Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19.06.2004, N ՀՕ-80) 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« Հոգեբուժական ստացիոնարում օրենքով սահմանված կարգով հոսպիտալացված անձին պարտադիր հետազոտում է հոգեբուժական հանձնաժողովը եւ հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում, հոգեբուժական այն հաստատության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին, քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում տեղավորելու պահից 72 ժամվա ընթացքում դիմում է դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը կարգավորում է հոգեբուժական ստացիոնարում տեղավորված անձի հետազոտման եւ ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու կարգը, ըստ որի հոգեբուժական ստացիոնարում օրենքով սահմանված կարգով հոսպիտալացված անձին 72 ժամվա ընթացքում պարտադիր հետազոտում է հոգեբուժական հանձնաժողովը, եւ հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում` հոգեբուժական հաստատության տնօրինությունը դիմում է դատարան: Սակայն գործող օրենքի սույն դրույթը հստակ չի կանոնակարգում, թե հոգեբուժական հաստատության տնօրինությունը ո՞ր ժամանակահատվածում պետք է դիմի դատարան, եւ արդյոք 72 ժամը ներառում է նաեւ դատարան դիմելու գործընթացը:
Միաժամանակ, «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը չի համապատասխանում անձին ազատությունից զրկելու վերաբերյալ Եվրոպական դատարանի ձեւավորած պրակտիկային եւ իրավական որոշակիության սկզբունքին:
Առկա կարգավորումը հստակեցնելու, ինչպես նաեւ հետազոտման նպատակով հոգեբուժական ստացիոնարում տեղավորված անձին առանց դատարանի որոշման 72 ժամից ավելի չպահելու նպատակով, առաջարկվում է սույն փոփոխությունը: