Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-128-02.10.2003-ՍԱ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է մարդու հիմնարար անձնական բարիք հանդիսացող հոգեկան առողջության, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմքերը, ինչպես նաեւ կանոնակարգում է հոգեկան առողջության ոլորտում միջազգային իրավունքի նորմերով եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծման գործընթացները:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հոգեկան առողջության մասին օրենսդրությունը

Հոգեկան առողջության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 2. Օրենքի ներգործության ոլորտը

Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) հոգեկան առողջություն՝ մարդու անօտարելի եւ անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսեւորումը եւ պահպանումը.

բ) հոգեկան առողջության պահպանում՝ մարդու հոգեկան առողջության ոլորտում հոգեկան խանգարումների կանխարգելում եւ այդ նպատակով համապատասխան աշխատանքների կազմակերպում ու իրականացում.

գ) հոգեկան խանգարում՝ հոգեկան եւ վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային դասակարգմանը համապատասխանող անառողջ վիճակ կամ վարքի խանգարում.

դ) հոգեկան խանգարումով տառապող անձ՝ հոգեկան հիվանդության կապակցությամբ հուգեբուժական օգնություն ստացող կամ այդ օգնության կարիքն ունեցող անձ.

ե) քրոնիկ հոգեկան հիվանդություն՝ երկարատեւ, հարաճուն, յուրօրինակ ընթացքով եւ անձին բնորոշ փոփոխություններով պայմանավորված հիվանդություն.

զ) դիսպանսերային հոգեբուժական օգնություն՝ հոգեկան հիվանդների հայտնաբերում, հաշվառում, շարունակական հսկողություն, արտահիվանդանոցային բուժում եւ սոցիալական վերականգնում.

օգնություն՝ հոգեկան հիվանդների հայտնաբերում, հաշվառում, շարունակական հսկողություն, արտահիվանդանոցային բուժում եւ սոցիալական վերականգնում.

է) հոգեբուժական օգնություն՝ հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային (դիսպանսերային) պայմաններում հոգեկան խանգարումով տառապող անձի հոգեկան հիվանդության հետազոտում, ախտորոշում, բուժում, խնամք ու սոցիալական վերականգնում.

ը) հոգեբուժական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ օգնության ու ծառայությունների իրականացումը.

թ) հոգեբույժ՝ բարձրագույն բժշկական կրթություն ստացած եւ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հոգեբուժական օգնություն իրականացնող ֆիզիկական անձ.

ժ) բժշկական /կլինիկական/ հոգեբան՝ բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած բժշկա-հոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ.

ի) հոսպիտալացում՝ հոգեկան խանգարումով տառապող անձի ընդունում հոգեբուժական հաստատություն՝ հոժարակամ եւ ոչ հոժարակամ ձեւերով.

լ) հոգեբուժական հանձնաժողով` հոգեբուժական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծված 3 կամ ավելի հոգեբույժներից կազմված հանձնաժողով, որը իրավասու է տալ անձի հոգեկան վիճակի եւ դրանից բխող բոլոր հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:

ԳԼՈՒԽ 2

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Հոդված 4. Հոգեկան առողջության պահպանման գործընթացի կազմակերպումը

Հոգեկան առողջության պահպանման գործընթացը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինները եւ իրականացնում են այդ նպատակով ստեղծված հոգեբուժական կազմակերպությունները:

Հոգեբուժական օգնության եւ սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոգեբուժական գործունեության լիցենզավորման կարգն ու պայմանները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոգեբուժական օգնություն իրականացնելու համար անհրաժեշտ կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենքով:

Հոդված 5. Հոգեկան առողջության պահպանումը

Հոգեկան առողջության պահպանումը ներառում է ՝

ա) հոգեկան առողջության բարելավումն ու հոգեկան խանգարումների կանխարգելումը.

բ) հոգեկան խանգարումներով տառապող անձանց անհրաժեշտ բազմակողմանի եւ մատչելի բժշկական օգնության, խնամքի ու օգնության այլ ձեւերի ապահովումը.

գ) հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ հասարակության կողմից համապատասխան վերաբերմունքի, առաջին հերթին՝ հանդուրժողականության, բարյացակամության ձեւավորումը, որը համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմադրության 15-րդ եւ 16-րդ հոդվածների բացառում է որեւէ խտրականություն:

Հոդված 6. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները

Հիվանդանոցային բժշկական հաստատությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձինք պետք է իրազեկված լինել իրենց իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի եւ պատճառների մասին, վերջիններիս վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:

Հիվանդանոցային բժշկական հաստատությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող անձինք հիվանդանոցային եւ դիսպանսերային պայմաններում հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով:

Հիվանդանոցային բժշկական հաստատությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող անձինք ունեն հետեւյալ իրավունքները, որոնք կարող են սահմանափակվել բուժող բժշկի, բաժանմունքի վարիչի կամ տնօրենի կողմից, այն դեպքում երբ դրանց իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ շրջապատի համար՝

ա/ նամակագրական կապ հաստատել.

բ/ օգտվել հեռախոսակապից.

գ/ հանդիպել այցելուների հետ.

դ/ ունենալ եւ ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ, օգտվել անձնական հագուսստից.

ե/ հաղորդակցվել թերթերի եւ լրագրերի միջոցով.

զ/ անմիջականորեն դիմել բուժհաստատության ղեկավարին կամ բաժանմունքի վարիչին` բուժման, հետազոտման, դուրս գրման, օրենքվսահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով.

Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրավունք ունեն քննվելու եւ վերաքննվելու բժշկասոցիալական փորձաքննական հանձաժողովների կողմից:

ԳԼՈՒԽ 3

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Պետության երաշխիքները հոգեբուժական օգնություն իրականացնելու ընթացքում

Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը իրականացվում է պետության միջոցների հաշվին՝ պետության կողմից երաշխավորված նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով

Պետության կողմից երաշխավորվում է՝

ա) անհետաձգելի հոգեբուժական օգնությունը.

բ) հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային (դիսպանսերային) պայմաններում խորհրդատվական, ախտորոշման, բուժման ու սոցիալական վերականգնման հետ կապված օգնությունը.

գ) հոգեբուժական փորձաքննության բոլոր ձեւերը, ժամանակավոր անաշխատունակության որոշումը.

դ) հոգեկան խանգարումներով տառապող անձանց սոցիալ- կենցաղային վիճակին օժանդակությունը.

ե) խնամակալությունը.

զ) իրավական հարցերով օժանդակությունը.

է) հոգեկան խանգարումներով տառապող հաշմանդամների սոցիալ - կենցաղային օժանդակությունը, ուսուցումը եւ խնամքը.

ը) աղետների եւ վթարների ժամանակ հոգեբուժական օգնության կազմակերպումը:

Հոդված 8. Պետության կողմից հոգեբուժական օգնության եւ սոցիալական պաշտպանության ապահովումը

Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը եւ սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) ստեղծում է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային (դիսպանսերային) հոգեբուժական օգնություն իրականացնող կազմակերպություններ,

բ) կազմակերպում է հոգեկան խանգարումներով տառապող անչափահասների հատուկ հանրակրթական եւ մասնագիտական ուսուցում,

գ) ստեղծում է բուժական-արտադրական ուղղվածության կազմակերպություններ՝ հոգեկան խանգարումներով տառապող անձանց, այդ թվում հաշմանդամների, աշխատանքային բուժման, նոր մասնագիտությունների տիրապետման եւ զբաղվածության ապահովման համար, միջոցներ է ձեռնարկում աշխատանքի հեշտացված պայմաններով աշխատատեղեր կամ հատուկ արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ,

դ) ստեղծում է կացարաններ սոցիալական կապերը կորցրած հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար:

Հոդված 9. Դիսպանսերային հոգեբուժական օգնություն

Բժշկական ցուցումներից ելնելով՝ հոգեկան խանգարումով տառապող անձին մասնագիտացված բժշկական հաստատությունների կողմից ցուցաբերվում է դիսպանսերային - խորհրդատվական եւ հսկողական բժշկական օգնություն:

Դիսպանսերային - խորհրդատվական օգնությունը ցուցաբերվում է անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում:

Դիսպանսերային հսկողությունը իրականացվում է քրոնիկ հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ:

Դիսպանսերային հսկողությունը իրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հոգեբուժական օգնության իրականացնող հաստատությունում ստեղծվող հանձնաժողովը, որի որոշումը կարող է բողոքարկվել դատարան:

ԳԼՈՒԽ 4

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 10. Հոգեբուժական օգնություն իրականացնողները

Հոգեբուժական օգնությունը իրականացնում են համապատասխան որակավորում, բարձրագույն բժշկական կրթություն ունեցող բժիշկ - հոգեբույժները:

Հոդված 11. Հոգեբուժական օգնության իրականացման ձեւերը

Հոգեբուժական օգնությունը իրականացման ձեւերը ներառում է քաղաքացիների հոգեկան առողջության հետազոտումը, հոգեկան հիվանդությունների ախտորոշումը, բուժումը, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց խնամքը, նրանց բժշկական եւ սոցիալական վերականգնումը:

Հոդված 12. Հոգեբույժի անկախ լինելը հոգեբուժական օգնություն իրականացնելիս

Հոգեբուժական օգնություն իրականացնելիս հոգեբույժն անկախ է իր կայացրած որոշումներում եւ ղեկավարվում է բժշկական պարտքի զգացումով ու սույն օրենքով:

Հոդված 13. Քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ տալու մասին

Քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկությունները բժշկական գաղտնիք են: Այդպիսի տեղեկությունները ներկայացվում են միայն հիվանդին եւ նրա օրինական ներկայացուցչին՝ նրանց պահանջով օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Հոգեբուժական հետազոտման տվյալները եւ եզրակացությունը գրանցվում են բժշկական փաստաթղթերում (ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմության նկարագրում):

Հոդված 14. Հոգեկան խանգարման ախտորոշումը

Հոգեկան խանգարման ախտորոշումն, բուժումը իրականացվում է ընդունված միջ ազգային բժշկական չափանիշներին համապատասխան, եւ չի կարող հիմնվել հասարակության կողմից ընդունված բարոյական, մշակույթային, քաղաքական կամ կրոնական արժեքների հետ քաղաքացու անհամաձայնության կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառների վրա:

Հոդված 15. Բուժման համաձայնությունը

Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի:

Բժիշկը պարտավոր է հոգեկան խանգարումով տառապող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին տեղեկություններ տալ հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տեւողության, ինչպես նաեւ կողմնակի ազդեցության եւ ակնկալվող արդյունքների մասին: Ներկայացված տեղեկությունների վերաբերյալ բժշկական փաստաթղթերում (ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմության նկարագրում) կատարվում է գրանցում:

Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կարող է իրականացվել առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության՝ միայն օրենքով՝նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման եւ ոչ հոժարակամ /հարկադիր/ հոսպիտալացման դեպքերում:

Հոդված 16. Բուժումից հրաժարվելը

Հոգեկան խանգարումով տառապող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը իրավունք ունի հրաժարվել առաջարկված բուժօգնությունից կամ դադարեցնել այն, բացառությամբ սույն օրենքի 15 -րդ հոդվածի երրորդ մասում նշված դեպքերի:

Բուժումից հրաժարվող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին պետք է բացատրվեն բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետեւանքները:

Բուժօգնություն ստանալուց հրաժարվելու եւ բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետեւանքների մասին տեղյակ պահելու փաստը արձանագրվում է բժշկական փաստաթղթերում՝ բուժօգնությունից հրաժարվող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի ու հոգեբույժի ստորագրությամբ:

Հոդված 17. Հոգեբուժական կազմակերպության հոգեբույժների, հոգեթերապեւտների եւ այլ մասնագետների գործունեության երաշխիքները

Հոգեբուժական օգնություն եւ ծառայություններ իրականացնող հագեբույժները, ինչպես նաեւ այլ մասնագետները ենթակա են պարտադիր պետական ապահովագրման՝ ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի համար՝ «ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

ԳԼՈՒԽ 5

ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ

Հոդված 18. Հոժարակամ հոսպիտալացման հիմքերը

Հոգեբուժական ստացիոնար հոսպիտալացման հիմք է անձի հոգեկան խանգարման առկայությունը եւ բժիշկ-հոգեբույժի ստացիոնար հետազոտության կամ բուժման մասին եզրակացությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հոգեբուժական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Հոդված 19. Հոգեբուժական հետազոտում

Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է անձի հոգեկան խանգարման առկայությունը ճշտելու, ինչպես նաեւ հոգեբուժական օգնության անհրաժեշտությունը գնահատելու նպատակով:

Հոգեբուժական հետազոտում իրականացնող բժիշկը պարտավոր է հետազոտվողին կամ նրա օրինական ներկայացուցչին ներկայանալ որպես հոգեբույժ եւ հայտնել կատարվող հետազոտության բնույթի ու հետեւանթների մասին:

Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ:

Հոդված 20. Այլ բժիշկ-մասնագետի եզրակացությունը

Անձի հոգեկան առողջության վերաբերյալ այլ բժիշկ-մասնագետի (ոչ հոգեբույժի) եզրակացությունը չի կարող հիմք հանդիսանալ անձի իրավունքները սահմանափակելու համար:

Հոդված 21. Հոգեբուժական ստացիոնարից հիվանդի դուրս գրումը

Հոգեբուժական ստացիոնարից հիվանդի դուրս գրումը կատարվում է նրա առողջացման եւ հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա ստացիոնար բուժման կարիքը կամ եթե ավարտվել են հետազոտման կամ փորձաքննության ժամկետները:

Հոգեբուժական ստացիոնարում հոժարակամ կարգով գտնվող հիվանդի դուրս գրումը կատարվում է հոգեբույժի եզրակացության հիման վրա:

ԳԼՈՒԽ 6

ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ /ՀԱՐԿԱԴԻՐ/ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ

Հոդված 22. Ոչ հոժարակամ հոսպիտալացման ընթացքը

Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

Ոչ հոժարակամ հոսպիտալացման եւ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական ճնշման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:

Հոդված 23. Հոգեբուժական ստացիոնարում տեղավորված անձի հետազոտումը.

Հոգեբուժական ստացիոնարում օրենքով սահմանված կարգով հոսպիտալացված անձը 48 ժամվա ընթացքում ենթակա է պարտադիր հետազոտման հոգեբուժական հանձնաժողովի կողմից, որը որոշում է հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը: Հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում հոգեբուժական հաստատության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին, դիմում է դատարան` քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ /հարկադիր/ բուժման ենթարկելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ

Հոդված 24. Հոգեբուժական օգնություն եւ ծառայություններ իրականացնելու հետ կապված գործողությունների բողոքարկումը.

Հոգեբուժական օգնություն եւ ծառայություններ իրականացնող հոգեբույժի կամ այլ մասնագետի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան:

Բողոքը կարող է ներկայացվել հոգեկան խանգարում ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 8

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 25. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: