Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության /14 դեկտեմբերի 2004 թվականի , ՀՕ-62-Ն, այսուհետ՝ օրենք/ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տասը տարուց ավելի ժամկետով կրթությունն ընդհատած նախկին սովորողը կարող է վերականգնվել համապատասխան (ոչ ավարտական) կուրսում, եթե առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների բազմաթիվ նախկին սովորողների /այդ թվում` նաեւ բարձր կուրսերի/ ուսումնառության ընդհատման ժամկետը 10 տարուց ավելին է: Բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով նրանք ներկայումս ցանկություն են հայտնում շարունակելու իրենց ուսումնառությունը հեռակա ուսուցման համակարգում՝ համատեղելով ուսումը աշխատանքի հետ:
Կրթությունն ընդհատած նախկին սովորողներից շատերը իրենց ուսանողական իրավունքների վերականգման համար չեն կարողացել դիմել ավելի վաղ /նշենք, որ վերոհիշյալ օրենքում 10 տարվա սահմանափակման վերաբերյալ լրացումը կատարվել է 2007թ.-ին/, ելնելով տարբեր պատճառներից՝ հանրապետությունից բացակայելու, ուսման վարձի, ընտանեկան պայմանների, սոցիալական վիճակի եւ այլն:
Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարել անհրաժեշտ լրացում: