Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-545-24.02.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-105-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում ավելացնել  «ժ.1» կետ հետեւյալ բովանդակությամբ.

« ժ.1 Հայաստանի Հանրապետության վաստակավոր գրադարանավար »։

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածից հետո ավելացնել «Հոդված 13.1» հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 13.1  Վաստակավոր գրադարանավարի պատվավոր կոչումը

Վաստակավոր գրադարանավարի պատվավոր կոչում է շնորհվում գրադարանային գործի բնագավառում աշխատանքային երկարամյա փորձ, մասնագիտական բացառիկ կարողություններ, վաստակ եւ նվիրում ցուցաբերած գրադարանավարներին, ովքեր իրենց գործունեությամբ խթանել են ոլորտի զարգացումը, նպաստել հանրության կրթության ու դաստիարակության գործին, հոգեւոր-մշակութային արժեքների հանրահռչակմանն ու տարածմանը»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պատվավոր կոչումների մասին Հայաստանի Հանրապետության   օրենքն» ընդունվել է  2004թ հունիսի 11-ին (ՀՕ-105-Ն) ։ Այն կարգավորում է  գիտության, կրթության, մշակույթի, գրականության, լրագրության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, տնտեսության բնագավառների ականավոր գործիչներին, կոլեկտիվներին պատվավոր կոչումներ շնորհելու հետ կապված հարաբերությունները,  սահմանում է պատվավոր կոչումներ շնորհելու կարգն ու պայմանները:

 Օրենքն առանձնացնում է վերոհիշյալ ոլորտները ներկայացնող  15 պատվավոր կոչումներ, ի թիվս որոնց  «Վաստակավոր մանկավարժ», «Վաստակավոր ճարտարապետ», «Վաստակավոր լրագրող», «Վաստակավոր բժիշկ», «Վաստակավոր իրավաբան» կոչումները:

Գրադարանային աշխատողներն ընդգրկված են Մշակույթի վաստակավոր գործիչ անվանակարգում, ուր ներառված է մշակութային ողջ դաշտը (թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներ, ռեժիսորներ, գեղարվեստական ղեկավարներ)՝ ներառյալ ճարտարապետներն ու լրագրողները, որոնք ներկայացված են նաեւ առանձին՝ վաստակավոր լրագրող, վաստակավոր ճարտարապետ  հոդվածներում։ Ըստ գործող օրենքի արվեստի եւ մշակույթի բազմաթիվ գործիչներ՝ ինչպես կոմպոզիտորները, ռեժիսորները, խմբավարները, արտիստները, նկարիչները, գեղարվեստական խմբերի ղեկավարները պատվավոր կոչում ստանալու հնարավորություն ունեն թե ժողովրդական արտիստի, թե վաստակավոր արտիստի, թե մշակույթի վաստակավոր գործչի, թե արվեստի վաստակավոր գործչի առանձին անվանակարգերում։ Գրադարանների աշխատողներին ներառելով մշակույթի վաստակավոր գործիչ տարողունակ խմբում, խիստ մրցակցային ենք դարձնում գրադարանավարների պատվավոր կոչում ստանալու հավանականությունը։

Թերեւս այս է պատճառը, որ 1988 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում չի շնորհվել գրադարանային բնագավառի որեւէ աշխատողի։

Օրենսդրական փոփոխությամբ «Պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում առանձին հոդվածով սահմանելով  «Հայաստանի Հանրապետության վաստակավոր գրադարանավար կոչումը »,  մեր նպաստը կբերենք գրքի եւ գրադարանային գործի նկատմամբ հարգանքի  մթնոլորտի ձեւավորմանը, արժանին կմատուցենք այն գրադարանավարներին, ովքեր խթանել են ոլորտի զարգացմանը, հոգեւոր-մշակութային արժեքների տարածմանը։