Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-544-24.02.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Գլուխ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորվում է օլիմպիական մարզաձեւերի, Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված ոչ օլիմպիական  մարզաձեւերի եւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի /այսուհետ` լիազորված մարմին/  կողմից որպես հենակետային մարզաձեւ ճանաչված Հայստանի Հանրապետության  հավաքական /այսուհետ` հավաքական/ թիմի ձեւավորման, նրա անդամների կարգավիճակի, իրավունքների  եւ պարտականությունների հետ  կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հավաքականի անդամի  կարգավիճակի մասին օրենսդրությունը

Հավաքականի անդամի կարգավիճակի  մասին օրենսդրությունը  բաղկացած է  սույն օրենքից, «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքից, այլ  օրենքներից ու իրավական ակտերից:

Եթե ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հոդված 3. Հավաքական թիմի ձեւավորումը

Հավաքական թիմերը ձեւավորվում են  համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների կողմից: Լիազորված մարմնի սահմանած կարգով մարզիկները ընդգրկվում են  մեծահասակների,  երիտասարդական եւ պատանեկան  հավաքական թիմերի կազմերում:

Լիազորված մարմնի սահմանած կարգով  մարզիկներից, մարզիչներից եւ սպորտի բնագավառի  մասնագետներից ընտրվում է  հավաքական թիմերի խորհուրդ, իսկ մեծահասակների, երիտասարդական եւ պատանեկան հավաքական թիմերի  անդամները իրենց կազմից ընտրում են թիմի ավագ:

Հոդված 4. Հավաքական թիմի հիմնական նպատակները

Հավաքական թիմի հիմնական նպատակներն են

- երկրի հեղինակության ամրապնդման եւ մարզական պատիվը բարձր պահելու համար  համաշխարհային մրցասպարեզներում առաջավոր դիրքեր գրավելը

- Հայաստանում սպորտի զարգացմանը նպաստելը եւ օլիմպիական գաղափարները տարածելը

- միջազգային մարզական մրցաշարերին  մասնակցելու միջոցով ժողովուրդների միջեւ բարեկամության եւ փոխըմբռնման ամրապնդմանը նպաստելը

- մարզական մրցաշարերի նախապատրաստման, գիտամեթոդական եւ բժշկակենսաբանական բնագավառում փորձի կուտակումն ու մատաղ սերնդի մարզիկներին այդ փորձը փոխանցելու ապահովումը:

Հոդված 5. Հավաքական թիմի հիմնական խնդիրները

Հավաքական թիմի հիմնական խնդիրներն են`

- առաջատար մարզիկների սպորտային վարպետության  կատարելագործումը, նրանց համալիր նախապատրաստումը  օլիմպիական խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին եւ միջազգային այլ մրցաշարերին լավագույն ձեւով մասնակցելու համար

Գլուխ II

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԿԱԶՄԸ

Հոդված 6. Հավաքական թիմի կազմի սահմանումը

Հավաքական թիմի թեկնածուների առավելագույն  թվակազմը սահմանում է /որոշում է/  համապատասխան մարզաձի ազգային ֆեդերացիան, ելնելով մարզաձերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված կանոնակարգերից, Հայաստանի Հանրապետությունում տվյալ մարզաձեւի զարգացման մակարդակից ու տարվա գլխավոր մարցաշարերում մարզիկների  մասնակցության արդյունքներից:

Հոդված 7. Օլիմպիական  հավաքական թիմի ձեւավորումը

Օլիմպիական մարզաձեւերի  մեծահասակների  հավաքական թիմի հիմնական կազմի  բոլոր անդամները  համարվում են օլիմպիական  հավաքական թիմի  թեկնածու /այսուհետ` ՕՀԹԹ/:

ՕՀԹԹ-ի  մարզիչներն ու մասնագետները ընդգրկվում են  օլիմպիական հավաքական թիմերի  կազմում` համապատասխան մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացմամբ եւ հաստատվում են ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի  կողմից` ՀԱՕԿ-ի կանոնադրության պահանջներին համապատասխան:

Գլուխ III

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Հավաքական թիմի կազմում ընդգրկված  մարզիկների իրավունքները

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները եւ սպասարկող անձնակազմը մարզաձեւերի համապատասխան ազգային ֆեդերացիաների հետ կնքում են երկկողմ պայմանագրեր:

Հավաքական թիմի կազմում ընդգրկված  մարզիկներն իրավունք ունեն`

- ուսումնամարզական հավաքների  եւ միջազգային մրցաշարերին մասնակցության շրջանում  ստանալ օրապահիկ, գիշերավարձ, հանդերձանք եւ մարզական համազգեստ

- օգտվել ազգային մարզական կենտրոններ հանդիսացող, /անկախ դրանց սեփականության ձեւից/ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցներից

- օգտվել պետական գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների,  լաբորատորիաների եւ ուսումնական հաստատությունների  փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական եւ այլ գիտահետազոտական հաստատությունների գիտական  բժշկակենսաբանական ու տեխնիկական  նվաճումներից

- օգտվել  բժշկական հակադոպինգային  սպասարկումից,  ինչպես նաեւ հիվանդությունների  եւ մարզական վնասվածքների դեպքում  բժշկական հաստատություններում, բժշկամարզական  դիսպանսերներում ստանալու համապատասխան բուժում

- օգտվել պետական բյուջեի, ՀԱՕԿ-ի, մարզաձեւերի ֆեդերացիաների եւ օրենքով չարգելված այլ միջոցներով ձեռք բերված ժամանակակից նյութատեխնիկական հանդերձանքից /մարզական գույք, մարզական համազգեստ, տրենաժյոռներ եւ այլն/

- ստանալ  ամենամսյա դրամական եկամուտ մարզիկ-հրահանգչի  պաշտոնում պետական բյուջեի  կամ տեղական ինքնակառավարման  մարմինների բյուջեների  միջոցներիցստանալ աշխատավարձ, դրամական պարգեւ, պատվովճար, պարգեւատրում, թոշակ, խրախուսման այլ ձեւեր: ՀՀ քաղաքացի հանդիսացող օլիմպիական խաղերի, շախմատի համաշխարհային օլիմպիադաների, օլիմպիական մարզաձեւերից աշխարհի եւ Եվրոպայի  մեծահասակների  առաջնությունների հաղթողները ցմահ ստանում են պատվովճար: Պատվովճարի ամսեկան չափը օլիմպիական  խաղերի չեմպիոնի եւ շախմատի համաշխարհային օլիմպիադայի  հաղթողի համար չի կարող պակաս լինել նվազագույն  աշխատավարձի 300-ապատիկից, աշխարհի առաջնության հաղթողի համար` 200-ապատիկից, Եվրոպայի առաջնության հաղթողի  համար` 100-ապատիկից:
Այդ  մարզիկների անհատական եւ հավաքական թիմերի գլխավոր մարզիչները կառավարության սահմանած կարգով ստանում են միանվագ դրամական պարգեւ:

ՀՀ քաղաքացի հանդիսացող օլիմպիական խաղերի, շախմատի համաշխարհային օլիմպիադաների, օլիմպիական մարզաձեւերից աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների առաջնությունների  մրցանակակիրները  կառավարության սահմանած կարգով ստանում են միանվագ  պատվովճար: Այդ մարզիկների անհատական եւ հավաքական թիմերի  գլխավոր մարզիչները կառավարության սահմանած կարգով ստանում են միանվագ դրամական պարգեւ:

Պատվովճարները եւ դրամական պարգեւները տրվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

- արժանանալ սպորտային կոչումների` «Սպորտի վարպետ», «Միջազգային կարգի սպորտի վարպետ», «Սպորտի վաստակավոր վարպետ» ինչպես նաեւ ներկայացվել  պարգեւատրման` լիազորված մարմնի  եւ ՀԱՕԿ-ի դիպլոմներով ու պատվոգրերով, կառավարական պարգեւներով` օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մարզական  բարձրագույն նվաճումների  հասնելու,  մարզաձի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար

- մարզիկի սպորտային  ակտիվ գործունեության ավարտից հետո մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը, եթե նա վեց տարուց ավել ընդգրկված է եղել  օլիմպիական մարզաձեւերի եւ հենակետային մարզաձեւերի ցուցակում ընդգրկված մարզաձեւերի, մեծահասակների հավաքական թիմի կազմում կարող է ստանալ  սոցիալական պաշտպանվածության  մարզական թոշակ

- մարզումների, մարզական հավաքների եւ միջազգային մրցաշարերին  մասնակցելու ժամանակ ապահովագրված լինել դժբախտ պատահարների  պատճառած վնասներից

- մասնակցել անհատական պլանով նախապատրաստման նախագծերի  ծրագրմանը, մշակմանն ու վերլուծությանը
Սույն հոդվածում նախատեսված  իրավունքների իրականացման  համապատասխան  կարգերը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է ՀՀ Կառավարությունը:

Հոդված 9. Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների  պարտականությունները

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները պարտավոր են`

- հանդես գալով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո, արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում` օլիմպիական խաղերում,  աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում,  միջազգային այլ մրցաշարերում եւ իրենց նվաճումներով ամրապնդել  հայրենիքի մարզական փառքը

- մշտապես բարձրացնել  մարզական վարպետությունը, դրսեւորել քաղաքացիական դիրքորոշում, բարոյակամային բարձր հատկանիշներ,  տիրապետել ֆիզկուլտուրայի եւ սպորտի, օլիմպիական եւ միջազգային մարզական շարժման մասին գիտելիքներին

- անձնական օրինակով նպաստել  հավաքական թիմում  համերաշխության, ընկերական մթնոլորտի, ազնիվ մրցակցության սերմանմանը,  հարգալից վերաբերմունքի ձեւավորմանը  հավաքական թիմի  ղեկավարության, սպասարկող անձնակազմի, մրցավարների եւ երկրպագուների նկատմամբ

- բարեխղճորեն եւ ստեղծագործաբար  կատարել հավաքական թիմի ղեկավարության հրահանգները, մարզչական  կազմի  պահանջներն ու  խորհուրդները

- չխախտել մարզական ռեժիմը, չօգտագործել ՄՕԿ-ի, մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների եւ ՀՀ օրենսդրությամբ արգելված դեղամիջոցները եւ մեթոդները /թմրադեղեր, խթանիչներ եւ այլն/:

- պահպանել համակեցության նորմերը, հասարակական կարգ ու կանոնը

- խնամքով վերաբերվել մարզական համազգեստին, գույքին, հանդերձանքին, սարքավորումներին եւ մարզական այլ պարագաներին

- ապահովել լիազորված մարմնի, ՀԱՕԿ-ի, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների եւ հովանավոր կազմակերպությունների հետ կնքած պայմանագրի պահանջները:

Աշխատանքային կարգապահության խախտումների դեպքում հավաքական թիմի մարզիկ  անդամների նկատմամբ կիրառվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգապահական տույժ:

Հոդված 10. Հավաքական թիմի  մարզիչների  ու մասնագետների իրավունքները

Հավաքական թիմի մարզիչներն ու  մասնագետները պետք է ունենան համապատասխան  բազային կրթություն, մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների կանոնակարգերով սահմանված որակավորման կարգ /կատեգորիա/, հինգ տարուց ոչ պակաս պրակտիկ  աշխատանքի փորձ: Նրանք նշանակվում են  համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների կողմից:

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները իրավունք ունեն`

- ուսումնամարզական հավաքներին եւ միջազգային մրցաշարերին  մասնակցելու ժամանակ ստանալ օրապահիկ, գիշերավարձ, մարզչական համազգեստ

- ստանալ աշխատավարձ, դրամական պարգեւ, պատվովճար, պագեւատրում, թոշակ, խրախուսման այլ ձեւեր, օլիմպիական խաղերում, աշխարհի եւ  Եվրոպայի առաջնություններում մարզիկների կողմից ցույց տրված  սպորտային բարձր արդյունքների  համար

- ներկայացվել կառավարական պարգեւների` օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային այլ մրցաշարերում  մարզիկների կողմից ցույց տրված նվաճումների համար, ՀՀ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր  գործիչի», ՀՀ «ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող», «Վաստակավոր մարզիչ» կոչումների շնորհման` ֆիզկուլտուրային շարժման զարգացման գործում երկարամյա, նշանակալից ներդրման համար, պարգեւատրման` պատվոնշաններով, դիպլոմներով ու պատվոգրերով

- անձնական դիմումի համաձայն միակողմանիորեն լուծարել հավաքական թիմում աշխատելու պայմանագիրը` ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն:

Սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը սահմանում է ՀՀ Կառավարությունը

Հոդված 11. Հավաքական թիմի  մարզիչների ու մասնագետների պարտականությունները

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները  պարտավոր են`

- աշխատանքային պայմանագրեր կնքել համապատասխան մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաների հետ

- մշտապես բարձրացնել իրենց որակավորումը

- ապահովել ուսումնամարզական գործընթացի  ժամանակակից մեթոդական  եւ կազմակերպչական  մակարդակը, օպերատիվ ու հեռանկարային պլանավորումը` միջազգային մրցաշարերին նախապատրաստման եւ մասնակցության անցած փուլերի վերլուծության հիման վրա

-  հավաքական թիմում սերմանելու  ընկերական մթնոլորտ, գործնական մրցակցություն ու հարգալից վերաբերմունք հավաքական թիմի  սպասարկող անձնակազմի, մրցավարների  եւ երկրպագուների նկատմամբ

- հասնել հայկական  սպորտի հեղինակության ամրապնդմանը միջազգային մրցասպարեզում

- մարզումների կազմակերպման մեթոդիկայի, գիտամեթոդական ու բժշկակենսաբանական ապահովության բնագավառում  կուտակած փորձն ու  գիտելիքները փոխանցել նոր սերնդի  մարզիչներին եւ հավաքական թիմերի անդամ մարզիկներին

- արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային այլ մրցաշարերում:

Գլուխ IV

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 12. Հավաքական թիմի ղեկավարումը

Հավաքական թիմի ղեկավարումը  միանձնյա ղեկավարության  իրավունքով իրականացնում է  գլխավոր /ավագ/ մարզիչը, որը պատասխանատու է թիմի  անդամների մրցաշարերին  նախապատրաստման մակարդակի եւ ելույթների արդյունքների, համալիր նպատակային ծրագրերի իրագործման,  ուսումնամարզական հավաքների անցկացման,  դաստիրակչական աշխատանքների եւ թիմում  տիրող  հոգեբանական մթնոլորտի  համար:

Գլխավոր մարզիչը ղեկավարում է հավաքական թիմի խորհուրդը:

Ըստ մարզաձի խմբերի  եւ առանձին ենթամարզաձեւերի  /ճյուղերի/ մարզիչները մարզիկների անձնական մարզիչների հետ համատեղ մարզիկների  մրցաշարերին նախապատրաստման համալիր նպատակային ծրագրերի հենքով մշակում եւ իրականացնում են մարզիկների անհատական նախապատրաստման պլանները /ծրագրերը/, անմիջականորեն մասնակցում են մարզումային գործընթացին:

Հոդված 13. Հավաքական թիմերի մասնագետները

Հավաքական թիմի բժիշկները հետեւում են մարզիկների առողջությանը, անհրաժեշտության դեպքում իրականացնում են նրանց բուժումն ու վերականգնումը,  ինչպես նաեւ հսկողության տակ են  առնում  մարզիկների հաշվեկշռված  սնունդն ու այն վայրերի սանիտարահիգիենիկ պայմանները, որտեղ ընթանում է ուսումնամարզական գործընթացը:

Հավաքական թիմի  մերսողները ենթարկվում են թիմի բժիշկին, ապահովում են  մարզիկների վերականգնումը,  անցկացնում են ֆիզիոթերապեվտիկ մեթոդներով պրոցեդուրաներ /բուժագործություն/:

Հավաքական թիմերը սպասարկող գիտական խմբերի  մասնագետները աշխատում են  հավաքական թիմի գլխավոր /ավագ/ մարզչի ղեկավարությամբ, իրականացնում են նրանց նախապատրաստվածության ֆունկցիոնալ վիճակի ու տեխնիկական  մակարդակի ընթացիկ եւ համալիր վերահսկողություն, մարզչական կազմի հետ համատեղ մշակում են  մարզիկների մրցաշարերին  նախապատրաստման  համալիր նպատակային ծրագրերը:

Հավաքական թիմերի մյուս մասնագետները /զինական եւ նավային վարպետները, մեխանիկները, ձիապանները եւ այլն/ իրենց աշխատանքը կատարում են  համաձայն համապատասխան ազգային ֆեդերացիաների  կողմից հաստատված պաշտոնական հրահանգների:

Հոդված 14. Հավաքական թիմի նյութատեխնիկական  եւ ֆինանսական ապահովվածությունը:

Հավաքական թիմերի նախապատրաստման եւ օլիմպիական խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, միջազգային այլ մրցաշարերին մասնակցությունը` այդ թվում նրանց նյութատեխնիկական ապահովվածությունը իրականացվում է Կառավարության սահմանած կարգով` պետական բյուջեի միջոցների, ինչպես նաեւ ՀԱՕԿ-ի, համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Գլուխ V

Եզրափակիչ դրույթներ

Հոդված 15. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Սույն օրենքի խախտումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ  ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքի ընդունումը պայմանավորված է  ՀՀ հավաքականի անդամի  կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրինագծի մշակման համար հիմք է հանդիսացել  2004թ. ապրիլին ընդունված ԱՊՀ մասնակից պետությունների միջպառլամենտական ասամբլեաի  կողմից ընդունված «Հավաքական թիմի  մարզիկի կարգավիճակի մասին» մոդելային օրենքը: 2007թվականից ներկայացված այս օրինագծի մշակմանը մասնակցել է ՀՀ Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի  պետական կոմիտեի նախկին նախագահի տեղակալ Հ. Յավրյանը: