ՀՈԴՎԱԾ 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվական, այսուհետ` օրենսգիրք)` 65-րդ հոդվածի վերնագրում եւ դիսպոզիցիայում «խախտելը» բառերից հետո լրացնել «, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածում`
1. 1-ին մասի սանկցիայում «քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով» բառերով,
2. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 3 Օրենսգիրքը լրացնել 81.1. 81.2. եւ 84.1 հոդվածներով` հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 81.1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՔԱՆԴՎՈՂ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՇՈՒ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ
Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար չջրելը (խոնավ չպահելը) կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը կամ սորուն նյութերը փակ տարածքներում չպահեստավորելը եւ անթափանց թաղանթով չծածկելը կամ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 81.2. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ սորուն նյութերի եւ շինարարական աղբի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների կամ համայնքի ղեկավրի կողմից սահմանված երթուղով շինարարական աղբը չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 84.1. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԱՓՈՒՄՆԵՐ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՉԱՓՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԵԼԸ
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ կատարելու լիցենզա ունեցող կազմակերպությունների կողմից առանց չափումներ իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոն տրամադրելը կամ չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 87-րդ հոդվածի`
1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ »
2. դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումները վերացնելու մասին բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող անձանց հանձնարարականները չկատարելը` »:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգիրքը լրացնել 169.19. հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 169.19. «ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՎԱԾ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ - ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», կամ «Թափոնների առաջացման, օգտագործման եւ հեռացման մասին», կամ «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից սահմանված ժամկետներում եւ կարգով բնապահպանական մարմնին չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «801 -87-րդ» թվերը փոխարինել «80.1, 81, 81.1,81.2, 82-87» թվերով, իսկ «16915 » թիվը փոխարինել «169.4. եւ 169.19.» թվերով:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
Իրավական ակտի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ.
1. Շինարարական աշխատանքների իրականացման դեպքում շրջակա միջավայրի պահպանության նպատակով ամրագրված սահմանափակումները տարածվում են միայն իրավաբանական անձանց վրա, մինչդեռ շինարարական աշխատանքներով եւ աղբի տեղափոխմամբ զբաղվում են նաեւ ֆիզիկական անձինք, որոնց համար նման սահմանափակումների տարածումը եւս պետք է հանդիսանա պարտադիր պահանջ, եւ
2. ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու իրավասություն ունեցող լիցենզառու կազմակերպություններն իրենց գործունեության ժամանակ հաճախ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության եւ (կամ) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների համապատասխանության կտրոնները տրում են առանց չափումների իրականացման կամ չափման կարգի պայմանների ու պահանջների չպահպանմամբ, որն անհրաժեշտ է դիտել որպես մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրության խախտում:
1-ին հոդվածի ընդունման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ՀՀ անտառային տարածքներից կամ այլ վայրերից ապօրինի ձեռք բերված անտառանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված իրավական նորմի բացակայությունը զգալիորեն նպաստում է ապօրինի փայտանյութի անարգել տեղափոխմանը եւ նման փոփոխությունը կնպաստի ապօրինի անտառհատումների ծավալների կրճատմանը, իսկ 2-րդ հոդվածի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող պատժամիջոցի փոքր չափերը չեն ապահովում իրավախախտումների թվի նվազեցմանը:
3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ լրացումները պայմանավորված են «Մթնոլորտային օդի պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի ապրիլի 10-ին ընդունված ՀՀ օրենքով ամրագրված շինարարական աշխատանքների կատարման դեպքում մթնոլորտի պահպանության պահանջների կատարումն ապահովելու համար վարչական վարույթի իրականացմամբ, իսկ 3-րդ լրացումը` 2005թվականի մայիսի 5-ին ընդունված «Մթնոլորտային օդի պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 181 հոդվածում նշվող պահանջների կատարման նկատմամբ պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությամբ:
4-րդ հոդվածի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բնապահպանական օրենսդրության պահանջների համար վերահսկողություն իրականացնող մարմնի տված հանձնարարականի չկատարումը ենթակա է պատասխանատվության ոչ միայն մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման դեպքում (ինչպես ամրագրված է օրենսգրքում), այլ նաեւ բնապահպանական մնացած ոլորտները կարգավորող օրենքների պահանջների չկատարման դեպքերում:
5-րդ հոդվածի անհրաժեշտությունը բխում է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես գերատեսչական նորմատիվ ակտ 2002 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 10502244 ( Ձեւ 2 ՏԱ-օդ) (Տարեկան), 10502243 ( Ձեւ N1- Թափոն (Տարեկան), 10502245 (2 -ՏԱ (ՋՐՏՆՏ) (Տարեկան) պետական գրանցում ստացած հաշվետվային ձեւերը, «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 15-րդ եւ 17-րդ հոդվածները, ինչպես նաեւ «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը: Հոդվածի ընդունումը կապահովի նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՀՀ օրենսդրության եւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը` հավաստի եւ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, տրամադրման եւ հիշյալ ոլորտում վիճակագրության վարման համար:
6-րդ հոդվածի ընդունման անհրաժեշտությունը բխում է բնապահպանական օրենքների պահանջներին համապատասխան բնապահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից վարչական իրավախախտումների գործերի վարույթ իրականացնելու համար իրավունք տվող համապատասխան հոդվածների ամրագրմամբ ու ճշգրտմամբ: