Հոդված 1. «Զինապարտության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «հանելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից ելքը ձեւակերպելու» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Օրենքի նախագծի նպատակն է ապահովել զորակոչային տարիքի քաղաքացիների (18-27 տարեկան) սահմանված կարգով ՀՀ զինկոմիսարիատներ ներկայանալն ու իրենց սահմանադրական պարտականության կատարելը (տարկետման ձեւակերպման հիմքեր ներկայացնելու կամ համապատասխան հանձնաժողովում բժշկական փորձաքննություն անցնելու համար):
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Ներկայումս ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 ոորշման 4-րդ կետով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացու անձնագիրն օտարերկրյա պետություններում վավերական է հինգ տարի ժամկետով, սակայն այդ ժամկետը չի կապվում քաղաքացիների զինվորական պարտականությունների հետ, մասնավորապես զինկոմիսարիատ անձամբ ներկայանալու կոնկրետ ժամկետների հետ: Ըստ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի քաղաքացիներն առողջական վիճակի պատճառով տարկետում են ստանում 6 ամսից մինչեւ 3 տարի ժամկետով, իսկ ուսման կապակցությամբ՝ մինչեւ ուսման ավարտը (պրակտիկայում 2-5 տարի, սակայն յուրաքանչյուր տարի պարտավոր են ներկայացնել տեղեկանք հաջորդ կուրս փոխադրվելու մասին):
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նպատակահարմար է քաղաքացիների օտարերկրյա պետություններում գտնվելու թույլտվությունը (անձնագրի վավերականությունը) կապվել է նրանց զինապարտությանը առնչվող ժամկետների հետ:
2. Կարգավորման առարկան
Օրենքի նախագծով կարգավորվում է զորակոչային տարիքի քաղաքացիների զինապարտության հետ կապված հարաբերությունները՝ գործող իրավական ակտերի համաձայն:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումով ակնկալվում է ապահովել զորակոչային տարիքի քաղաքացիների ՀՀ զինկոմիսարիատ ներկայանալն ու իրենց սահմանադրական պարտականությունների կատարելը: