցին որեւէ ելակետային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ:

Բարեփոխումների առաջին փուլում հիմնականում պահպանվում էին աշխատանքի կազմակերպման գիտափորձնական մոտեցումները: Սակայն բարեփոխումների հետագա ընթացքում, երբ բացակայում էր առկա խնդիրների լուծման ուղղությամբ միասնական մոտեցումը, որոշակի ծառայությունների այս կամ այն հիմքով կարեւորման արդյունքում, խախտելով աշխատավարձի միասնական համակարգի ապահովման հիմնական սկզբունքները, աստիճանաբար խարխլվեց ներդրված համակարգը: Արդյունքում, պարտականությունների ավելի նեղ շրջանակ եւ պատասխանատվության ավելի ցածր մակարդակ ունեցող պաշտոնյաների համար սահմանվեցին ավելի բարձր աշխատավարձեր, որն էլ առաջ բերեց համակարգային հետեւյալ խնդիրները.

Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին տնտեսությունում առկա գնաճը նվազագույնի հասցրեց համակարգում աշխատողների աշխատավարձի հիմնական գործառույթներից մեկի` վերարտադրողական գործառույթի դերը:

Ներկա կարգավորման պարագայում, պետական կառավարման տարբեր ոլորտներում աշխատավարձերի համակարգերի ներդրմանը զուգընթաց, բյուջետային ոլորտի մյուս ճյուղերում եւս սահմանվում են աշխատավարձերի որոշման մեխանիզմներ, որոնց հիմքում, որպես կողմնորոշիչ` ընդունվում է նվազագույն աշխատավարձը։ Աշխատավարձերի որոշարկման այս կանոնակարգումներն իրականում ավելի շատ դրսեւորում են աշխատողների համար բարեկեցիչ աշխատավարձեր սահմանելու մոտեցումներ, քան աշխատավարձի որոշման մեխանիզմներ։

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, պետական պաշտոն զբաղեցնողների աշխատավարձերի աստիճանական բարձրացումը ՀՀ կառավարությունը համարում է որպես կարեւորագույն նախապայման երկրում իրականացվող բարեփոխումների եւ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով:

Փաթեթի ընդունմամբ նախատեսվում է պետական պաշտոնյաների եւ ծառայողների համար ներդնել աշխատավարձերի միասնական սանդղակներ, միեւնույն ժամանակ, համադրելի դարձնել տարբեր համակարգերում աշխատողների աշխատավարձի չափերը՝ աստիճանաբար վերացնելով դրանց միջեւ տարիների ընթացքում առաջացած չհիմնավորված անհամամասնությունները: Այդ ճշգրտման ընթացքում կպահպանվեն գործող աշխատավարձերը. եթե աշխատողի նոր համակարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը ցածր է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը: Հաշվարկների համաձայն, այս մեխանիզմով 5 տարվա ընթացքում միասնական համակարգը լիարժեք կսկսի գործել, այսինքն՝ բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց փոփոխվող սանդղակի աճերով:

Միեւնույն ժամանակ, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, կբարձրանան նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանմասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված` պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը, որը համարվում է որպես կարեւորագույն նախապայման երկրում իրականացվող բարեփոխումների եւ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով:

Աշխատավարձերի բարձրացումից զատ, պետության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթը նախատեսվում է տրամադրել նաեւ պետական պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց:

Հաշվի առնելով առաջիկա տարիների համար ծրագրված նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որը կնպաստի նվազագույն աշխատավարձի հիմնական գործառույթների վերականգնմանը, նախագծով նախատեսվում է անջատել որոշ ոլորտներում աշխատավարձի հետ առկա անուղղակի կապերը։

4. Ակնկալվող արդյունքը

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է պետական կառավարման բոլոր ճյուղերում բարձրացնել աշխատանքի եւ մատուցվող ծառայությունների որակը, աշխատավարձի մակարդակը` միաժամանակ ապահովելով կադրային ներուժի հետեւողական ամրապնդում (մասնագիտական որակավորման պահանջների բարձրացում, որակյալ մասնագետների ներգրավում), ինչպես նաեւ աշխատավարձերի առաջարկվող բարձրացմամբ մասնավոր հատվածի նկատմամբ մրցունակության ապահովում:

Փաթեթն ընդունվելու դեպքում, սկսած 2014 թվականի հունվարի 1-ից, կսահմանվի սոցիալական ապահովության ոլորտի խրախուսման եւ զարգացման ֆոնդ:

Խրախուսման եւ զարգացման ֆոնդի առկայությունը էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կնպաստի սոցիալական ապահովության ոլորտի կառավարման համակարգի արդյունավետությանն ու ենթակառուցվածքների զարգացմանը, շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը՝ ապահովելով սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացմանը:

Փաթեթն ընդունվելուց հետո կմշակվեն եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվեն Փաթեթի կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նախապես հաստատվող օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկին համապատասխան։