Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. նոյեմբերի 25-ի ՀՕ-258 օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասը` «բյուջեի» բառից հետո լրացնել «,իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների զինծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող»բառերով:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.
«Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին: Դատապարտված անձանց նկատմամբ հետագայում արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում դրամական օգնությունը ենթակա է վճարման (դրամական օգնության չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում զինծառայողին աշխատանքից ազատելու պահը):
Առողջության, տարիքի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած, հետագայում զինվորական ծառայության վերականգնված զինծառայողներին` սահամանված կարգով նորից արձակվելու դեպքում, դրամական օգնությունը վճարվում է արձակվելու կամ կենսաթոշակի անցնելու պահին դրամական բավարարման նկատմամբ սահմանված եւ նախկինում վճարված դրամական բավարարման բազմապատիկների տարբերության չափով:
Ծառայության ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), դրամական օգնությունը ստացած եւ կրկին ծառայության անցած զինծառայողներին` ժամկետը լրանալու կապակցությամբ դրամական օգնությունը վճարելիս կիրառվում են սույն հոդվածով սահմանված ժամկետները եւ չափերը: Հերթական անգամ վճարվող եւ նախկինում վճարված դրամական օգնությունների բազմապատիկների հանրագումարը չի կարող ավելի լինել ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված դրամական բավարարման բազմապատիկից:
Դրամական օգնության վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 27.02.03թ. թիվ 016-755 հանձնարարականի։
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը չի կարգավորում այն զինծառայողներին դրամական օգնություն տալու կամ սահմանափակելու հարցը, ովքեր ծառայությունից ազատվել են դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, կարգապահական խախտումներ կատարելու հետեւանքով, ինչպես նաեւ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած, հետագայում զինվորական ծառայության վերականգնված զինծառայողներին, սահամանված կարգով նորից արձակվելու դեպքում դրամական օգնության վճարման հարցը:
Օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` զինծառայողների նյութական ապհովությունն իրականացվում է «պետական բյուջեի միջոցների հաշվին», մինչդեռ, ինչպես ամրագրված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում` «ոստիկանությունը քաղաքացիների եւ կազմակերպությունների գույքի պահպանությունը պարտավոր է ապահովել նաեւ պայմանագրային հիմունքներով», իսկ նույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` « ոստիկանությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց` կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացվող միջոցներից»:
Օրենքի նախագծով սահմանվում է դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար համակարգից հեռացված զինծառայողներին, ինչպես նաեւ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած, հետագայում զինվորական ծառայության վերականգնված զինծառայողներին դրամական օգնություն տրամադրելու կարգը: Դա պայմանավորված է զինծառայողների շրջանում արդարության մթնոլորտ ստեղծելու եւ ֆինանսական միջոցներն արդյունավետ ու նպատակային օգտագործելու հանգամանքով:
Ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից ազատվողներին դրամական օգնություն վճարելու վերաբերյալ լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պայմանագրային ծառայության ժամկետը (զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար նախատեսված ժամկետները) լրանալու կապակցությամբ ծառայությունից սահմանված կարգով ազատվող զինծառայողները կարող են ստանալ դրամական բավարարման 5-ապատիկի չափով դրամական օգնություն եւ կրկին կնքել պայմանագիր: Փաստորեն, կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ ստաժը (20 տարի) լրանալիս հնարավոր է, որ դրամական օգնությունը նրանց վճարված լինի 6 անգամ եւ կենսաթոշակի անցնելու դեպքում կպահանջվի վճարել եւս դրամական բավարարման 20-ապատիկի չափ գումար: