Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-559-18.12.2001,06.10.2003-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իր սահմանադրական իրավունքի իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է այլընտրանքային ծառայության զորակոչի կազմակերպման եւ անցման կարգը:

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը

Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Հոդված 2. Այլընտրանքային ծառայության հասկացությունը

Այլընտրանքային ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից իրականացվող պետական ծառայության հատուկ տեսակ է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, որը կապված չէ ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայության անցման, ինչպես նաեւ զենքի կրման, պահման, պահպանման եւ օգտագործման հետ:

Այլընտրանքային ծառայության նպատակը հասարակության առջեւ քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է եւ չի կրում պատժի, անձի պատվի եւ արժանապատվության նվաստացման բնույթ:

Հոդված 3. Այլընտրանքային ծառայության անցման հիմքը

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային ծառայության այն դեպքում, երբ նա համարվում օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպության անդամ է եւ որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայության անցումը, ինչպես նաեւ զենքի կրումը, պահումը, պահպանումը եւ օգտագործումը:

Հոդված 4. Այլընտրանքային ծառայության ուղարկվող քաղաքացին

Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչեւ հերթական զորակոչին նախորդող մարտի 1-ը կամ սեպտեմբերի 1-ը անձամբ դիմել է իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ` սույն օրենքի 3-րդ հոդվածի հիմքով պարդադիր զինվորական ծառայության անցման հնարավորության բացակայության մասին, եւ որի նկատմամբ զորակոչային հանձնաժողովը կայացրել է համապատասխան որոշում:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետման իրավունք ունեցող քաղաքացիների վրա:

Հոդված 5. Այլընտրանքային ծառայության ժամկետը

Այլընտրանքային ծառայության ժամկետը սահմանվում է 42 ամիս:

Հոդված 6. Այլընտրանքային ծառայությունը ռազմական դրության պայմաններում կամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում

Ռազմական դրության պայմաններում կամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իր սահմանադրական իրավունքի իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ռազմական դրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով:

ԳԼՈՒԽ 2.

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Այլընտրանքային ծառայության զորակոչը

Այլընտրանքային ծառայության զորակոչը եւ պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ պահեստ արձակման հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում:

Զորակոչի ենթակա այլընտրանքային ծառայություն անցնողների թվաքանակը սահամանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այլընտրանքային ծառայության զորակոչի հայտարարումից հետո այլընտրանքային ծառայության համար դիմած քաղաքացին պարտավոր է ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:

Այլընտրանքային ծառայության զորակոչի անցկացման հարցերով զբաղվում են տեղական, մարզային (Երեւանի քաղաքային ) եւ հանրապետական զորակոչային հանձնաժողովները, որոնց ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ եւ 18-րդ հոդվածներով:

Հոդված 8. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին այլընտրանքային ծառայություն ընտրելիս, այդ մասին սույն օրենքի 4-րդ հոդվածում սահմանված ժամկետում անձամբ գրավոր դիմում է ներկայացնում իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ , որում շարադրում է իր կողմից ընդունված որոշման պատճառները :

Քաղաքացու դիմումը զինվորական կոմիսարիատում գրանցելուց հետո փոխանցվում է տեղական զորակոչային հանձնաժողովի քննարկմանը :

Հոդված 9. Այլընտրանքային ծառայության մասին դիմումի քննարկումը

Տեղական զորակոչային հանձնաժողովն այլընտրանքային ծառայության

մասին դիմումը քննարկում է առանձին նիստում: Հանձնաժողովի նիստի ժանամակի եւ վայրի մասին դիմողը նախապես տեղեկացվում է : Յուրաքանչյուր դիմումով զորակոչային հանձնաժողովն ընդունում է հիմնավորված որոշում:

Դիմումի կապակցությամբ համապատասխան պարզաբանումներ եւ եզրակացություններ տալու համար հանձնաժողովի որոշմամբ կամ դիմում ներկայացրած քաղաքացու խնդրանքով հանձնաժողովի նիստին կարող են հրավիրվել հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ , ինչպես նաեւ այլ քաղաքացիներ:

Հոդված 10. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումի մերժման հիմքերը

Զորակոչային հանձնաժողովի որոշմամբ քաղաքացու դիմումը պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին կարող է մերժվել հետեւյալ հիմքերով`

1. եթե այլընտրանքային ծառայության ընտրության հիմնավորումը չի համապատասխանում սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված հիմքին.

2. եթե այլընտրանքային ծառայության մասին դիմում ներկայացրած քաղաքացին կրկնակի կանչվում է զորակոչային հանձնաժողովի նիստին եւ անհարգելի պատճառով չի ներկայանում.

3. եթե այլընտրանքային ծառայության մասին դիմումում եւ դրան կից փաստաթղթերում պարունակվում են կեղծ տեղեկություններ:

Հոդված 11. Այլընտրանքային ծառայության մասին դիմումն առանց քննարկման թողնելը

Զորակոչային հանձնաժողովը դադարեցնում է այլընտրանքային ծառայության մասին դիմումի քննարկումը եւ ընդունում համապատասխան որոշում, եթե այլընտրանքային ծառայության մասին դիմումի քննարկման ընթացքում հայտնաբերվի, որ դիմում ներկայացրած քաղաքացին ենթակա չէ զորակոչի կամ ունի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:

Հոդված 12. Այլընտրանքային ծառայության ուղարկման կապակցությամբ վեճերի լուծումը

Այն դեպքում, երբ տեղական զորակոչային հանձնաժողովը մերժում է պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին քաղաքացու դիմումը, զորակոչիկն իրավունք ունի դիմելու հանրապետական զորակոչային հանձնաժողով:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկն իրավունք ունի, որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում, այն գանգատարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 13. Այլընտրանքային ծառայությունից ազատումը եւ տարկետում տալը

Այլընտրանքային ծառայությունից ազատումը եւ տարկետում տալը իրականացվում է «Զինապարտության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 14. Այլընտրանքային ծառայության սկիզբը

Զորակոչային հանձնաժողովի որոշման հիման վրա զինվորական կոմիսարիատը զորակոչիկին հանձնում է կցագրման թերթիկ՝ այլընտրանքային ծառայության մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Այլընտրանքային ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը համարվում է այլընտրանքային ծառայության սկիզբ:

Հոդված 15. Այլընտրանքային ծառայության զորակոչի սահմանային տարիքը

Զորակոչիկները, որոնք սահմանված ժամկետներում տարբեր պատճառներով չեն կանչվել այլընտրանքային ծառայության, կանչվում եմ մինչեւ 27 տարեկան դառնալը:

Հոդված 16. Այլընտրանքային ծառայության իրականացման ապահովումը

Այլընտրանքային ծառայության զորակոչը կազմակերպում եւ դրա իրականացումը վերահսկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին եւ կառավարության որոշումներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում այլընտրանքային ծառայությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այլընտրանքային ծառայության կազմակերպման եւ իրականացման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվից:

ԳԼՈՒԽ 4.

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԸ

Հոդված 17. Այլընտրանքային ծառայության անցման կարգը

Այլընտրանքային ծառայության անցման կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

Այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին համարվում է զինվորական ծառայող (այսուհետ` այլընտրանքային զինծառայող) եւ առաջին անգամ ծառայություն անցնելիս Հայաստանի Հանրապետության պետական դրոշի եւ զորամասի մարտական դրոշի առջեւ տալիս է հավատարմության երդում: Երդման տեքստը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով:

Այլընտրանքային զինծառայողը ծառայության է ընդգրկվում զինված ուժերի շարքային կազմում եւ նրան շնորհվում է շարքային հատուկ կոչում:

Այլընտրանքային զինծառայողը չի կարող ընդգրկվել ծառայության զինված ուժերի որեւէ հրամանատարական կազմում եւ չի կարող զբաղեցնել որեւէ հրամանատարական պաշտոն:

Առանձին դեպքերում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի թույլտվությամբ այլընտրանքային զինծառայողը կարող է չկրել սահմանված զինվորական համազգեստ:

Հոդված 18. Այլընտրանքային զինծառայողների իրավունքները եւ պարտականությունները

Այլընտրանքային զինծառայողները հավասարապես օգտվում են պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների իրավունքներից եւ կրում պարտականություններ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 19. Այլընտրանքային զինծառայողների իրավունքների պաշտպանությունը

Զինված ուժերի, ստորաբաժանումների եւ զորամասերի հրամանատարներին արգելվում է այլընտրանքային զինծառայողներին ընդգրկել ծառայության ռազմական ստորաբաժանումներում , տալ նրանց մարտական բնույթի, ինչպես նաեւ զենքի եւ զինամթերքի կրման , պահման, պահպանման ու օգտագործման հետ կապված հանձնարարություններ :

Զինված ուժերի ստորաբաժանումների եւ զորամասերի հրամանատարները պարտավոր են պահպանել եւ պաշտպանել այլընտրանքային զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ ապահովել նրանց քաղաքացիական պարտքի կատարումը:

Սույն հոդվածում նշված ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից սույն օրենքի պահանջներին հակասող կամ ակնհայտ այլ անօրինական հրամաններ, հրահանգներ եւ կարգադրություններ ստանալիս այլընտրանքային զինծառայողը ղեկավարվում է միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

Հոդված 20. Այլընտրանքային ծառայությունից պահեստ արձակումը

Այլընտրանքային ծառայությունից պահեստ արձակումը եւ պահեստազորում հաշվառումն իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Այլընտրանքային ծառայություն անցած պահեստազորայիններին վարժական հավաքների կանչելիս պահպանվում են սույն օրենքի պահանջները:

Հոդված 21. Այլընտրանքային զինծառայողներիպատասխանատվությունը

Այլընտրանքային ծառայության զորակոչիկները եւ զինծառայողներն իրենց կատարած իրավախախտումների եւ հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զորակոչիկներին եւ զինծառայողներին հավասարապես` օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիներին որոշակի պաշտոններում նշանակման սահմանափակումը

Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող նշանակվել պետական պաշտոնների իրավապահ մարմիններում եւ դատական համակարգում:

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: