Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-2881-13.06.2008,10.02.2009-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  օրենքի  (26 փետրվարի 2007թվական, ՀՕ- 308, այսուհետեւ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը «ժէ» կետից հետո լրացնել նոր «ժէ՛» կետով, հետեւյալ բովանդակությամբ՝

«ժէ՛) Ազգային ժողովի նիստում հայտարարում է հեռարձակման կարգավորող անկախ մարմնի անդամի թափուր տեղի մասին, դիմում խմբակցություններին՝ անդամի ընտրության մրցութային հանձնաժողովի թեկնածուների առաջադրման առաջարկով եւ դրանց հիման վրա ձեւավորում մրցութային հանձնաժողով.»։

Հոդված 2. Օրենքի  97-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի 2-րդ կետի առաջին նախադասությունը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` պաշտոնում ընտրելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը  պատկանում է խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին»:

բ) 1-ին կետը լրացնել  3-րդ մասով՝  հետեւյալ բովանդակությամբ.

«Սահմանադրության 83.2 հոդվածի համապատախան   հեռարձակվող  լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության նպատակներից ելնելով` օրենքով ստեղծվող կարգավորող անկախ մարմնի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողովի) անդամի թափուր տեղ առաջանալու  դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում են Սահմանադրության 83.2 հոդվածին համապատասխան, ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը  Հանրապետության Նախագահի կողմից։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է  Ազգային ժողովի նախագահին։

Ազգային ժողովի կողմից Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածություններ առաջադրելու համար Ազգային ժողովի նախագահը 7-օրյա ժամկետում  ձեւավորում է մրցութային հանձնաժողով:

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդդիմադիր խմբակցության կամ խմբակցությունների կողմից առաջարկվում է երկու թեկնածու, իսկ մնացած խմբակցությունների կոցմից` չորս թեկնածու: Մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվում են  լրագրության, հեռահաղորդակցության գործարարության, կառավարման, իրավագիտության, կրթության, մշակույթի, կրոնի, բնագավառների հեղինակավոր գործիչներ եւ (կամ), այդ , բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետություն կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի անդամները, պետական ծառայողները եւ քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների անդամենրը չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում։

Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար:

Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։ Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ՝  ներկայացնելով զանգվածային լրատվության եւ հեռահաղորդակցության բնագավառներում գործունեություն իրականցնող երեք հասարակական կազմակերպությունների երաշխավորություները, որոնք Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով  գրանցված եւ նշված բնագավառներում գործում են առնվազն հինգ տարի։

Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝  առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող առնվազն մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով՝ ապահովելով տեղեկատվության մատչելիության համապետական ընդգրկվածությունը։

Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված պահանջներին կամ առկա է այդ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը։

Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է առնվազն մեկ մասնակից։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝  թեստավորման եւ հարցազրույցի։

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։

Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը՝  մասնակիցների  գիտելիքները ստուգելու համար՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,

բ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի,

գ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» ՀՀ  օրենքի իմացությունը։

դ) «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի,

ե) «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ

զ) Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի իմացությունը։

Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի։

Թեստում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատասխան։ Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան։

Հարցազրույցի փուլին  իրավունք են ստանում մասնակցել թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանած մասնակիցները։

Մասնակիցների հետ հարցազրույց անցկացվում է հեռահաղորդակցության, լրագրության եւ արտահայտվելու ազատության կիրառման, ինչպես նաեւ  կրթության, մշակույթի բնագավառների, գովազդի իրականացման, սոցիալական խմբերին կամ անչափահասներին ուղղված հաղորդումներին, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուստատեսային ծրագրերի ստեղծման, լուսաբանման ուղղությամբ։

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։

Մրցույթի արդյունքները հրապարակվում է մրցույթն անցկացնելուց հետո՝  նույն օրը։

Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին։

Մրցույթի արդյունքների հիման վրա Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության  հարցը ներկայացվում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա  նիստեր օրակարգ։

Մրցույթի արդյունքում երկու եւ ավելի  թեկանածուների առկայության դեպքում Ազգային հանձնաժողովի անդամ է ընտրվում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուն։

Ազգային ժողովի կողմից Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքների մասին տեղեկությունները Ազգային ժողովի նախագահը հրապարակում է մամուլում եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներում։

Եթե մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվել (թեստավորման, եւ հարցազրույցի արդյունքում), ապա անցկացվում է նոր մրցույթ։

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չեն մասնակցում կեսից ավելին) ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ։

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում եւ անցկացվում է մրցույթ 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով։

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա են «Հեռուստատեսության եւ ռադիոյի  մասին» օրենքի 41-րդ հոդվածի կամ  45-րդ  հոդվածներով  սահմանված  հիմքերից  որեւէ մեկը, ինչպես նաեւ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է նոր մրցույթ։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի պահանջների համաձայն։

Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝  իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։

Նույն անձը չի կարող ավել քան երկու անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից: