Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 ապրիլի 2005 թվականի ՀՕ-82-Ն, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի`
1) 1-ին մասի «բ)» կետից հանել «կամ արտադրական հսկում» բառերը.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածից նպատակահարմար է հանել «ինքնահսկում կամ արտադրական հսկում» հասկացությունը, այն ավելի ընդգրկուն սահմանելով «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» ՀՀ օրենքով:
Ելնելով «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրված հասկացությունից անհրաժեշտություն է կատարել նաեւ համապատասխան փոփոխություն «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածում:
«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված այն դրույթը, որ ինքնահսկման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին: Ուստի անհրաժեշտություն է իրավաբանական անձանց կողմից ինքնահսկման իրականացմանը ներկայացվող պահանջներն ու կարգը սահմանել օրենքով:
«Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը բխում է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներից եւ 2006 թվականի նոյեմբերի 23-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված ծրագրի 235 րդ կետից:
Օրինագծում ամրագրված է կազմակերպության կողմից իրենց արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նյութերի եւ օգտագործվող բնական ռեսուրսների նկատմամբ ինքնահսկման նպատակը, խնդիրները, սկզբունքներն ու ինքնահսկմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ տվյալ արտադրության պրոցեսում օգտագործվող էներգետիկ ռեսուրսների եւ որպես հումք օգտագործվող բնական ռեսուրսների դիտարկումներին ներկայացվող պահանջները:
Ինքնահսկումը, դա չափագրման եւ(կամ) հաշվարկային մեթոդով կազմակերպության կողմից իրենց արտադրական պրոցեսի վիճակի, այդ թվում` հումքի օգտագործման, դրա ընթացքում առաջացած վնասակար նյութերի որակի ու քանակի եւ օգտագործվող բնական ռեսուրսների որակի ու քանակի դիտարկումների միջոցով շրջակա միջավայրի վիճակի բնապահպանական օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատման գործընթաց է:
Ինքնահսկման նպատակն է` համալիր միջոցառումների իրականացման միջոցով հնարավորինս կանխարգելել կամ նվազեցնել շրջակա միջավայրի վրա տվյալ կազմակերպության ունեցած վնասակար ազդեցությունները եւ բնական ռեսուրսների գերշահագործումը:
Օրինագծում ամրագրված չափորոշիչների համաձայն կորոշվի եւ կհաստատվի պարտադիր ինքնահսկում իրականացնող այն կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեությունը զգալի ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա:
Օրինագծի համաձայն ինքնահսկում պետք է իրականցվի`
Կազմակերպությունը պետք է իրականցնի նաեւ շրջակա միջավայրի վրա իր ունեցած ազդեցության գնահատում:
Կազմակերպություններն ինքնահսկում պետք է իրականցեն մթնոլորտ եւ ջրային ռեսուրսներ կատարվող արտանետումների ու արտահոսքերի նկատմամբ, հողերի աղտոտման եւ արտադրության պրոցեսում առաջացող թափոնների նկատմամբ, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների օգտագործման եւ օգտակար հանածոների արդյունահանման նկատմամբ` տվյալ կազմակերպության համար հաստատված ինքնահսկման ծրագրի համաձայն:
Օրինագծում ամրագրված են նաեւ ինքնահսկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման եւ ժամանակակից մեթոդներով հանրությանը տեղեկացման մեխանիզմները եւ ինքնահսկման գործընթացի նկատմամբ բնապահպանական վերահսկողությունը:
Օրինագծում ամրագրված անցումային դրույթների համաձայն` ինքնահսկում իրականացնող կազմակերպություններին հնարավորություն է տրվում երկու տարվա ընթացքում ստեղծել անհրաժեշտ պայմաններ ինքնահսկման համակարգի ներդրման ու գործընթացն սկսելու համար:
Ինքնահսկման համակարգի ներդրումը կնպաստի կազմակերպության կողմից շրջակա միջավայրի պահպանությանը եւ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը բավարար ուշադրություն դարձնելուն:
Ինքնահսկմամբ ստացված տվյալները կհամարվեն տեղեկատվության արժեքավոր աղբյուր` ինչպես կազմակերպությունների կողմից արտադրական պրոցեսների ճիշտ կազմակերպման համար, այնպես էլ լիազորված մարմնի կողմից արդյունավետ կառավարման ու վերահսկման համար: Ինքնահսկման արդյունքները հիմք կհանդիսանան իրավական նորմերի պահպանման համար, ինչպես նաեւ բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկի համար:
Ինքնահսկման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ժամանակից շուտ գնահատել շրջակա միջավայրի վիճակին սպառնացող իրավիճակները եւ արագ ու օպերատիվ արձագանքել եւ կանխարգելել շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունները:
Սույն օրենքի նախագծի ընդունումը կապահովի նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը, մասնավորապես` «Շրջակա միջավայրի հարցերի առընչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում, ինչպես նաեւ նախադրյալներ կստեղծի «Աղտոտման ինտեգրացված կանխման եւ հսկողության մասին» Եվրոպական Խորհրդի 1996 թ. սեպտեմբերի 24-ի N 96/61/EC դիրեկտիվի դրույթների ՀՀ-ում ներդրման համար, որն ի դեպ ներառված է ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 11 Արձանագրային որոշմամբ ընդունված «Եվրամիության ինտեգրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի իրականացման 2006-2009 թվականների Ազգային Ծրագրի» 18-րդ` «Շրջակա միջավայր» գլխում: Դիրեկտիվի պահանջով, աղտոտման համալիր կանխարգելման բաղադրիչները հանդիսանում են` ինքնահսկման եւ համալիր թույլտվությունների տրման համակարգերի ներդրումն ու պետական վերահսկողությունը: Այդ իսկ նպատակով, որպես 1-ին քայլ ընդունվեց «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, որպես 2-րդ քայլ ներկայացվում է սույն օրենքի նախագիծը եւ որպես 3-րդ քայլ` կներկայացվի համալիր թույլտվությունների տրման համակարգի ներդրումն ապահովող իրավական ակտի նախագիծը:
Դիրեկտիվի պահանջների ներդրման նախապատրաստական փուլի համար նախատեսվում է 4-6 տարի, իսկ ամբողջ համակարգի ներդրման համար` մինչեւ 2020թ.: Դիրեկտիվի պահանջների համաձայն վերոհիշյալ համակարգերի ներդրումը պարտադիր պահանջ է եւ հիմնականում ներկայացվում է շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն ունեցող կամ խոշոր աղտոտող կազմակերպություններին, իսկ մեր հանրապետությունում դրանց թիվը շուրջ 30 է` համաձայն նախագծում ներառված չափաքանակների: Նախատեսվող համալիր թույլտվությունների համակարգի ներդրումը նպատակ ունի նաեւ կատարելագործել ու պարզեցնել կառավարման համակարգը` «մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ, ինչն էլ համահունչ է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» գաղափարախոսությանը: Միաժամանակ, հարկ է նշել որ, ինքնահսկման համակարգը գործում է բոլոր զարգացած երկրներում եւ մեր հանրապետությունում այն գործել է դեռեւս ԽՍՀՄ օրոք եւ կազմակերպությունների մի մասը, ելնելով իր շահերից, առ այսօր շարունակում է այդ գործընթացը, սակայն տեղեկատվային համակարգը, ինչպես նաեւ այդ գործընթացի ամբողջականությունը չի ապահովվում` իրավական հիմքերի բացակայության պատճառով:
Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ներառված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար համապատասխան նորմերի սահմանմամբ, ինչպես նաեւ Օրենսգրքի 242-րդ հոդվածով բնապահպանական օրենսդրության պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող լիազորված մարմնին գործերի քննության իրականացման լիազորության սահմանմամբ: