Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5253-02.02.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի  (28 նոյեմբերի 2007 թվականի, ՀՕ-269-Ն ) 115-րդ հոդվածի 1-ին մասում «հրապարակման պահից» բառերից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի մեկից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ներկա փուլում իրականացվող դատաիրավական այն  բարեփոխումներով, որոնց նպատակն է`  Հայաստանի Հանրապետության դատական համակարգի անկախության եւ ինքնակառավարման սկզբունքի ամրապնդումը,  ապահովելու Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը, այն համապատասխանեցնել Եվրոպայի նախարարների խորհրդի հանձնարարականներից բխող չափանիշներին, մատչելի դարձնել արդարադատությունը, ապահովել յուրաքանչյուրի` Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի լիարժեք եւ արդյունավետ իրականացումը, վերականգնել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված լիարժեք եռաստիճան դատական համակարգը` դրանով իսկ ապահովելով յուրաքանչյուր անձի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը բոլոր դատական ատյաններում եւ արդարադատության մատչելիության իրավունքը, լուծարել գործող մասնագիտացված քաղաքացիական եւ քրեական դատարանները:

Սրանք այն հարցադրումներն են, որոնք առավել հրատապ լուծում են պահանջում, իսկ այդ հրատապությունը եւ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված են մի շարք հանգամանքներով:

Նախ, հիշյալ ինստիտուտների գործնական կիրառումը համեմատաբար կարճ ժամանակահատվածում ցույց տվեց, որ դրանք խիստ խոցելի են դարձրել արդարադատության մատչելիության սկզբունքը, ինչը դրսեւորվում է դատական ատյանների անհարկի անհավասարաչափ ծանրաբեռնվածությամբ, դատարան դիմելիս կողմերի համար անհիմն խոչընդոտների առկայությամբ, վճռաբեկ բողոքները քննարկման ընդունելու ակնհայտ անհիմն հիմքերի նախատեսմամբ եւ այլն:

Հիշյալ հիմնախնդիրների հրատապությունը հիմնավորվում է նաեւ այն փաստարկով, որ վերջին շրջանում այդ հարցադրումները քննարկման առարկա են դարձել նաեւ Սահմանադրական դատարանում, որի որոշումները եւս վկայում են դատաիրավական բարեփոխումների 1-ին փուլում առկա որոշ լուրջ բացթողումների մասին:

Մասնագիտացված դատարանների հետ կապված ներկայացված փոփոխությունների առնչությամբ հարկ է նկատել հետեւյալը: Դատական ատյաններում առկա է գործերի բաշխման անիրատեսական եւ տեսականորեն անհիմն բաշխում, ինչն անհարկի նվազեցրել է առաջին ատյանի դատարանների դերը եւ մասնակիորեն խաթարել արդարադատության մատչելիության սկզբունքը, քանզի արհեստականորեն ձեւավորված ծանրաբեռնվածությունը հանգեցրել է խախտված իրավունքների, դատական պաշտպանության ժամկետների ձգձգմանը: Մասնագիտացված քրեական եւ քաղաքացիական դատարանների գոյությունը պրակտիկայում ապացուցել է իր անարդյունավետությունը, ինչի մասին վկայում են նաեւ վիճակագրական տվյալները, մասնագիտացման չափանիշները, դատական նիստերին ներկայանալու  եւ ամբաստանյալներին ներկայացնելու հետ կապված դժվարությունները եւ անհիմն ծախսերը:

Այսպես` համաձայն 2008 թվականի անցած ժամանակահատվածի վիճակագրության` քրեական դատարանները 2008 թվականի առաջին երեք եռամսյակների ընթացքում քննել են 589 քրեական գործ, մեկ դատավորը` միջինը 45 գործ, մինչդեռ ընդհանուր իրավասության 118 դատավորներ նույն ժամանակահատվածում քննել են 945 գործ, մեկ դատավորը` միջինը 8 գործ, ինչը 5.6 անգամ պակաս է քրեական դատարանների դատավորների քննած գործերից:

Դրան հակառակ, քաղաքացիական դատարանների 30 դատավորներ 2008 թվականների առաջին երեք եռամսյակների ընթացքում քննել են 1114 քաղաքացիական գործ, մեկ դատավորը` միջինը 37 գործ, իսկ ընդհանուր իրավասության թվով 118 դատավորներ նույն ժամանակահատվածում քննել են 12645 քաղաքացիական գործ, մեկ դատավորը` միջինը 107 գործ, ինչը գրեթե 3 անգամ ավել է քաղաքացիական դատարանների դատավորների քննած գործերից: Բացի դրանից` քրեական եւ քաղաքացիական մասնագիտացված 3-ական դատարանները դատարան դիմելու լրացուցիչ բարդություններ են ստեղծում քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համար:  Ուստի ներկայումս գործող մասնագիտացված քաղաքացիական եւ քրեական դատարանների լուծարումը կարող է նպաստել խնդրի լուծմանը եւ արդյունքում բոլոր գործերի քննությունը կհանձնվի ընդհանուր իրավասության դատարաններին, կապահովվի միասնական, պարզեցված դատական համակարգի բնականոն գործունեությունը: Դրա արդյունքում կիրականացվի ոչ թե առարկայական ընդդատության որոշում, այլ ընդհանուր իրավասության դատարաններում կապահովվի դատավորների մասնագիտացվածություն, որի արդյունքում կունենանք գործերի պրոֆեսիոնալ քննություն, ինչն առավել արդյունավետ եւ որակյալ կդարձնի դատական քննությունը:

Գործող իրավական կարգավորման պայմաններում խնդիրներ են առաջանում իրավական որոշակիության մաս կազմող օրինական ուժի մեջ մտած իրավական ակտերի կայունության սկզբունքն ապահովելու առումով, քանի որ վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելով հրապարակման պահից, հետագայում վճռաբեկ դատարանի կողմից վերանայվելու եւ բեկանվելու արդյունքում հաճախ դժվարություններ է առաջացնում արդեն ուժի մեջ մտած եւ կամ կատարված վճռի հետեւանքները վերացնելու առումով: Օրենսդրական փոփոխությունների նախագծերով սահմանվում է միայն  օրինական ուժի մեջ չմտած որոշումների բողոքարկման հնարավորությունը, դրա համար սահմանվում են հստակ ժամկետներ, կարգավորման հիմքում դնելով այն սկզբունքը, որ օրինական ուժի մեջ չմտած ցանկացած որոշում կարող է բողոքարկվել ավելի բարձր ատյանի դատարան, սակայն օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշումներն վերջնական են, կայուն, եւ որպես ընդհանուր կանոն, վերանայման ենթակա չեն, ընդհանուր կանոնից, թերեւս, բացառություն են կազմում նոր եւ նոր երեւան եկած հանգամանքները, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարությունում առկա այն դեպքերը, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը /ՀՀ քր. դատ. օր-ի 21 հոդվածի 6-րդ մաս, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մաս/: Նման մոտեցումը լիովին համապատասխանում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային, Եվրոպական դատարանի տված մեկնաբանություններին, որն ըստ էության, անընդունելի է համարում արդեն օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատական ակտերի վերանայումը, հետեւաբար` օրենսդրական փոփոխությունն  ապահովագրում է Հայաստանի Հանրապետությանը Եվրոպական դատարանի կողմից այնպիսի որոշումների ընդունումից, որտեղ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմքով Հայաստանի Հանրապետությունը կհամարվի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան խախտող պետություն, ինչի հավանականությունը շատ բարձր է գործող օրենսդրության պայմաններում:

Գործող իրավական կարգավորման պայմաններում խնդիրներ են առաջանում նաեւ դատարանների կողմից դատական նիստերի դահլճից հեռացնելու սանկցիայի կիրառումը: Դատարանի կողմից դատական նիստերի դահլիճից հեռացնելը որպես դատարանի կողմից կիրառվող սանկցիա, կիրառվում է իրավախախտ անձի կողմից այնպիսի ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու դեպքում, որի արդյունքում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում, խոչընդոտվում է նիստի բնականոն ընթացքը կամ դատավարության մասնակիցները, իրենց դատավարական իրավունքներից օգտվում են անբարեխղճորեն կամ դատավարական պարտականությունները անհարգելի չեն կատարում կամ ոչ պատշաճ են կատարում: Ներկայումս գործող կարգավորումը պրակտիկայում էական դժվարություններ է առաջացնում այն դեպքերում, երբ ամբաստանյալը դատական նիստերի դահլիճում ոչ պատշաճ վարքագիծ է դրսեւորում` վտանգելով հասարակական հարաբերությունների բնականոն գոյության տեսանկյունից այնպիսի գերակա արժեքներ, ինչպիսիք են արդարադատության շահը, տուժողների եւ դատավարության այլ մասնակիցների, վկաների իրավունքների համակողմանի պաշտպանությունը, քաղաքացիների կողմից իրավահպատակ վարքագիծ դրսեւորելն ապահովելը, ինչն անխուսափելիորեն բխում է նույն ամբաստանյալի շահերից, քանի որ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում խոցելի է դառնում նաեւ հենց իր` ամբաստանյալի իրավունքների պաշտպանությունը:

Ամբաստանյալի նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացումը` որպես դատարանի կողմից կիրառվող սանկցիա կարեւոր նշանակություն ունի  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 6-րդ հոդվածի արդյունավետ կիրառումն ապահովելու տեսանկյունից:

Այս նորմերի իմաստով պահանջ հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննությունը քրեադատավարական պրոցեսում առանձնակի կարեւորություն ունի: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը նպատակ է հետապնդում հնարավորինս կրճատել այն ժամանակահատվածը, երբ դեռեւս անորոշ է ամբաստանյալի մեղավոր կամ անմեղ լինելու հարցը: Մինչդեռ ամբաստանյալի կողմից պարբերաբար ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու պարագայում վտանգի տակ է դրվում գործի` ողջամիտ ժամկետում քննելու հնարավորությունը, ինչի արդյունքում խախտում է ինչպես իր` ամբաստանյալի իրավունքները, այնպես էլ դատավարության մնացած մասնակիցների իրավունքները:

Կոնվենցիայի իմաստով քրեական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի ողջամիտ ժամկետում ստանալ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ վերջնական որոշում, ուստի պետության վրա պոզիտիվ պարտականություն է դրվում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որոնք կնպաստեն դատարանի կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում արդարադատության իրականացումը: Տրամաբանական է, որ ողջամիտ ժամկետի պահպանումը բխում է ինչպես ամբաստանյալի, այնպես էլ քրեական դատավարության այլ մասնակիցների ու նաեւ պետության եւ հասարակության շահերից:

Ողջամիտ ժամկետի ընթացքի «անխաթարությունը» հատկապես դատարանում գործի քննության ընթացքում բխում է ինչպես ամբողջ հասարակության, այնպես էլ քրեադատավարական ոլորտ ներգրավված յուրաքանչյուր անձի շահերից, ուստի տրամաբանական ու հիմնավորված է ժամկետի ընթացքի խախտմանն ուղղված յուրաքանչյուր գործողության դեմ որոշակի հակազդեցությունը, որը կարող է ծայրահեղ դեպքերում դրսեւորվել նաեւ ամբաստանյալին դատական դահլիճից հեռացնելով:

Ներկայացվող նախագիծը նաեւ ունի ամբաստանյալի վիճակը բարելավող բնույթ, քանի որ նախ ի տարբերություն օրենսգրքի գործող կարգավորման, դատական նիստերի դահլիճից հեռացման արդյունքում կալանավորված անձանց համար պատժի ժամկետի մեջ չհաշվելու խնդիր չի առաջանում, եւ երկրորդ այս փոփոխություններով տվյալ սանկցիայի կիրառման դեպքում պաշտպանի մասնակցությունը նիստին դառնում է պարտադիր:

Համանման նորմեր նախատեսված են նաեւ մի շարք երկրների քրեական դատավարության օրենսդրությամբ (Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան, Ռումինիա, Էստոնիա, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Մոլդովա, Ղազախստան, ԱՄՆ եւ այլն), ինչպես նաեւ 1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված միջազգային քրեական դատարանի կանոնադրության 71-րդ հոդվածում: Ի դեպ հիշյալ փոփոխությունները բխում են նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1973 թվականի «Մեղադրյալի բացակայությամբ անցկացվող դատաքննությունը կանոնակարգող չափորոշիչները» թիվ (75)11 բանաձեւից եւ 1987 թվականի սեպտեմբերի 17-ի «Քրեական արդարադատության պարզեցման վերաբերյալ» թիվ 6  R (87)18 հանձանարարականից: