Armenian ARMSCII Armenian
Պ-4121-05.03.2014-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 60-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ տեղական արտադրության կոնյակի) գովազդի հեռարձակումը 06:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաեւ մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Գովազի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը պայմանավորված են առանձին ապրանքատեսակների գովազդի առանձնահատկությունները առավել մանրամասնորեն սահմանելու, զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցների ֆինանսական ինքնաբավությունը բարձրացնելու, ինչպես նաեւ առանձին ալկոհոլային խմիչքների (տեղական արտադրության կոնյակ)՝ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդային առանձնահատկությունները հստակեցնելու պահանջով:

«Գովազի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդի առանձնահատկությունները, ամրագրում որոշակի տրամաբանական սահմանափակումներ: Ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներին հնարավորություն կտրվի երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս)  գովազդ: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ կետը հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) գովազդի հեռարձակման համար սահմանում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ նման տուգանքի կիրառումը կսահմանափակվի հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) գովազդի՝ 06:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակման համար:

Օրենսդրական նախաձեռնության հիմքում ընկած է այն պարզ հիմնավորումը, որ, մի կողմից, նշված ժամերին բնակչության անչափահաս հատվածը չի դիտում հեռուստատեսություն, հետեւաբար, գործող օրենքի տրամաբանական սահմանափակումները մնում են ուժի մեջ, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետությունում սպառվող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերությունները, գործող օրենքի սահմանափակումներով պայմանավորված, մեր երկրի համար չեն նախատեսում գովազդային բյուջեներ, ինչը տարեկան կտրածքով բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են, ինչպես ֆինանսատնեսական ճգնաժամի հետեւանքով ծանր ֆինանսական իրավիճակում հայտնված հայաստանյան հեռուստատեսությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ, դրանից գանձվող պետական բյուջեի մուտքերի տեսանկյունից: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ, գովազդատուների կողմից, գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով, տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ. դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը: Անհրաժեշտ է նաեւ ամրագրել, որ օրեսնդրական նախաձեռնությամբ պահպանվում է բնակչության անչափահաս հատվածի վրա ալկոհոլային խմիչքների գովազդի ազդեցության սահմանափակումը՝ ժ. 06:00-ից մինչեւ 22:00-ն զանգվածային  տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելվում է թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի,  գովազդը:

Բացի այդ, գործող օրենքով զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքներից (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) ողջ օրվա ընթացքում, առանց որեւէ սահմանափակման, թուլյատրվում է միայն կոնյակի գովազդը: Օրենսդրական այս նախաձեռնությամբ նախատեսվում է մասնավորեցում, որպեսզի թուլյատրվի բացառապես տեղական արտադրության՝ հայկական կոնյակի գովազդը: Նման փոփոխությունը նպատակ ունի գովազդի շուկայում  օրեսնսդրորեն ամրագրել կոնյակի տեղական արտադրությունը խթանելու պետական քաղաքականությունը: