Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5481-26.02.2009-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դտավարության օրենսգրքի /այսուհետ` օրենսգիրք/ 14-րդ բաժինը լրացնել «Բռնադատվածների արդարացման կարգը» վերնագրով  «54.5» գլխով եւ  «Բռնադատվածների արդարացման իրականացումը» «499.18» հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ:

Հոդված 499.18. «Բռնադատվածների արդարացումն իրականացվում է բռնադատվածի, նրա ընտանիքի որեւէ անդամի, հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա»:

Այդ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Ազգային անվտանգության եւ Ոստիկանության բնագավառների պետական լիազորված մարմինների հետ միասին անցկացնում է ուսումնասիրություններ եւ կազմում է համապատասխան  եզրակացություններ բոլոր այն քրեական գործերի վերաբերյալ, որոնք նշված են /«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում եւ որոնց մասին որոշումները չեն վերածվել /փոխվել/ դրանք կայացնելուց հետո իսկ արդարացված անձանց մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը դիմումատուին տալիս է համապատասխան տեղեկանք` դիմումն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում/:

Եթե կան հիմքեր անձի արդարացման ենթակա չլինելու մասին կամ սահմանված կարգով ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ համապատասխան անձանց մասին տեղեկությունները բացակայում են կամ անբավարար են եւ նրանց արդարացնելու հիմքերը թերի են ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ դիմումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում քրեական գործն իր եզրակացությամբ ուղարկում է այն դատարաններ, որոնց օրենքով սահմանված կարգով ընդդատյա են այդ գործերը: Դրանք քննարկելուց հետո դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը:

ա/ որ անձը հիմքերի առակայությամբ դատապարտվել կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով  եւ նար վրա չեն տարածվում «Բռնադատվածների մասին» օրենքի դրույթները.

բ/ որ անձը անհիմն դատապարտվել կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել ատադատարանական կարգով եւ նա ենթակա է արդարացման «Բռնադատվածների լօրենքի» համաձայն: Այս դեպքում դատարանը բեկանում է նախքին որոշումը եւ կարճում է գործը: Գործերը քննարկելիս դատարանը կարող է նաեւ փոփոխություններ կատարել դատարանների նախկինում կայացված դատավճիռներում /վճիռներում/, որոշումներում եւ արարքների որակումներում ինչպես նաեւ արտադատարանական մարմինների որոշումներում:

Դատարանի կողմից արդարացման ոչ ենթակա ճանաչված անձանց տրվում է համապատասխան որոշում /վճիռ/: Դատարանի կողմից անհիմն դատապարտված  կամ արտադատարանական կարգով  քրեական  պատասխանատվության ենթարկված, ճանաչված անձանց տրվում է արդարացման մասին տեղեկանք: Անձին բռնադատված ճանանչելու հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել  դատական կարգով: Համապատասխան հիմքերի եւ տեղեկությունների բացակայության  կամ բավարար լինելու դեպքում անձի բռնադատման փաստը կարող է հաստատվել  դատարանում` վկայություն տալու հիման վրա»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010թ. հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1994թ. հունվարի 14-ին։ Այդ ընթացքում օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Սակայն իրականությունը պարտադրում է ունենալ նոր օրենք։ Եթե գործող օրենքը բաղկացած է 12 հոդվածներից, ապա ներկայացված նախագիծը կանոնակարգում է բազմաթիվ հիմնահարցեր, որոնք ամփոփված են 22 հոդվածներում։ Ի տարբերություն գործող օրենքի «Բռնադատվածների մասին» նոր օրենքում առաջին անգամ ամրագրվել են հետեւյալ հիմնարար դրույթները՝

ա) օրենքի նպատակը.

բ) օրենքի կարգավորման առարկան.

գ) բռնադատվածների մասին օրենսդրությունը.

դ) օրենքում օգտագործվող հիմնական հասկացություննրը (դրանովէականորեն ընդլայնվել է օրենքի գործողության ոլորտը).

ե) արդարացման ենթակա անձինք.

զ) արդարացման սահմանափակումները.

է) արդարացման կարգը.

ը) բռնադատվածների, նրանց ընտանիքի անդամների կամ առաջին հերթին ժառանգների հաշվառումը.

թ) բռնադատվածների իրավունքներն ու արտոնությունները, որոնք ընդլայնված կամ հստակեցված են։

Օրինագծի 17-րդ հոդվածում բռնադատվածի համար նախատեսված է ամենամսյա դրամական փոխհատուցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի 12-ապատիկի չափով, որը կտարածվի ողջ մնացած 3000 բռնադատվածի վրա (գործող օրենքի 11-րդ հոդվածում սահմանված է այդպիսի ամենամսյա փոխհատուցում)։ Այսինքն՝ ամենամսյա դրամական փոխհատուցման գումարը օրինագծում նախատեսված է 12000 դրամ (շուրջ 40 ԱՄՆ դոլար)։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այն կազմում է 50, Ադրբեջանում՝ 70, Ղազախստանում՝ 60 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

Օրենքի նախագիծը մշակվել է 2003 թվականին Վարդան Բոստանջյանի հետ համատեղ։ Օրինագիծը նախապատրաստելիս հեղինակները հաշվի են առել բռնադատվածների հիմնահարցերը ներկայացնող «Հուշամատյան» մարդու իրավունքների, պատմալուսավորչական եւ բարեգործական ընկերության 1995 թվականից առ այսօր Ազգային ժողովին ուղղված դիմումներում (դրանք հասցեագրվել են Ազգային ժողովի բոլոր նախագահներին եւ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին) ներառված առաջարկությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսի համանման օրենքներում ամրագրված դրույթները։

Օրինագիծը նորովի կանոնակարգում է Հայաստանում հաշվառված 9523 բռնադատվածների, որոնցից 4532-ը նրանց ժառանգներն են, հիմնահարցերը։

Օրինագիծը հիմնովին լրամշակվել է կառավարության 04.04.2003թ., 09.08.2003թ., 30.07.2007թ. եւ 12.09.2007թ.  ներկայացրած եզրակացությունների  հիման վրա։ Նախագծում հաշվի են առնվել նաեւ ԱԺ համապատասխան ծառայությունների 2003 եւ 2007թթ. ներկայացրած առաջարկները։

Կառավարության որոշմամբ հունիսի 14-ը սահմանվել է որպես «Բռնադատվածների հիշատակի օր: 2009թ. լրանում է 1949թ. հունիսի 14-ին Հայաստանից դեպի Սիբիր զանգվածային բռնագաղթի 60-ամյակը: «Բռնադատվածների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը կարեւոր է նաեւ  այդ տեսանկյունից»: