Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-533-16.02.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության  2005 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-205 օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին  մասի «երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը`» բառերը փոխարինել «երեխային խնամող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ  հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է աշխատող  ծնողի համար նրա` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսից, իսկ չաշխատող ծնողի համար` երեխայի ծննդյան օրվանից երկու ամիս առաջ: Երեխայի խնամքի նպաստի իրավունքը պահպանվում է մինչեւ նրա երկու տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը:»:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին` «անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո` 15 օրվա ընթացքում, տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին, եթե ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:


Հիմնավորում

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

 «2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է «Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ»-ի ծրագիր: Ծրագիրը կազմված է 6 հազար ընտանիքների հաշվարկով, եւ կազմում է 1 մրդ 296 մլն դրամ: Հաշվարկների հիմքում դրված է նվազագույն ամսական աշխատավարձի 60%-ը` 18 հազար դրամ:

Նշյալ ծրագիրը, մարդու իրավունքների տեսակետից, անհավասար պայմաններ է առաջացնում  աշխատող եւ չաշխատող ծնողների  ընտանիքների համար:

Այդ անհավասարությունը վերացնելու նպատակով առաջարկում ենք մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ  տրամադրել բոլոր երեխաներին` անկախ  ծնողների աշխատող լինելու հանգամանքից:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` տարեկան ծնունդների թիվը միջինը կազմում է 40 000 (2008 թվականին այն կազմել է 41 238, իսկ 2007 թվականին` 40 105):

Նախատեսելով երեխայի նպաստ մոտավոր հաշվարկներով 35 000 չաշխատող ծնողների համար նույնպես, կվերացնենք ընտանիքների միջեւ անհավասարությունը:

Այդ նպատակով հարկ կլինի  2010 թվականի բյուջեով լրացուցիչ նախատեսել  մոտավորապես 7 մլրդ դրամ, եթե հաշվարկների հիմքում դարձյալ դրված լինի նվազագույն ամսական աշխատավարձի 60%-ը` 18 հազար դրամը:

Առաջարկվող փոփոխություններով, մի կողմից կնվազեցնենք ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը, մյուս կողմից նպաստը կլինի առավել հասցեական: