Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-518-16.01.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի  (այսուհետ` Օրենսգիրք) 9-րդ հոդվածը`

1) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«3.1 գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:

3.2 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի եւ առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ  բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

3.3  Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի եւ առնվազն հինգ դատավորի կազմով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածի առաջին մասում «հրապարակման պահից» բառերից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 20-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 20.

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 118. Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը

1. Վարչական դատարանի դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վճռաբեկություն օրենքով նախատեսված չէ, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`

1) վարչական դատավարության մասնակիցները,

2) գլխավոր դատախազն ու նրա տեղակալները` պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, անկախ տվյալ գործի քննությանը դատախազության մասնակցությունից,

3) գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Վարչական դատավարության մասնակիցը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

Հոդված 118.1. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը

1. Գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտը վճռաբեկ բողոքով վերանայում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը:

2. Վճռաբեկ դատարանը օրենքով նախատեսված դեպքերում վերանայում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու եւ վարչական վարույթը կարճելու վերաբերյալ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը:

Հոդված 118.2. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

1. Գործը ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ վարչական  դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոք կարող են  բերել մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, իսկ գլխավոր դատախազն ու նրա տեղակալները` այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

2. Այն բացառիկ դեպքերում, երբ վարչական դատարանի` գործը ըստ էության լուծող դատական ակտը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել է օրինական ուժի մեջ մտած, այդ ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ  մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

4. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

5. Սույն  հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերով նախատեսված ժամկետներից հետո բերված վճռաբեկ բողոքը  դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, եւ այն բավարարվել է դատարանի կողմից:

Հոդված 118.3 Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները

1. Եթե վարչական դատավարության մասնակիցները վարչական դատարանում կնքել են վճռաբեկության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, ապա նման համաձայնություն կնքած կողմի (կողմերի) ներկայացրած վճռաբեկ բողոքը, բացառությամբ սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված գործերի, վճռաբեկ դատարանի կողմից ենթակա է քննության միայն նման համաձայնություն կնքած մյուս կողմի համաձայնության դեպքում:

2. Գույքային պահանջով վարչական գործերով վճռաբեկությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:

3. Վճռաբեկ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է վարչական դատարանում գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ վարչական դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Հոդված 118.4. Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման հիմքերը եւ կարգը: Վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում

Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման հիմքերի եւ կարգի, վճռաբեկ դատարանում վարույթն իրականացնելու` վճռաբեկ բողոքի բովանդակության, վճռաբեկ բողոքը հետ վերցնելու, վճռաբեկ բողոքը վերադարձնելու, վճռաբեկ բողոքը քննության ընդունելու, վճռաբեկ բողոքի պատասխանը վճռաբեկ դատարան եւ վարչական դատավարության մասնակիցներին ուղարկելու, վճռաբեկ դատարանում գործի քննության ժամկետի, գործը քննության նախապատրաստելու, վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանների, վճռաբեկ դատարանի  լիազորությունների, վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգի, այդ որոշման բովանդակության, օրինական ուժի մեջ մտնելու, վճռաբեկ դատարանի  որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին եւ վարչական դատավարությանը մասնակցող անձանց ուղարկելու վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-228, 230-241.3 հոդվածներով սահմանված նորմերը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Սույն օրինագծերի միջոցով Ազգային ժողովում ստեղծված աշխատանքային խումբն իրականացրել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-780 որոշման եզրափակիչ մասի դրույթները, որոնցով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, 18-րդ եւ 19-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող եւ անվավեր են ճանաչվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ եւ 118-րդ հոդվածների 1-ին մասերը եւ այդ իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ է սահմանվել 2009 թ. մարտի 31-ը:

ՀՀ վարչական դատավարության եւ ՀՀ դատական օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերում վարչական գործերով դիմումները վճռաբեկ վարույթ ընդունելու եւ գործերը քննելու համար, ինչպես որ քաղաքացիական դատավարությունում, դատական կազմ է սահմանվել քաղաքացիական եւ վարչական պալատի մեծամասնությունը:

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կովենցիայի 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքները, ինչպես նաեւ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 2004 թ. դեկտեմբերի 15-ի ` վարչական դատարանի ակտերի վերահսկողության վերաբերյալ  թիվ 20 հանձնարարականի 4-րդ (i) կետը պահանջում են երաշխավորել վարչական դատարանի ակտերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը, այն է` վերաքննիչ վարույթի բացակայության պայմաններում առավելագույնս մատչելի, հստակ ճշգրիտ եւ կանխատեսելի դարձնել բողոքարկման միակ ատյանը` վճռաբեկ դատարանն ու վճռաբեկ վարույթը: Մինչդեռ, գործող օրենսդրությամբ (ՎԴՕ 115 հոդվ. 1-ին մաս) վարչական դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ ԴԱՀԿ մասին օրենքով   զուգահեռ  սահմանված է, որ կատարողական թերթ տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում, հետեւաբար գործնականում հնարավոր է, որ մինչ օրենքով (Քաղ. դատ. օր. 229 հոդվ.) սահմանված եռամսյա ժամկետում վճռաբեկ բողոք բերելը վարչական դատարանի ակտն արդեն կատարված լինի եւ վճռաբեկ բողոքարկումը դառնա իմաստազուրկ, բողոքարկող կողմի համար առաջացնի անդառնալի բացասական հետեւանքներ:

Բացի վերը նշվածներից, իրավաչափ չի համարվում վերաքննիչ վարույթի բացակայության պայմաններում վարչական դատարանի ակտերի դեմ վճառաբեկ բողոքի առնչությամբ այն նույն հիմքերի եւ ընդունելիության պայմանների սահմանումը, որոնք կիրառվում են քաղաքացիական արդարադատության եռաստիճան համակարգում: Ստացվում է վարչական դատավարությունում քաղաքացիական դատավարության նորմերի մեխանիկական վերարտադրություն այն դեպքում, երբ առաջինում վերաքննիչ վարույթ գոյություն չունի : Ուրեմն` վարչական դատավարության մասնակիցների կողմից վարչական դատարանի ակտը վճռաբեկ դատարան բողոքարկելու կարգը, ներառյալ` վճռաբեկ բողոքի թույլատրելիության հիմքերը, ինչպես նաեւ վճռաբեկ վարույթի կարգն այդ գործերով պետք է սահմանվեն հենց վարչական դատավարության օրենսգրքով եւ հղումներ պարունակեն քաղաքացիական դատավարության նորմերին միայն այն դեպքում, երբ առանձնահատկություններ չեն պարունակում:

Հետեւաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115 եւ 118-րդ հոդվածների 1-ին մասերը մեկ կողմից սահմանափակում են վճռաբեկ դատարանի մատչելիությունը, մյուս կողմից չեն բավարարում իրավական օրենքին ներկայացվող որակները:

Ելնելով վերոգրյալներից, նախագծով սահմանվել են վարչական դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու եւ վճռաբեկ բողոքարկման նոր կարգեր, իսկ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերին հղումներ են կատարվել միայն այն դեպքում, երբ որեւէ տարբերություն չկա քաղաքացիական եւ վարչական գործերի քննության հարցում: