Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է.
1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած զանգվածային բռնություններն ու սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
1988-1992 թվականներին Ադրբեջանի բոլոր եւ Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների գործողությունները` ուղղված տեղի հայ բնակչության նկատմամբ բացահայտ ցեղասպանության ակտեր էին, որովհետեւ այդ ամենն ուներ հայ տարրի ոչնչացման բացահայտ ծրագիր:
Հայ բնակչության նկատմամբ կատարվում էին զանգվածային բռնություններ, իրականացվում էր բռնի տեղահանություն, որոնք ուղեկցվում էին դաժան սպանություններով, ինչի արդյունքում զոհվեցին ու վիրավորվեցին հազարավոր անմեղ հայեր` կանայք, երեխաներ, ծերեր, հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձան գաղթական ու մնացին անօթեւան:
Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծած այս բռնությունները, համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի ենթարկելու մասին» կոնվենցիայի դրույթների, բացառապես ցեղասպանական ակտեր էին: Սույն կոնվենցիայի երկրորդ հոդվածում ամրագրված է հետեւյալ դրույթը. «Որպես ցեղասպանություն հասկանում ենք այն գործողությունները, որոնք կատարվել են որեւէ ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի, որպես այդպիսին, մասնակի կամ լրիվ ոչնչացման նպատակով»: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրագործած բռնությունները համապատասխանում են վերոհիշյալ հոդվածի կետերին, որոնց համաձայն ցեղասպանություն է.
ա) այդպիսի խմբի անդամների սպանությունը.
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան բռնություններ տեղի հայ բնակչության նկատմամբ, որին զոհ գնացին տասնյակ հայեր, որոնց մեծ մասը ողջակիզվել են խոշտանգումներից ու կտտանքներից հետո (նրանցից հայտնի են միայն 30-ը` չնայած ուսումնասիրողների կարծիքով նրանց թիվը շատ ավելի մեծ է): Այս` նախօրոք ծրագրված սպանությունները պայմանավորված էին միայն նրանց էթնիկ պատկանելությամբ: Երկու տարի անց` 1990թ. հունվարի 13-19-ը, Բաքվում նույնպիսի դաժանությամբ սպանվեցին հարյուրավոր հայեր(որոշ տվյալներով` մինչեւ 400): 1992թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում Ադրբեջանի զինված ստորաբաժանումներն իրագործեցին գյուղում մնացած տեղի խաղաղ հայ բնակչության անխնա ոչնչացում, որտեղ զոհվածների թիվը հասնում էր 57-ի` գերակշիռ մասը կանայք, երեխաներ, ծերեր, որոնց անդամահատել, անարգել, վառել են, ինչպես մինչեւ մահը, այնպես էլ մահից հետո: Ադրբեջանի ագրեսիայի անմեղ զոհերի վիճակագրության ոչ ամբողջական պատկերը հետեւյալն է. Մարտակերտի շրջան` 417, Մարտունու` 239, Հադրութի շրջան` 167, Ասկերանի շրջան` 149, Շահումյանի շրջան` 84, Շուշիի շրջան` 37: Այս զոհերի մեջ կային բազմաթիվ կանայք եւ երեխաներ:
բ) այդպիսի խմբի անդամներին մարմնական վնասվածքներ կամ մտավոր խանգարումներ հասցնելը.
1990թ. Բաքվի ողբերգական դեպքերի ժամանակ փողոցներում, աշխատատեղերում, տներում, հասարակական տրանսպորտում դաժանաբար ծեծի են ենթարկվել եւ մարմնական վնասվածքներ ստացել բազմաթիվ հայեր: Նրանցից շատերը հետագայում մահացել են հիվանդանոցներում: Կիրառվել են նաեւ հոգեբանական-ահաբեկչական գործողություններ:
1988թ. Սումգայիթում հայերը ֆիզիակակն դաժան հաշվեհարդարի, ծեծի ու բռնությունների են ենթարկվել, որոնցից հարյուրավորները դարձել են հաշմանդամ:
1988թ. փետրվարի 22-ին մի քանի հազար ադրբեջանցիներ, Ադրբեջանական իշխանությունների համաձայնությամբ, կարգ հաստատելու պատրվակով ներխուժում են Ասկերանի քաղաք եւ դաժան հաշվերհարդար տեսնում հայ բնակչության նկատմամբ, որն ուղեկցվում է թալանով ու կողոպուտով. արդյունքում մի քանի տասնյակ հայեր մարմնական ծանր վնասվածքներ են ստանում:
գ) որեւէ խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծումը, որոնք նպատակամղված են այդպիսի խմբի լիովին կամ մասնակի ոչնչացմանը.
1991թ. մայիսի 13-ից մինչեւ հուլիսի վերջը ադրբեջանական ՕՄՕՆ-ը (ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ) իրականացրեց «Օղակ» օպերացիան, որի արդյունքում բռնագաղթի ենթարկվեց Խանլարի, Շահումյանի, Հադրութի, Շամխորի, Ղազախի, Գետաբեկի շրջանների հայ բնակչությունը, ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ: 1989թ. ավարտվեց հայերի բռնագաղթը Գանձակից, ուր 1988թ. դրությամբ ապրում էր 45000 հայ: 1990թ. Բաքվից (1988թ. սկզբին այնտեղ բնակվում էր շուրջ 240 հազար հայ) «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով օպերացիայի մի քանի ամիսների ընթացքում ՕՄՕՆ-ը խուզարկություններ է իրականացրել, բռնություններ գործադրել, թալանել ու ծեծել է խաղաղ հայ բնակչությանը, ոչնչացրել նրանց ունեցվածքը, ինչպես նաեւ սպանել բազմաթիվ քաղաքացիների: Այս ամենն ուղեկցվել է տների հրկիզմամբ, գնդակոծությամբ: Այդ տարիներին Ստեփանակերտի եւ մյուս հայկական խաղաղ բնակավայրերի դեմ օգտագործել են մասսայական ոչնչացման զենքեր` «Գրադ» կայանքներ, օդային ռմբակոծիչներ եւ այլն: Այս գործողություններն ուղեկցվել են կենսապահովման օբյեկտների ոչնչացմամբ, շրջափակմամբ: 1991թ. մայիսի 15-ին Հադրութի շրջանի Սպիտակաշեն գյուղի մերձակայքում ՕՄՕՆ-ի ստորաբաժանումներից բաղկացած դեսանտ է իջեցվել ուղղաթիռներից, որը գնուղն ամբողջությամբ բռնագաղթի է ենթարկել: Այն ուղեկցվել է զանգվածային թալանով եւ հրկիզումներով: 1992թ. մայիսի 8-26-ը ադրբեջանական ուղղաթիռները գնդակոծում էին հայկական գյուղերը` Մարաղա, Շոշ, Էրքեջ, Մանաշիդ, Վերիշեն, Դահրավ եւ այլն, ինչի արդյունքում բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին եւ վիրավորվեցին, իսկ շատերն էլ արտագաղթեցին:
Ամկախ այն հանգամանքից ցեղասպանությունը կատարվել է խաղաղ, թե պատերազմական իրավիճակում` այն հանցագործություն է, որովհետեւ համաձայն վերոհիշյալ կոնվենցիայի 1-ին հոդվածի, «ցեղասպանությունը, անկախ նրանից, իրականացվել է խաղաղ, թե պատերազմական ժամանակ, հանցագործություն է»:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը մի շարք որոշումներով արդեն իսկ դատապարտել է այդ բռնությունները, մասնավորապես.
ա) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի` «Ադրբեջանական ՍՍՀ Սումգայիթ քաղաքում կատարված ոճրագործությունները դատապարտելու մասին» որոշումը:
բ) Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի` «Ադրբեջանական ԽՍՀ-ում, ԼՂԻՄ-ում, Հայկական ԽՍՀ սահմանային շրջաններում հայ ազգաբնակչության եւ խորհրդային բանակում հայազգի զինծառայողների անվտանգության ապահովման խնդիրների մասին» որոշումը:
Վերոնշյալ որոշման մեջ արդեն իսկ օգտագործվում է ցեղասպանություն եզրույթը. «Ադրբեջանական ԽՍՀ կառավարությունը հրաժարվում է Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանության ակտի, Շուշիում,Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանական ԽՍՀ մյուս քաղաքներում ու շրջաններում ջարդերի եւ սպանությունների քաղաքական ու իրավական որակավորումից»:
գ) Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի` «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում իրադրությունը նորմալացնելու միջոցառումների մասին, ԽՍՀՄ Գերագուն խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 28-ի որոշման մասին» որոշումը,
Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ այսպիսի եղեռնագործությունների կանխման հրամայականից, որոնք իրենց դրսեւորումն են ստանում նունյիսկ ներկայումս. Նախիջեւանում հայկակն խաչքարերի ոչնչացման եւ Բուդապեշտում հայ սպա Գուգեն Մարգարյանի գազանաբար սպանության տեսքով: