Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-517-16.01.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի  14-րդ հոդվածի.

1) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետեւանքով, դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ դատավորը կարող է մինչեւ 6 ամիս ժամկետով գործուղվել նույն ատյանի դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչեւ դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

4. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետեւանքով, դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նույն ատյանի դատավորը կարող է գործուղվել այդ դատարան:

2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9)  իրականացնում է օրենքով իրեն  վերապահված այլ լիազորություններ, որոնք չպետք է հակասեն սույն հոդվածի 3-րդ մասով վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված մյուս լիազորություններին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հիմնավորում

Սույն օրինագիծը ՀՀ Սահմանադրական դատարանի 2008թ. դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-782 որոշման իրացման արդյունքն է:Այդ որոշմամբ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 55-րդ հոդվածի 11-րդ կետին եւ 95-րդ հոդվածին հակասող եւ անվավեր են ճանաչվել ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ ` իրար հետ փոխկապակցված մասերը եւ պահանջ է առաջադրվել իրավաբանական ճիշտ ձեւակերպում տալ Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետին: ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցրած ճանաչելու վերջնական ժամկետ է սահմանված 2009 թվականի մարտի 1-ը:

Օրենքի ընդունումն առաջին հերթին հնարավորություն կընձեռի այլ դատարանի դատավորներին գործուղելը չդարձնել կանոն, այլ դա կատարել միմիայն բացառիկ դեպքերում: Այն կկանխարգելի վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ Սահմանդրությամբ եւ ՀՀ դատական օրենսգրքով ձեւավորված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին մեխանիկորեն առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավոր եւ ընդհակառակը` առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորին` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորի վերածելու իրավունքը, որովհետեւ տարբեր են ոչ միայն այդ դատարանների գործառնական կարգավիճակները (ընդդատյա գործերը), այլեւ այդ դատարաններում դատավորների նշանակման, առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու եւ գործերի քննության կարգերը:

Օրենքով հանվում է այլ դատարաններ գործուղված դատավորների լիրզորություններն իրենց նշանակման դատարաններում կասեցնելու վճռաբեկ դատարանի նախագահի իրավունքը, որովհետեւ թեկուզեւ ժամանակավորպես  կասեցնելու այդ իրավունքը հակասության մեջ է ընկնում Արդարադատության խորհրդի եւ ՀՀ Նախագահի լիազորությունների հետ, որոնցից առաջինը կազմում եւ Նախագահի հաստատմանն է ներկայացվում դատավորների եւ նրանց առաջխաղացման ցուցակները, իսկ երկրորդը նշանակում է դատավորներին հենց տվյալ դատարաններում:

Օրենքի 3-րդ հոդվածի նոր ձեւակերպումը ուղղված է վճռաբեկ դատարանի նախագահի` դատական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետով սահմանված  «այլ լիազորություններ»-ի սահմանազանցությունները կանխելուն: