Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի /ընդունվել է 01.07.1998թ. ՀՕ-248/ 185-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումը.
Հոդված 1. Օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ պարբերություններով.
«Անձինք, որոնց գործողությունների կապակցությամբ տրված է եղել հանցագործության մասին հաղորդումը, տեղեկացվում են քրեական գործի հարուցումը մերժված լինելու մասին, ինչպես նաեւ այն մասին, որ ցանկության դեպքում կարող են դիմել եւ ստանալ որոշման օրինակը:
Հանցագործության մասին հաղորդում տված, ինչպես նաեւ տրված հաղորդման ելքով անմիջականորեն շահագրգռված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հաղորդումը ստանալու պահից իրավունք ունեն ծանոթանալու նյութերին, որոնցով մերժվել է քրեական գործի հարուցումը եւ դրանցից կատարելու քաղվածքներ ու պատճենահանումներ ցանկացած ծավալով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրենսգրքում հստակ ամրագրված են կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի, փաստաբանի եւ ներկայացուցիչների իրավունքները` ծանոթանալու քրեական գործի նյութերին, քաղվածքներ անելու եւ պատճեներ ստանալու վերաբերյալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, քանի դեռ քրեական գործ հարուցված չէ, դատավարության մասնակիցներից որեւէ մեկի կարգավիճակն օրենսգրքով չի որոշիակացված, կա միայն հանցագործության մասին հաղորդում տվող, որի իրավունքը սահմանափակվում է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը ստանալու եւ այն բողոքարկելու իրավունքներով:
Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը շահագրգիռ անձի բողոքը չի կարող լինել հիմնավոր, եթե նա չի ծանոթացել նյութերին:
Դատավարության այլ մասնակիցները` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց գործողությունների կապակցությամբ տրվել է հաղորդումը, կամ նրանք, որոնք քրեական գործ հարուցվելու դեպքում կարող էին լինել տուժող, քաղհայցվոր կամ դրանց ներկայացուցիչ եւ որոնք գտնում են, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ խախտվել է իրենց իրավունքը, փաստորեն քրեական դատավարության 185-րդ հոդվածի իմաստով որեւէ իրավունքից չեն օգտվում, թեկուզեւ պրակտիկան գնացել է այն ուղղությամբ, որ նյութերի ելքով անմիջականորեն շահագրգռված անձինք այնուամենայնիվ նման որոշումները բողոքարկում են:
Նյութերին ծանոթանալու, դրանցից պատճենահանումներ կատարելու հետ կապված հարցերով քրեական հետապնդման մարմնի սուբյեկտիվ մոտեցումները բացառելու եւ պրակտիկայում հարուցվող արգելքները վերացնելու նպատակով, կարեւորվում են առաջարկվող փոփոխությունները: