Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34.1-րդ հոդվածով`
«Հոդված 34.1. Եթե սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ծառայությունների ձեռքբերման արդյունքում ընկերությունը (բացառությամբ պետության կողմից կարգավորվող սակագներ կիրառող ընկերությունների) իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերն օրենքով սահմանված կարգով ցուցակում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում, ապա ընկերությանը փոխհատուցվում է այդ ծառայությունների ստացման համար ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցումը կիրառվում է ցուցակման նպատակով ձեռք բերված հետեւյալ ծառայությունների նկատմամբ.
1) իրավաբանական ծառայություններ.
2) մարքետինգային ծառայություններ.
3) տեղեկատվական ծառայություններ.
4) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցվող աուդիտորական ծառայություններ.
5) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցվող հաշվապահական ծառայություններ.
6) ֆոնդային բորսայում ցուցակման ծառայություններ:
Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցման կիրառման նպատակով սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ծառայությունները մատուցող եւ ստա՟ցող ընկերությունների միջեւ կնքվող պայմանագրերում եւ կազմվող հաշվարկային փաստաթղթերում պետք է առանձին նշվեն այն ծառայությունների տեսակը, ծավալը, ինչպես նաեւ ԱԱՀ-ի գումարը, որոնց վրա տարածվում է սույն հոդվածի առաջին պարբերությամբ նշված փոխհատուցումը:
Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցումից օգտված ընկերությունից գանձվում է փոխհատուցված հարկի գումարը, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով հաշվարկված տույժերը` հաշվարկված փոխհատուցման օրվանից, եթե ընկերության կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման տարին նե՟րառող վեց տարիների ընթացքում դրանք ապացուցակվում են (այդ թվում` ընկերության վերակազմակերպման արդյունքում), կամ ընկերությունը լուծարվում է (բացառությամբ սնանկացման արդյունքում լուծարման դեպքի):»:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով`
«6) սույն օրենքի 34.1 հոդվածով նախատեսված փոխհատուցման գումարները: Ընդ որում, մինչեւ արժեթղթերի ցուցակումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում այդ ծառայությունների ձեռքբերման մասով օրենքով սահմանված կարգով հաշվանցված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցման հաշվետու ժամանակաշրջանում ենթակա են վերաձեւակերպման եւ պետք է միացվեն ծառայությունների ձեռքբերման արժեքին:»:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում ԱԱՀ վճարողների կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ԱԱՀ վճարողները կարող են օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկներ, եթե ճշտումը կատարվել է ԱԱՀ վճարողների կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակելու նպատակով: Ընդ որում, բաժնետոմսերի ցուցակման նպատակով ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա ԱԱՀ վճարողների նկատմամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով տույժեր հաշվարկվում եւ գանձվում են միայն տվյալ ընկերության կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում չցուցակվելու կամ սույն օրենքի 34.1 հոդվածի չորրորդ պարբերությամբ սահմանված պայմաններից որեւէ մեկը տեղի ունենալու դեպքում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: