Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-272 «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 8-րդ մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ խմբագրությամբ.
«Հարցատոմսերը կազմվում են քաղաքացիական ծառայության խորհրդի uահմանած կարգով համակարգչում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահական ընտրված առավելագույը 5 հարցերից: Համակարգչում զետեղված հարցաշարը եւ հարցերի հիմքում ընկած իրավական ակտերի (անհրաժեշտության դեպքում` նաեւ օժանդակ գրականության) անվանացանկը հրապարակվում են սույն հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ խմբագրությամբ.
«Հարցատոմսերում զետեղված հարցերը եւ դրանց հիմքում ընկած իրավական ակտերի (անհրաժեշտության դեպքում` նաեւ օժանդակ գրականության) անվանացանկը պետք է տրամադրվի փաuտաթղթային ատեuտավորման ենթակա քաղաքացիական ծառայողներին հարցազրույցից առնվազն 15 օր առաջ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ի 6-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Նույն հոդվածի 7-րդ մասը թեստավորման փուլի համար պարտադիր է համարում թեստերի կազմման հիմքում դրված հարցաշարի հրապարակումը մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ: Եվ, դատելով հոդվածի հետագա տրամաբանությունից, հարցազրույցի հարցաշարը եւ հարցատոմսերում ընդգրկված հարցերի քանակը մինչեւ հարցազրույցի անցկացման պահը մնում է գաղտնի:
Մեր կարծիքով եւ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այս երեւույթն արհեստականորեն խոչընդոտում է մրցույթներին նախապատրաստվելիս:
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում հնարավորություն ընձեռել մրցութային եւ ատեստավորման գործընթացների մասնակիցներին նախօրոք ծանոթանալ հարցազրույցների հարցաշարերին: