«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՀՕ-9-Ն օրենքում (այսուհետ` օրենք) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
Հոդված 1.
Օրենքի 9-րդ հոդվածում.
1. 2-րդ մասի «բ)» կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին` մահվան ակտի գրառման վերաբերյալ.».
2. 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Վկայականների կրկնօրինակներ չեն տրամադրվում դադարած ամուսնության եւ մահացածի վերաբերյալ (բացի մահվան գրանցումից), ինչպես նաեւ անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցումներից: Շահագրգիռ անձանց դիմումով ՔԿԱԳ մարմինը տրամադրում է փաստաթուղթ, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները:»:
Հոդված 2.
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «գտնելու վայրի» բառերից հետո լրացնել «կամ երեխայի բնակության վայրի» բառերով:
Հոդված 3.
Օրենքի 32-րդ հոդվածը «վայրի» բառից հետո լրացնել «կամ ամուսնության պետական գրանցման վայրի» բառերով:
Հոդված 4
. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում «Ամուսիններից մեկի» բառերից հետո լրացնել «կամ նրա կողմից լիազորված անձի» բառերով, իսկ 3-րդ մասում «ամուսնու պարտադիր» բառերը հանել, իսկ «ցանկացող» բառից հետո լրացնել «ամուսիններից մեկի կամ նրա կողմից լիազորված անձի» բառերը:
Հոդված 5.
Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «դատարանը» բառը փոխարինել «դատարանի գտնվելու վայրի» բառերով:
Հոդված 6.
Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը «(որդեգրողի)» բառից հետո լրացնել «կամ որդեգրողների (որդեգրողի) կողմից լիազորված անձի» բառերով:
Հոդված 7.
Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը «դեպքերում» բառից հետո լրացնել «նաեւ» բառը.
Հոդված 8.
Օրենքի 69-րդ հոդվածում 2-րդ մասը «է)» կետից հետո լրացնել նոր «է1)», «է 2)», «է 3)» կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«է1) Երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անվան, հայրանվան, ազգանվան փոխման կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումը.
է2) Ծննդի ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի դիմումը, իսկ երեխաների դեպքում` ծնողներից մեկի դիմումը.
է3) Տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումը` բացառությամբ մահվան կամ որդեգրման.»:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» ընդունման
Նախագիծը նպատակ ունի`
- վերացնել օրենքի նորմերի միջեւ ներքին հակասությունները
- վերացնել օրենքի նորմերի տարաբնույթ ընթերցումները եւ անհստակությունները
- օրենքի գործողության ընթացքում բացահայտված գործնական խնդիրների լուծում
- օրենքով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթների հեշտացում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամկետների կրճատում:
Ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման, բնակչության սպասարկման ոլորտում մատուցվող ծառայությունների որակի եւ արդյունավետության բարելավման հանգամանքով, մասնավորապես.
1. Առկա է հակասություն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի միջեւ, քանի որ օրենքի այդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է որդեգրման համար լիազորված անձի կողմից դիմումի ներկայացման հնարավորություն, ինչը բացառում է 1-ին մասը: Այս առումով նախագծով առաջարկվում է վերախմբագրել 1-ին մասը, այնտեղ եւս նախատեսելով լիազորված անձի դիմում ներկայացնելու իրավունքը:
2. Նախագծով կվերացվեն օրենքի նորմերի տարաբնույթ ընթերցումները եւ անհստակությունները ինչպես նաեւ օրենքի գործողության ընթացքում բացահայտված գործնական խնդիրները, մասնավորապես`
- Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի համաձայն քաղաքացիական կացության պետական գրանցման կրկնօրինակ տրվում է մահացածի ազգականին կամ շահագրգիռ այլ անձանց եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը վերաբերվում է մահացածին, ինչը ենթադրում է նաեւ քաղաքացիական կացության ակտի` ծննդի, ամուսնության, ամուսնալուծության, եւ այլ, գրանցման վերաբերյալ կրկնօրինակների տրամադրում: Մինչդեռ մահացածի վերաբերյալ կարող է տրամադրվել միայն մահվան վկայականի կրկնօրինակ: Այս
- առումով նախագծով հստակեցվում է մահացածի վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականների կրկնօրինակ տրամադրելու կարգը:
- Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ծննդի պետական գրանցումն իրականացվում է գտնված երեխայի գտնելու վայրի ՔԿԱԳ մարմնում: Նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է գրանցումն իրակացնել նաեւ երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ մարմնում, այն դեպքերի համար, երբ բնակության վայրը հստակ հայտնի է, իսկ գտնելու վայրի որոշումը գործնական խնդիրներ եւ բարդություն է առաջացնում:
3. Նախագիծը նպատակ ունի նաեւ առավել բարենպաստ պայմաններ ու ընթացակարգ նախատեսել քաղաքացիական կացության ակտերի գրանցման որոշ ոլորտներում, մասնավորապես`
- 32-րդ հոդվածի համաձայն ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսիններից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: Հաշվի առնելով այն, որ ամուսնալուծվողների բնակության վայրերը եւ ամուսնության գրանցման վայրը կարող են տարբեր լինել, նախատեսվող առաջարկությամբ առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում հնարավորություն տալով ամուսնալուծությունը գրանցել նաեւ նրանց ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում: Դա կհանգեցնի նաեւ փաստաթղթերի շրջանառության եւ փոստային ծախսերի կրճատման:
- 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասի համաձայն ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է միայն ամուսնալուծվողի պարտադիր ներկայությամբ: Նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է ավելի բարենպաստ վիճակ սահմանել ամուսինների համար, հնարավորություն տալով ամուսնալուծություն գրանցել նաեւ այն դեպքում, երբ դիմումը ներկայացնում է ամուսնալուծվողի կողմից լիազորված անձը:
- 40-րդ հոդվածի առաջին մասում առաջարկվող փոփոխությունը կրում է խմբագրական բնույթ, եւ հստակեցնում է, որ որդեգրման պետական գրանցումն իրականացվում է որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնում:
- 49-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հնարավորություն ստեղծել, որպեսզի դատարանի վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցումը, բացի դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնից, կատարվի նաեւ հոր, կամ մոր, կամ երեխայի ծննդի պետական գրանցման վայրերի ՔԿԱԳ մարմիններում, դրանով առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով քաղաքացիների համար:
Նախագծով լրացումներ են առաջարկվում օրենքի 69-րդ հոդվածում, որոնք նպատակ ունեն բարձրացնել բնակչության սպասարկման ոլորտում ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը` կրճատելով քաղաքացիների սպասարկման ժամկետները, նվազեցնելով փոստային առաքումների ծախսերը եւ փաստաթղթերի շրջանառությունը: Այդ նպատակով նախագծով առաջարկվում է քաղաքացիական ակտերի գրառումներում ուղղումների կամ փոփոխությունների դեպքերի մի զգալի զանգվածի իրականացման իրավասությունը վերապահել ՔԿԱԳ տարածքային մարմիններին:
Սույն նախագծի ընդունման արդյունքը կլինի ոչ միայն օրենքի դրույթների կատարելագործումը եւ վերախմբագրումն ու հստակեցումը, այլ նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում վարչարարության արդյունավետության բարձրացումը, այդ թվում նաեւ վարչարարության ժամկետների կրճատումը, քաղաքացիների սպասարկման համար առավել բարենպաստ պայմանների սահմանումը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված քաղաքացիների բողոքների ու դժգոհությունների, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազումը: