Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11. Հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի), ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ֆիլմերի եւ պատրաստվող հեռուստահաղորդումների Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակման ժամանակ ծխախոտի օգտագործման ընթացքի ցուցադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հեռարձակվող հեռուստահաղորդումներում օգտագործվում են մինչեւ 2014թ. հունվարի 1-ը նկարահանված կադրեր`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից:
««Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ծխելու բարձր տարածվածությամբ պայմանավորված առողջական, սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական հետեւանքները կանխելու անհրաժեշտությամբ:
Հայտնի է, որ ծխախոտի օգտագործումը մահվան կանխարգելելի պատճառների շարքում առաջինն է: Այն նպաստում է սրտանոթային, շնչառական հիվանդությունների, քաղցկեղի (առավելապես` թոքի քաղցկեղի) եւ մի շարք այլ քրոնիկ հիվանդությունների զարգացմանը, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված հաշմանդամության եւ մահացության թվի աճին:
Հայաստանում հատկապես մտահոգիչ է ծխելու տարածվածությունը տղամարդկանց շրջանում, որն ըստ վիճակագրական տվյալների, 2010 թ. կազմել է 63.0%: Այս ցուցանիշը զգալիորեն բարձր է տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ (օր` Մոլդովա` 51.0%, Ուկրաինա` 52.0%): Մեր երկրում կանանց շրջանում ծխելու տարածվածությունը կազմում է մոտ 2.0%, սակայն առկա են դրա տարածվածությանը նպաստող միտումներ:
Բազմաթիվ երկրներ ընդունել են հակածխախոտային օրենսդրություն, որը տարբեր արգելքներ եւ պատժամիջոցներ է նախատեսում ծխախոտի գովազդի եւ հանրային վայրերում ծխելու համար: Մեր երկրում գործող «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքն ընդգրկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» հիմնական դրույթները, սակայն ծխելու ցուցանիշները Հայաստանում շարունակում են մնալ բարձր:
Միջազգային փորձը փաստում է, որ հեռուստաեթերով ծխախոտի օգտագործման ցուցադրումն անուղղակիորեն գովազդում է ծխախոտային արտադրատեսակները եւ նպաստում ծխելու տարածվածությանը: Այդ առումով, հատկապես խոցելի են դեռահասները: Հաշվի առնելով Հայաստանում ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշները՝ առաջարկում ենք կատարել լրացում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ֆիլմերի եւ պատրաստվող հեռուստահաղորդումների ՀՀ տարածքում հեռարձակման ժամանակ կարգելվի ծխախոտի օգտագործման պրոցեսի ցուցադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հեռարձակվող հեռուստահաղորդումներում օգտագործվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նկարահանված կադրեր: Առաջարկում ենք նաեւ փոփոխություն կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ սահմանել պատժամիջոցներ այդ դրույթի խախտման համար:
«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների վերնագրերը համընկնում են: Ըստ բովանդակության, օրենքի 7-րդ հոդվածում սահմանված են ծխախոտի իրացման, իսկ 8-րդ հոդվածում՝ ծխախոտի վաճառքին վերաբերող դրույթներ: Հաշվի առնելով այն, որ «վաճառքը» հանդիսանում է «իրացման» տեսակ, եւ այն, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի նրա բովանդակությանը, առաջարկում ենք օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածները վերախմբագրել միասնական հոդվածի տեսքով: