Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի /այսուհետ` օրենսգիրք/ 238.2-րդ հոդվածի`
1) առաջին մասում «տասներեքերորդ եւ տասնչորսերորդ» բառերը փոխարինել «տասներեքերորդ, տասնչորսերորդ եւ քսանհինգերորդ» բառերով:
2) երկրորդ մասում «տեսչությունը» բառը փոխարինել «տեսչության պետը եւ տեսչության տարածքային մարմինների ղեկավարները» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ /2008 թվականի հուլիսի 8-ի/, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի թիվ 39 արձանագրության եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի մոտ 2008 թվականի սեպտեմբերի 29-ի կայացած խորհրդակցության թիվ 33-202 արձանագրության հանձնարարականների կատարման ապահովմամբ` անհրաժեշտություն է առաջացել ուժեղացնելու վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առեւտրի օբյեկտներում` իրացվող հացի քաշի եւ հացի արտադրամասերում` արտադրվող հացի որակի նկատմամբ: Օրենսգրքի 2382-րդ հոդվածը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության կառուցվածքին, քանի որ նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասու են ոչ բոլոր պետական տեսուչները, որի հետեւանքով առաջանում են բազմաբնույթ խնդիրներ: