Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4021-05.12.2008-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ռազմական ոստիկանության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-13-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն հոդվածով նախատեսված լիազորություններն իրականացնելիս ռազմական ոստիկանությունն իրավունք ունի անցկացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օրենքով իր իրավասությանը վերապահված շրջանակներում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն ռազմական ոստիկանությունը հանդիսանում է հետաքննության մարմին, եւ նրան իրավունք է վերապահված համապատասխան հանցագործությունները կանխելու ու խափանելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

2007 թվականի նոյմեբերի հոկտեմբերի 22-ին ընդունված «Օպերատիվ-հետախուզական գործության մասին» ՀՀ օրենքում ռազմական ոստիկանությունը որպես այդ գործունեությունն իրականացնող մարմին նշված չէ, որով էլ խոչընդոտ է ստեղծվում «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ռազմական ոստիկանության առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենքների նախագծով առաջարկվում է ռազմական ոստիկանությանը վերապահել օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն:

2. Կարգավորման առարկան

Օրենքների նախագծերով առաջարկվում է «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքով ռազմական ոստիկանությանը վերապահել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն, իսկ «Օպերատիվ-հետախուզական

գործության մասին» ՀՀ օրենքում ռազմական ոստիկանությանն ընդգրկել օպերատիվ-  հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող մարմինների ցանկում:

3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ռազմական ոստիկանությանը՝ որպես հետաքննության մարմնի, առավել արդյունավետ լուծել օրենքով իր առջեւ դրված խնդիրները: