ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1- Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակն է խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական նկատառումներով /դրդապատճառներով/ անձի իրավունքների եւ ազատությունների կոպիտ ոտնահարմամբ, քաղաքական, կրոնական եւ այլ համոզմունքների համար, սոցիալական, ազգային խտրականության դրսեւորմամբ բռնադատված անձանց անօտարելի եւ իրավունքների վերականգնումը, ինչպես նաեւ բռնադատման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը:
Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է բռնադատվածների իրավական կարգավիճակի, նրանց նկատմամբ պետական քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների եւ բռնադատվածների հիմնահարցերին առնչվող փոխհարաբերությունները:
Հոդված 3. Բռնադատվածների մասին օրենսդրությունը
Բռնադատվածների մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.
Բռնադատված - Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում /սկսած 1920թ. նոյեմբերի 29-ից, մինչեւ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փլուզումը/ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով՝
ա) դատապարտվել է 1961 թվականի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65-րդ, 67-րդ, 69-րդ, ինչպես նաեւ 2061 -րդ հոդվածներով կամ 1927 թվականի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն այլ հանրապետությունների քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով եւ հետագայում արդարացվել է,
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով,
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների, բժշկական կամ գիտական փորձերի,
դ) արտաքսվել է նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից,
ե) ազատազրկվել, աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ,
զ) ենթարկվել է վարչական աքսորի կամ արտաքսման,
է) անհիմն ենթարկվել է քրեական պատասխանատվության եւ նրա վերաբերյալ գործերը կարճվել են ոչ արդարացման հիմնավորումներով,
ը) ճանաչվել է սոցիալապես վտանգավոր եւ ազատազրկվել, աքսորվել, արտաքսվել է դատարանի կողմից կամ արտադատարանական կարգով՝ առանց այդ անձի նկատմամբ կոնկրետ հանցագործություն կատարելու մասին մեղադրանք ներկայացնելու:
Բռնադատված է համարվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միություն այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական շարժառիթների հետեւանքով ծնվել է աքսորավայրում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում /աքսորավայր, արտաքսման եւ ազատազրկման վայրեր կամ հատուկ բնակավայրեր ուղարկվելիս/:
Բռնադատվածի ընտանիքի անդամ են համարվում ՝
ա) աքսորավայրերում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում ծնողների հետ գտնված երեխաները.
բ) բռնադատման հետանքով անչափահաս հասակում ծնողներից թեկուզեւ որեւէ մեկի խնամքից զրկված երեխաները.
գ) ազատազրկման վայրերում մահացած կամ գնդակահարված եւ հետմահու արդարացված անձանց երեխաները, ամուսինը՝ եթե վերջինս կրկին չի ամուսնացել, ինչպես նաեւ ծնողները.
դ) այն անձինք, ովքեր ամուսնացել են աքսորավայրում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրում պատիժը կրող բռնադատվածների հետ.
ե) այն բռնադատվածի կինը (ամուսինը), որը ամուսնու (կնոջ) հետ կամավոր մեկնել է աքսորավայր, արտաքսման կամ ազատազրկման վայր, հատուկ բնակավայր:
Բռնադատվածի առաջին հերթի ժառանգներ՝ ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները:
Քաղաքական պատիժ /ճնշում/ են համարվում՝ - քաղաքական շարժառիթներով պետության կողմից կիրառվող բռնադատումների տարբեր միջոցները՝ կյանքի կամ ազատության զրկման, հոգեբուժական հիմնարկներում հարկադիր բուժման տեղավորելու, երկրից արտաքսելու եւ քաղաքացիությունից զրկելու, բնակության վայրերից բնակչության խմբեր արտաբնակեցնելու, հատուկ բնակավայրեր աքսորելու, տարագրելու, ազատության սահմանափակման պայմաններում հարկադիր աշխատանքներում ներգրավելու, ինչպես նաեւ այն անձանց այլ իրավունքները եւ ազատությունները զրկելու կամ սահմանափակելու ձեւով, որոնք համարվում են սոցիալապես վտանգավոր պետության կամ քաղաքական համակարգի համար՝ դասակարգային, սոցիալական, ազգային, կրոնական, կամ այլ հատկանիշներով, որոնք իրականացվել են դատարանների եւ դատական գործառույթներով օժտված այլ մարմինների որոշումներով, կամ վարչական կարգով՝ գործադիր իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական կազամակերպություների եւ այդ կազմակերպությունների վարչական իրավասություններով օժտված մարմինների կողմից:
Արդարացում /ռեաբիլիտացիա/ - սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված անձանց՝ քաղաքական պատիժների ենթարկելու հետեւանքով խախտված իրավունքների ճանաչումը եւ վերականգնումն է, ինչպես նաեւ բռնադատման հետեւանքով այդ անձանց պատճառված բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցումը:
ԳԼՈՒԽ 2.
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 5. Արդարացման ենթակա անձինք
Արդարացման ենթակա են բռնադատվածներն ու բռնադատվածների ընտանիքի անդամները:
Արդարացման ենթակա են նաեւ այն անձինք, որոնք անկախ նրանց նկատմամբ ներկայացված փաստացի մեղադրանքների հիմնավորվածությունից դատապարտվել են՝
ա) հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի.
բ) խորհրդային պետական եւ հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելու.
գ) եկեղեցին պետությունից եւ դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքները խախտելու.
դ) կրոնական ծեսեր կատարելուն արգելք հանդիսանալու, կրոնական ծիսակատարությունների պատրվակով քաղաքացիների անձի եւ իրավունքների դեմ ոտնձգություն կատարելու համար:
ե) անհիմն քաղաքական մեղադրանքով պատիժների ենթարկվելու հետեւանքով ազատազրկման վայրերում, աքսորավայրերում, հատուկ բնակավայրերում եւ ազատության սահմանափակման պայմաններում հարկադիր աշխատանքի ներգրավման վայրերում գտնված եւ այդ վայրերից փախուստի դիմելու համար:
Արդարացման ենթակա են նաեւ այն քաղաքացիները, որոնք պետական մարմինների կողմից աքսորվել կամ արտաքսվել են իրենց մշտական բնակության վայրից եւ զրկվել են ունեցվածքից քաղաքական, սոցիալական, ազգային, կրոնական կամ այլ դրդապատճառներով՝ կուլակության դեմ պայքարի, կոլեկտիվացման հակառակորդների եւ այդօրինակ այլ մեղադրանքների անվան տակ:
Հոդված 6. Արդարացման սահմանափակումները
Արդարացման ենթակա չեն անձինք, որոնք հիմնավոր ապացույցների հիման վրա դատապարտվել են դատարանների կողմից, ինչպես նաեւ ենթարկվել են պատասխանատվության արտադատարանական կարգով եւ այդ անձանց վերաբերյալ գործերում կան բավարար ապացույցներ նրանց մեղադրելու՝
ա) հայրենիքի դավաճանություն՝ լրտեսության ձեւով, զինվորական կամ պետական գաղտնիքը հայտնելու, թշնամու կողմն անցնելու, տեռորիստական ակտ, դիվերսիա, վնասարարություն, սաբոտաժ.
բ) մարդու եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների, քաղաքացիական ազգաբնակչության եւ ռազմագերիների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու, ինչպես նաեւ հայրենիքի դավաճաններին եւ ֆաշիստական զավթիչներին հայրենական մեծ պատերազմի ժամանակ այդպիսի գործողություններ իրականացնելիս ծառայելու.
գ) բանդիտական միավորումներ կազմավորելու եւ դրանց կողմից իրականացված սպանությունների, թալանի եւ այլ բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաեւ այդ միավորումների կազմում անձամբ այդպիսի գործողություններ իրականացնելու.
դ) մարդկության դեմ իրականացված զինվորական հանցագործությունների եւ արդարադատության դեմ կատարված հանցագործությունների:
Արդարացման ենթակա չեն նաեւ վարչական կարգով հատուկ բնակավայրեր ուղարկված այն խորհրդային քաղաքացիները /ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք/, ովքեր ծառայել են գերմանաֆաշիստական զորքերի շարային եւ հատուկ զորամիավորումներում, ոստիկանությունում, եթե կան փաստեր նշված զրամիավորումների կազմում Խորհրդային բանակի, պարտիզանների, հակահիտլերյան կուալիցիայի զորքերի եւ խաղաղ բնակչության դեմ՝ այդ անձանց հետախուզական, ռազմական եւ պատժիչ գործողություններին մասնակցության մասին, բացառությամբ այն անձանց, որոնք հետագայում Խորհրդային բանակի, պարտիզանական ջոկատների կամ Դիմադրության շարժման կազմում մասնակցել են գերմանաֆաշիստական զորքերի դեմ մղված մարտերին:
Հոդված 7. Բռնադատվածի արդարացման կարգը
Արդարացումն իրականացվում է բռնադատվածի, նրա ընտանիքի որեւէ անդամի, հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա՝ դատական կարգով:
Այդ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ազգային անվտանգության եւ ոստիկանության բնագավառների պետական լիազորված մարմնների հետ միասին անցկացնում է ուսումնասիրություններ եւ կազմում է համապատասխան եզրակացություններ բոլոր այն քրեական գործերի վերաբերյալ, որոնք նշված են սույն օրենքի 3- 5-րդ հոդվածներում եւ որոնց մասին որոշումները չեն վերացվել /փոխվել/ դրանք կայացնելուց հետո, իսկ արդարացված անձանց մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը դիմումատուին տալիս է համապատասխան տեղեկանք՝ դիմումն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում:
Եթե կան հիմքեր, անձի, սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն արդարացման ենթակա չլինելու մասին կամ սահմանված կարգով ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ համապատասխան անձանց մասին տեղեկությունները բացակայում են կամ անբավարար են եւ նրանց արդարացնելու հիմքերը թերի, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ դիմումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում քրեական գործն իր եզրակացությամբ ուղարկում է այն դատարաններ, որոնց օրենքով սահմանված կարգով ընդդատյա են այդ գործերը: Դրանք քննարկվելուց հետո դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝
ա) որ անձը հիմքերի առկայությամբ դատապարտվել կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով եւ նրա վրա չեն տարածվում սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթները.
բ) որ անձը անհիմն դատապարտվել կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով եւ նա ենթակա է արդարացման սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների համաձայն: Այդ դեպքում դատարանը բեկանում է նախկին որոշումը եւ կարճում է գործը: Գործերը քննարկելիս դատարանը կարող է նաեւ փոփոխություններ կատարել դատարանների նախկինում կայացված դատավճիռներում /վճիռներում/, որոշումներում եւ արարքների որակումներում, ինչպես նաեւ արտադատարանական մարմինների որոշումներում:
Դատարանի կողմից արդարացման ոչ ենթակա ճանաչված անձանց տրվում է համապատասխան որոշում /վճիռ/: Դատարանի կողմից անհիմն դատապարտված կամ արտադատարանական կարգով քրեական պատասխանատվության ենթարկված, ճանաչված անձանց տրվում է արդարացման մասին տեղեկանք: Անձին բռնադատված ճանաչելու հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով: Համապատասխան հիմքերի եւ տեղեկությունների բացակայության կամ անբավարար լինելու դեպքերում անձի բռնադատման փաստը կարող է հաստատվել դատարանում՝ վկայություն տալու հիման վրա:
Հոդված 8. Բռնադատվածների, նրանց ընտանիքի անդամների կամ առաջին հերթի ժառանգների հաշվառումը եւ վկայականները
Բռնադատվածների, նրանց ընտանիքի անդամների կամ առաջին հերթի ժառանգների հաշվառումը եւ համապատասխան վկայականների տրամադրումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 3.
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. Բռնադատվածների գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքները
Բռնադատվածների գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքների ճանաչումը, վերականգնումը, ինչպես նաեւ բռնադատման հետեւանքով նրանց պատճառված վնասը փոխհատուցվում է օրենքով սահմանած կարգով:
Բռնադատվածներին վերադարձման ենթակա է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում բռնագրավված, առգրավված, բռնադատման հետեւանքով նրանց տիրապետումից այլ ճանապարհով դուրս մնացած գույքը: Դրա անհնարինության դեպքում փոխհատուցվում է գույքի արժեքը կամ վճարվում է դրամական փոխհատուցում: Գույքի արժեքի կամ դրամական փոխհատուցման չափը, դրանց տրման կարգը եւ ժամկետները սահմանում է Կառավարությունը:
Վերադարձման ենթակա չեն.
ա) գույքը (այդ թվում բնակելի տները), որն ազգայնացվել է/պետականացվել են, անցել են տեղական ինքնակառավարման մարմիններին/, բռնագրավվել, առգրավվել կամ տիրապետումից այլ ճանապարհով դուրս են մնացել այդ պահին գործող օրենսդրությանը համապատասխան.
բ) հողը, տնկիները եւ այգիները.
գ) քաղաքացիական շրջանառությունից հանված գույքը.
դ) գույքը, որը ոչնչացվել է քաղաքացիական կամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ տարրերային եւ այլ աղետների հետեւանքով:
Հոդված 10. Բռնադատվածների քաղաքացիության վերականգնումը
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության քաղաքացիությունից զրկված եւ ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի քաղաքացիությունը վերականգնվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով սահմանված կարգով:
Հոդված 11. Բռնադատվածների կոչումների եւ աստիճանների վերականգնումը
Բռնադատվածի զինվորական, գիտական եւ այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետեւանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից՝ բռնադատվածի, նրա ընտանիքի որեւէ անդամի, հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա: Բռնադատվածներին վերադրաձվում են նրանց ստացած պետական պարգեւները, շքանշաններն ու մեդալները:
Հոդված 12. Բռնադատվածներին կենսաթոշակով ապահովելը
Բռնադատվածի /սկսած 14 տարեկանից/ ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, բժշկական կամ գիտական փորձեր կիրառելու ժամկետները մտցվում են տարիքային արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունքը տվող ստաժի մեջ՝ եռակի չափով:
Բռնադատվելու հետեւանքով անաշխատունակ դարձած անձը ապահովվում է աշխատանքային կենսաթոշակով՝ անկախ աշխատանքային ստաժից:
Հոդված 13. Բռնադատվածների բնակարանային պայմանների բարելավումը
Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին իրենց նախկին բնակության վայրերում, իսկ այլ հանրապետություններից բռնադատվածներին Կառավարության կողմից սահմանված բնակավայրերում, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար՝ այդ նպատակի համար նրանց հատկացնելով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ՝
ա)Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին՝ իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երեւան քաղաքից,
բ)այլ հանրապետություններից բռնադատվածներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երեւան քաղաքից,
գ)պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Վերջին երեք տարիներին Երեւան քաղաքում մշտապես բնակվող եւ մինչեւ 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարած տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում։
Բռնադատվածներին սեփականության իրավունքով հողամասերը անհատույց տրամադրվում են մինչեւ 2008 թվականի հունիսի 30-ը։
Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում անհատական բնակելի տան շինարարություն իրականացնելու կամ անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար (այդ թվում՝ Երեւան քաղաքում) սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարիք ունեցող բռնադատվածներին տրամադրվում է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ։
Յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ծախսային մասում միջոցնրի նախատեսել բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար ատոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար՝ ըստ նախորդ տարվա ներկայացրած հայտերի։ Բնակարանային անհատական շինարարության համար ներկայացրած հայտերի քննարկման, ինչպես նաեւ վարկեր տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում։
Հոդված 14. Բռնադատվածների սպասարկումը առողջապահական ոլորտում
Կառավարության սահմանած կարգով բռնադատվածն ունի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք:
Բռնադատվածն ունի դեղորայքի արժեքի /ըստ դեղատոմսի/ վճարի 50 տոկոս զեղչի իրավունք: Եթե բռնադատվածը հաշմանդամ է դարձել բռնադատման հետեւանքով, ապա նա Կառավարության սահմանած կարգով ունի բուժառողջարանային հաստատությունների արտահերթ /առաջնահերթ/ անվճար ուղեգիր ստանալու իրավունք:
Հոդված 15. Բռնադատվածների սպասարկումը տրանսպորտի ոլորտում
Բռնադատվածին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտով, անկախ սեփականության ձեւից /բացի տաքսուց/, երթեւեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով եւ չափով:
Հոդված 16. Բռնադատվածների սպասարկումը կոմունալ-կենցաղային ծառայությունների ոլորտում
Բռնադատվածին էլեկտրաէներգիայի, գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաեւ հեռախոսի եւ ռադիո բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 17. Բռնադատվածներին բնակարանների սեփականաշնորհումը
Բռնադատվածն ազատվում է պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի տների, բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձեւակերպման նպատակով գանձվող պետական տուրքից:
Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:
Հոդված 18. Բռնադատվածների իրավունքները այլ սեփականության նկատմամբ
Բռնադատվածին, իսկ նրա մահից հետո՝ նրա առաջին հերթի ժառանգներին, որպես կրած ֆիզիկական եւ բարոյական զրկանքների փոխհատուցում սահմանվում է ամենամսյա հավելյալ թոշակ Կառավարության սահմանած կարգով եւ չափով, բայց ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 12-ապատիկի չափով:
Հոդված 19. Բռնադատվածների մասին տեղեկատվությունը
Բռնադատվածի, նրա ընտանիքի որեւէ անդամի, հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա պետական կամ հանրային լրատվության միջոցները պարտավոր են 10-օրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչեւ բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու եւ արդարացման որոշումն ու ժամկետները:
Բռնադատվածները, իսկ նրանց համաձայնությամբ կամ նրանց մահացած լինելու դեպքում բռնադատվածների ընտանիքի անդամներն ու հարազատները իրավունք ունեն ծանոթանալու կարճված քրեական եւ վարչական գործերի նյութերին եւ սահմանված կարգով ստանալու համապատասխան փաստաթղթերի պատճենները: Այդ նյութերի հետ այլ անձինք կարող են ծանոթանալ օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխան գործերով անցնող անձանց եւ նրանց հարազատների իրավունքներն ու օրինական շահերը խաթարելու նպատակով ստացված տեղեկությունները օգտագործելն առաջացնում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բռնադատվածները, նրանց ընտանիքի անդամներն ու ժառանգները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստանալու բռնադատվածների գործերում եղած անձնական իրերը, ինչպես նաեւ ձեռագրերի, լուսանկարների եւ անձնական փաստաթղթերի պատճենրը:
Բռնադատվածի ընտանիքի որեւէ անդամի, ժառանգի, հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա այն մարմինները, որոնք իրականացնում են բռնադատվածների գործերի արխիվային պահպանությունը, եթե տիրապետում են համապատասխան տեղեկատվության, ապա պարտավոր են վերոհիշյալ անձանց եւ կազմակերպություններին հայտնել բռնադատվածի մահվան ժամանակի, պատճառի եւ թաղման վայրի մասին:
Հոդված 20. Բռնադատվածների ժառանգների իրավունքները
Մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 9-րդ եւ 13-րդ, հոդվածներով նախատեսված արտոնություններից:
ԳԼՈՒԽ 4.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 21. Սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը
Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010թ. հունվարի 1-ից:
Սույն օրենքով նախատեսված իրավունքներն ու արտոնությունները տարածվում են այն բռնադատվածների վրա, որոնք արդարացվել են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արդարացված անձանց իրավական կարգավիճակը հավասարեցվում է սույն օրենքով սահմանված կարգով արդարացված անձանց իրավական կարգավիճակին, իսկ արդարացման մասին տրված տեղեկանքը /վկայականը/ առաջացնում է սույն օրենքով նախատեսված իրավաբանական հետեւանքներ:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 1994 թվականի հունիսի 14-ի «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքն իր բոլոր լրացումներով եւ փոփոխություններով հանդերձ ճանաչվում է ուժը կորցրած:
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը բռնադատվածների բռնագրավված գույքը վերադարձնելու, դրա արժեքը փոխհատուցելու կամ դրամական վճարումներ /փոխհատուցումներ/ կատարելու համապատասխան մարմինների կայացված որոշումները վերանայման ենթակա չեն, իսկ վճարված գումարները չեն վերահաշվարկվում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1994թ. հունվարի 14-ին։ Այդ ընթացքում օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Սակայն իրականությունը պարտադրում է ունենալ նոր օրենք։ Եթե գործող օրենքը բաղկացած է 12 հոդվածներից, ապա ներկայացված նախագիծը կանոնակարգում է բազմաթիվ հիմնահարցեր, որոնք ամփոփված են 22 հոդվածներում։ Ի տարբերություն գործող օրենքի «Բռնադատվածների մասին» նոր օրենքում առաջին անգամ ամրագրվել են հետեւյալ հիմնարար դրույթները՝
ա) օրենքի նպատակը.
բ) օրենքի կարգավորման առարկան.
գ) բռնադատվածների մասին օրենսդրությունը.
դ) օրենքում օգտագործվող հիմնական հասկացություննրը (դրանովէականորեն ընդլայնվել է օրենքի գործողության ոլորտը).
ե) արդարացման ենթակա անձինք.
զ) արդարացման սահմանափակումները.
է) արդարացման կարգը.
ը) բռնադատվածների, նրանց ընտանիքի անդամների կամ առաջին հերթին ժառանգների հաշվառումը.
թ) բռնադատվածների իրավունքներն ու արտոնությունները, որոնք ընդլայնված կամ հստակեցված են։
Օրինագծի 17-րդ հոդվածում բռնադատվածի համար նախատեսված է ամենամսյա դրամական փոխհատուցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի 12-ապատիկի չափով, որը կտարածվի ողջ մնացած 3000 բռնադատվածի վրա (գործող օրենքի 11-րդ հոդվածում սահմանված է այդպիսի ամենամսյա փոխհատուցում)։ Այսինքն՝ ամենամսյա դրամական փոխհատուցման գումարը օրինագծում նախատեսված է 12000 դրամ (շուրջ 40 ԱՄՆ դոլար)։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այն կազմում է 50, Ադրբեջանում՝ 70, Ղազախստանում՝ 60 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Օրենքի նախագիծը մշակվել է 2003 թվականին Վարդան Բոստանջյանի հետ համատեղ։ Օրինագիծը նախապատրաստելիս հեղինակները հաշվի են առել բռնադատվածների հիմնահարցերը ներկայացնող «Հուշամատյան» մարդու իրավունքների, պատմալուսավորչական եւ բարեգործական ընկերության 1995 թվականից առ այսօր Ազգային ժողովին ուղղված դիմումներում (դրանք հասցեագրվել են Ազգային ժողովի բոլոր նախագահներին եւ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին) ներառված առաջարկությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսի համանման օրենքներում ամրագրված դրույթները։
Օրինագիծը նորովի կանոնակարգում է Հայաստանում հաշվառված 9523 բռնադատվածների, որոնցից 4532-ը նրանց ժառանգներն են, հիմնահարցերը։
Օրինագիծը հիմնովին լրամշակվել է կառավարության 04.04.2003թ., 09.08.2003թ., 30.07.2007թ. եւ 12.09.2007թ. ներկայացրած եզրակացությունների հիման վրա։ Նախագծում հաշվի են առնվել նաեւ ԱԺ համապատասխան ծառայությունների 2003 եւ 2007թթ. ներկայացրած առաջարկները։
Կառավարության որոշմամբ հունիսի 14-ը սահմանվել է որպես «Բռնադատվածների հիշատակի օր: 2009թ. լրանում է 1949թ. հունիսի 14-ին Հայաստանից դեպի Սիբիր զանգվածային բռնագաղթի 60-ամյակը: «Բռնադատվածների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը կարեւոր է նաեւ այդ տեսանկյունից»: