Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-556-05.03.2009-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի  կարգավորման առարկան

 Սույն օրենքը սահմանում է

1. ռազմական  գործողությունների կապակցությամբ` այդ  թվում  զինադադարի ընթացքում  կամ ռազմական   գործողություններից հետո  խաղաղ պայմաններում  անհայտ  կորած զինծառայողի կամ այլ քաղաքացու, (այսուհետ` անհայտ կորած)  որոնման,  հայտնաբերման եւ հարազատներին  վերադարձնելու  ուղղությամբ  պետության պարտավորությունները,

2. անհայտ   կորածի անհետանալու պատճառների,  նրա  գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին նրանց  հարազատներին տեղեկություն տրամադրելու, ինչպես նաեւ  նրա անհետանալու  պատճառների ուսումնասիրության  ուղղությամբ աշխատանքների  իրականացման սկզբունքները,

3. անհայտ կորածի ընտանիքի  սոցիալական եւ իրավական  աջակցության սկզբունքները,

4. անհայտ կորածի  վերաբերյալ տեղեկատվական համակարգի` անհայտ  կորածների տեղեկատվական բյուրոյի /այսուհետ` տեղեկատվական բյուրո/ ձեւավորման եւ գործունեության կարգը,

5. Հակամարտող  եւ Միջնորդ /երրորդ/ կողմերի  հետ պետական մարմինների համագործակցության սկզբունքները։

6. Անհայտ կորածի  հարցերով զբաղվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների  եւ միավորումների իրավունքները եւ պարտականությունները։

Հոդված 2. Օրենքում օգտագործվող  հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական  հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը

1. Անհայտ կորած է համարվում այն  զինծառայողը, կամ այլ քաղաքացին, որն անհետացել է  ռազմական  գործողությունների կապակցությամբ, այդ  թվում  զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններից հետո խաղաղ  պայմաններում, եւ նրա  անհետացման օրից  ծառայության, ինչպես նաեւ նրա մշտական բնակության  վայրում մինչեւ  վեց ամիս  տեղեկություններ չկան  նրա  գտնվելու  վայրի եւ   ճակատագրի մասին։

2. Հակամարտող կողմ -  պետությունը,   որի  նկատմամբ  կամ որի կողմից իրականացվել են  ռազմական գործողություններ։

3. Միջնորդ /երրորդ/  կողմ -  կոնկրետ գործընթացներին աջակցող եւ դրանց անմիջական մասնակցություն ունեցող միջազգային  միջկառավարական կամ ոչ կառավարական  կազմակերպությունը։

Հոդված 3. Օրենքի նպատակները

Սույն օրենքի հիմնական նպատակներն են՝

1. Անհայտ կորածի  իրավունքների  պաշտպանությունը։

2. Անհայտ կորածի  ընտանիքի իրենց անհայտ կորած  հարազատի ճակատագրի եւ  գտնվելու   վայրի մասին  տեղեկատվություն ստանալու  իրավունքի  պաշտպանությունը։

3.Պետական  քաղաքականության  սկզբունքների   սահմանումը՝ անհայտ կորածի ճակատագրի եւ  գտնվելու  վայրի վերաբերյալ  տեղեկատվության ձեռք բերման եւ սատացման, ստացման ուղղությամբ։

4. Անհայտ կորածի ընտանիքի սոցիալական եւ իրավական պաշտպանությունը։

Հոդված 4. Անհայտ  կորածի  վերաբերյալ  օրենսդրությունը

1. Անհայտ կորածի մասին օրենսդրությունը բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից   վավերացրած միջազգային  պայմանագրերից։

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային  պայմանագրերում   սահմանվում են այլ նորմեր,  քան  նախատեսված է  սույն օրենքով,  ապա  կիրառվում են  պայմանագրերի   նորմերը։

Հոդված  5. Անհայտ կորածի եւ նրա ընտանիքի իրավունքների պաշտպանության  խնդիրներով զբաղվող  սուբյեկտները

Անհայտ  կորածի եւ նրա ըննտանիքի  իրավունքների  պաշտպանությամբ  զբաղվող  սուբյեկտներն են՝

1. Անհայտ   կորածի եւ նրա  ընտանիքի  վերաբերյալ  տեղեկատվական համակարգման պատասխանատուն տեղեկատվական բյուրոն է, որի կարգավիճակը, խնդիրները եւ լիազորությունները   սահմանվում են  սույն օրենքով եւ բյուրոյի կանոնադրությամբ,

2. Պետական մարմինները, որոնց անմիջական  ենթակայության ներքո գտնվել է  անձը,   մինչեւ  անհետանաքը /«Ենթակայություն» հասկացությունը  վերաբերվում է ոչ  միայն  զինծառայողներին,   որոնք ծառայում են համապատասխան  պետական մարմիններում /պաշտպանության,  ոստիկանության եւ անվտանգության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմիններ/ այլեւ քաղաքացիական  անձանց,  որոնք գտնվել են  այդ  կառույցների  կողմից փաստացի  հսկվող  կամ նրանց   փաստացի  ենթակայության կամ հսկողության տակ գտնվող  տարածքներում/։

3. Հասարակական կազմակերպությունները եւ միավորումները, որոնց  գործողությունն  ուղղված է անհայտ  կորածների  եւ նրանց  ընտանիքների  իրավունքների եւ շահերի  պաշտպանությանը։

Հոդված 6. Անհայտ   կորածի եւ նրա  ընտանիքի խնդիրների լուծմանն ուղղված գործունեության սկզբունքները

Անհայտ  կորածի եւ նրա  ընտանիքի խնդիրների լուծմանն ուղղված   գործունեության սկզբունքներն  են՝

1. Հրապարակայնությունը եւ թափանցիկությունը,

2. Անհետանալու հանգամանքների եւ պայմանների բացահայտման եւ  ուսումնասիրության անհրաժեշտությունը։

3. Անհայտ կորածին  իր հարազատին վերադարձնելու  պետության  պարտավորությունը։

4. Անհայտ կորածի ընտանիքի  սոցիալական եւ իրավական  պաշտպանության պետական համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը։

5. Անհայտ կորածի գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին նրա հարազատների տեղեկատվություն ստանալու իրավունքը

6. Միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված սկզբունքները։

ԳԼՈՒԽ  2.

ԱՆՀԱՅՏ  ԿՈՐԱԾԻ  ԱՆՀԵՏԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՆՐԱՆՑ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 7.  Անհայտ  կորածի որոնման աշխատանքների կազմակերպումը

1. Քաղաքացու անհետանալու  փաստը արձանագրվում է

1/ պետական  համապատասխան մարմնի կողմից, որի անմիջական ենթակայության ներքո   գտնվել է  անձը  մինչեւ անհետանալը,

2/ պետական համապատասխան մարմնի կողմից՝ անհայտ կորածի հարազատի կամ այլ անձի կողմից ներկայացված դիմումի,  հայտարարության կամ հաղորդման հիման վրա։

2. Քաղաքացու անհետանալու վերաբերյալ  տեղեկատվությունը ստացած պետական մարմինը  քաղաքացու անհայտ կորելու փաստը արձանագրելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, անհայտ կորածի վերաբերյալ տեղեկատվությունը  փոխանցում է  տեղեկատվական բյուրոյին։

3. Անհայտ կորածի  անհետանալու պատճառների ուսումնասիրությունը  տեղեկատվական  բյուրոյի կողմից  սկսվում է  տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո։

4. Տեղեկատվական բյուրոյի կողմից  անձը համարվում է «անհայտ կորած»   նրա  անհետանալու   վերաբերյալ  տեղեկատվություն  ստանալու պահից։  Այդ դեպքում անհայտ կորածի տվյալները գրանցվում են տեղեկատվական բյուրոյի  համապատասխան գրանցամատյանում եւ անձին տրվում է «անհայտ կորածի» ժամանակավոր կարգավիճակ:

5. Շահագրգիռ անձանց դիմումով դատատրանը կարող է քղաքացուն անհայտ կորած ճանանչել, եթե վեց ամսվա ընթացքում  նրա բնակության վայրում  տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Այդ դեպքում  դատարանը քաղաքացուն տալիս է  անհայտ կորածի կարգավիճակ`  լիազորված մարմնի կողմից անհայտ կորածի վերաբերյալ որոշման հիման վրա:

6. Քաղաքացու «անհայտ կորածի» իրավական  կարգավիճակը   պահպանվում է  մինչեւ նրա  գտնվելու  վայրի եւ  ճակատագրի  վերաբերյալ  տեղեկատվության ստացումը,  ճշտումը եւ նրա  հարազատներին  իրազեկումը։

7. Անհայտ կորածի անհետանալու հանգամանքների, պայմանների եւ  պատճառների ուսումնասիրությունը իրականացվում է հետեւյալ ժամկետներում

1/ քաղաքացու  անհետանալու  վերաբերյալ  տեղեկատվության ստանալու պահից 24   ժամվա ընթացքում  տեղեկատվական բյուրոն  կազմում է  առանձին  գործ եւ  սկսում  քաղաքացու անհետանալու   հանգամանքների, պայմանների ու պատճառների  ուսումնասիրությունը.

2/ քաղաքացու  անհետանալու  հանգամանքների, պայմանների եւ պատճառների  ուսումնասիրության  նախնական արդյունքների հիման  վրա տեղեկատվական  բյուրոն կազմում է  նախնական զեկույց՝  անհետանալու  վերաբերյալ  տեղեկատվության ստանալու  պահից  երեք  օրվա  ընթացքում.

3/ քաղաքացու անհետանալու  հանգամանքների, պայմանների եւ պատճառների ուսումնասիրության   մասին վերջնական   զեկույցը  կազմվում է  նախնական  զեկույցից հետո երկու  ամսվա ընթացքում:

4/ նախնական եւ վերջնական զեկույցները քննարկվում են տեղեկատվական բյուրոյի կողմից: Տեղեկատվական բյուրոյի կողմից որոշումը կայացվում է մինչեւ ոչ ուշ քան անձի անհետանալու օրվանից վաթսուներորդ օրը։

Հոդված 8. Անհայտ կորածի որոնման, հայտնաբերման եւ վերադարձման ուղղությամբ իրականացվող գործողությունները

Անհայտ  կորածի որոնման, հայտնաբերման եւ վերադարձման ուղղությամբ իրականացվող գործողությունները ընդգրկում են

1/ անհայտ կորածի գտնվելու հավանական վայրի մասին տեղեկատվության հաղորդումը հակամարտող կողմի լիազորված մարմնին.

2/ անհայտ կորածի գտնվելու վերաբերյալ տեղեկատվության հաղորվումը միջնորդ (երրորդ) կողմին.

3/ բանակցությունների վարումը հակամարտող կողմի լիազորված մարմնի (մարմինների) հետ.

4/ անհայտ կորածի որոնման, հայտնաբերման եւ նրանց վերադարձման ուղղությամբ իրականացվող բոլոր այն գործողությունները, որոնք չեն հակասում միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված սկզբունքներին։

5/ անհայտ կորածի  որոնման  հայտնաբերման  եւ նրա վերադարձման  ուղղությամբ  իրականացվող գործողությունների  ժամանակ  պետական համապատասխան մարմիները համագործակցում են միջնորդ կողմի հետ:

ԳԼՈՒԽ 3.

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՆ

Հոդված 9. Տեղեկատվական բյուրոյի կազմավորումը

1. Անհայտ կորածի վերաբերյալ տեղեկատվական համակարգման պատասխանատու մարմինը տեղեկատվական բյուրոն է, որի խնդիրները եւ լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ բյուրոյի կանոնադրությամբ:

2. Տեղեկատվական բյուրոն գործում է պաշտպանության բնագավառի  պետական լիազորված մարմնի /այսուհետ` լիազոր մարմին/ կազմում: Տեղեկատվական բյուրոն բաղկացած է ՀՀ քաղաքացիություն եւ բարձրագույն կրթություն ունեցող մինչեւ 10 անձից: Տեղեկատվական բյուրոյի կազմը եւ կառուցվածքը, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում հաստատում է  պաշպանության նախարարը: Տեղեկատվական բյուրոն իր կազմավորումից հետո մեկամսյա ժամկետում մշակում եւ պաշտպանության նախարարի  հաստատմանն է ներկայացնում իր կանոնադրությունը:

Հոդված 10. Բյուրոյի գործունեության նպատակներն ու խնդիրները

1. Բյուրոյի գործունեության նպատակներն են.

ա. իրականացնել անհայտ կորածի որոնելու, գտնելու եւ վերադարձնելու ուղղությամբ պետական պարտավորությունները,

բ. անհայտ կորածի ընտանիքի սոցիալական եւ իրավական աջակցությունը։

2. Բյուրոյի խնդիրներն են.

ա. անհայտ կորածի անհետանալու պատճառների, պայմանների եւ հանգամանքների ուսումնասիրության ու բացահայտման կազմակերպումը եւ իրականացումը,

բ. անհայտ կորածի ընտանիքի սոցիալական եւ իրավական աջակցության մեխանիզմների ձեւավորումը։

3. Բյուրոն իրականացնում է նաեւ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ։

Հոդված 11. Տեղեկատվական բյուրոյի լիազորությունները

Բյուրոն սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված խնդիրները լուծելու համար.

1. մշակում եւ լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում  իր գործունեության տարեկան եւ հեռանկարային ծրագրերը,

2. առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին գործող օրենսդրության վերաբերյալ՝ սույն օրենքով սահմանված նպատակների եւ խնդիրների իրականացման ուղղությամբ,

3. ներգրավում է համապատասխան մասնագետներ, նշանակում անկախ    փորձաքննություններ՝ անհայտ կորածի անհետանալու հանգամանքների, պայմանների եւ պատճառների ուսումնասիրության նպատակով,

4. օրենքով սահմանված կարգով հարցումներով դիմում է պետական մարմիններին,

5.  տալիս է «անհայտ կորած» եւ «անհայտ կորածի ընտանիքի անդամ» իրավական կարգավիճակներ՝ համապատասխան վկայականների տրամադրմամբ,

6. դադարեցնում է «անհայտ կորած» եւ «անհայտ կորածի ընտանիքի անդամ» իրավական կարգավիճակների գործողությունը,

7. համագործակցում է համապատասխան պետական մարմինների եւ անհայտ կորածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ միավորումների հետ,

8. հակամարտող կողմի եւ Միջնորդ (երրորդ) կողմի հետ սկսում է երկխոսություն եւ համագործակցություն՝ անհայտ կորածի որոնման, հայտնաբերման եւ հայրենիք վերադարձման նպատակով։

Հոդված 12. Տեղեկատվական բյուրոյի գործունեության ծրագրերը եւ ֆինանսավորումը

1. Տեղեկատվական բյուրոն իր գործունեությունն իրականացնում է տարեկան եւ հեռանկարային ծրագրերի (այսուհետ ծրագրեր) հիման վրա, որը մշակվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով։

2. Ծրագրերը մշակվում են  տեղեկատվական բյուրոյի կողմից եւ ներկայացվում են լիազորված մարմնի հաստատմանը։ Վերջինս ծրագրերի հաստատման հետ միասին հաստատում է նաեւ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, որոնք հատկացվում են պետական բյուջեից։  Ծրագրերի իրականացման պատասխանատուն  Տեղեկատվական բյուրոն է:

3. Տեղեկատվական բյուրոյի գործունեության իրականացման նպատակով կարող են ներգրավել նաեւ օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ /այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից եւ հիմնադրամներից, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններից, նվիրատվություններից եւ այլ հատկացումներից/։

Հոդված 13. Տեղեկատվական բյուրոյի գործունեության ծրագրի բովանդակությունը

1. Տեղեկատվական բուրոյի գործունեության ծրագիրը ներառում է՝

1/ անհայտ կորածների տվյալների բազան՝ ըստ նրանց գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ հավանական տեղեկությունների,

2/ անհայտ կորածների գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ճշտելու եւ հաստատելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ գործողությունները ըստ կատարողների եւ պատասխանատուների,

3/ անհայտ կորածների ընտանիքի սոցիալական եւ իրավական վիճակի նկարագրությունը եւ աջակցության ուղղությամբ գործողությունները եւ աշխատանքները ըստ կատարողների եւ պատասխանատուների,

4/ նախատեսվող միջոցառումների գերակայությունը եւ ուղղությունները,

5/ նախատեսվող աշխատանքների ծավալները, առաջնահերթությունները եւ կատարման ժամանակացույցը, ֆինանսավորման համամասնությունները,

6/ նախատեսվող աշխատանքների կատարման եւ ֆինանսավորման վերահսկողության կարգը,

7/ անհայտ կորածների  ընտանիքների սոցիալական եւ իրավական աջակցության նպատակով այլընտրանքային ֆինանսական աղբյուրների ներգրավման միջոցառումները,

8/ միջնորդ եւ հակամարտող կողմերի հետ անհայտ կորածների փնտրման, հայտնաբերման եւ վերադարձման ուղղությամբ աշխատանքների նկարագրությունը եւ իրականացման ժամկետները,

9/ ծրագրի կատարման ապահով օրենսդրական առաջարկությունները,

10/ այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի իրականացման համար:

Հոդված 14. Տեղեկատվական բյուրոյի գործունեության ծրագրի կատարումը եւ հաշվետվությունը

1. Լիազոր մարմնի կողմից ծրագիրը հաստատվելուց հետո տեղեկատվական բյուրոն իր գործունեության ծրագրի իրականացման վերաբերյալ  յուրաքանչյուր վեց ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմնին։ Ծրագրի իրականմցան ընթացքում բյուրոն կարող է ծրագրում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնց մասին անհապաղ հայտնում է լիազոր մարմնին։ Փոփոխությունների եւ լրացումների հիմնավորվածությունը ներկայացվում է հաշվետվությունների ներկայացման ժամանակ։

2. Ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հանրության համար մատչելի եղանակով տպագրվում է մամուլում եւ ներկայացվում զանգվածային այլ լրատվամիջոցներով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա հաջորդ ամսվա 15-ը։

ԳԼՈՒԽ 4

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Անհայտ կորածի ընտանիքի սոցիալական աջակցության ապահովումը

1. Տեղեկատվական բյուրոյի կողմից անձին «անհայտ կորածի» իրավական կարգավիճակ տալուց հետո նրա հարազատներին տրամադրվում է «անհայտ կորածի հարազատ» կարգավիճակ, որը պահպանվում է մինչեւ անհայտ կորածի գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ճշտումը եւ հարազատներին հաղորդելը։

2. Պետության սոցիալական աջակցության համակարգում անհայտ կորածի հարազատները ընդգրկվում են որպես սոցիալական աջակցություն ստացող առանձին խումբ։

3. Անհայտ կորածի ընտանիքները սոցիալական աջակցություն են ստանում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների հետ հավասար պայմաններում։

4. Անհայտ կորածին հայտնաբերելուց եւ վերադարձնելուց հետո նրան անմիջապես նշանակվում է բժշկական համալիր հետազոտություն՝ առողջական վիճակը պարզելու նպատակով, որի արդյունքներից ելնելով նրան ցուցաբերվում է բժշկակն օգնություն։

5. Անհայտ կորածի բժշկական համալիր  հետազոտությունը եւ բժշկական  օգնությունն իրականացվում է պետության կողմից երաշխավորված  անվճար բժշկական օգնության  եւ սպասարկման շրջանակներում։

Հոդված 16. Անհայտ կորածի, նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ միավորումների պետական  աջակցությունը

1. Անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ միավորումների պետական աջակցությունն այդ կազմակերպությունների եւ միավորումների գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական պայմանների երաշխիքների ստեղծման նպատակով պետական կառավարման մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների համակարգ է։

2. Անհայտ կորածի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող հասարական կազմակերպությունների եւ միավորումների պետական աջակցությունն իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով եւ արտացոլվում է տարեկան ծրագրում։

3. Անհայտ կորածների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ միավորումների պետական աջակցության միջոցառումները մշակելիս պետական կառավարման մարմիններն իրենց սահմանած կարգով ներգրավում են այդ ւ կազմակերպություների եւ միավորումների ներկայացուցիչներին։

ԳԼՈՒԽ  5

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 17. Սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն  Օրենքով սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ  6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010թ. հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների վրա։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ՄԱՍԻ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենքի ընդունումը  պայմանավորված է  անհայտ կորածների հիմնախնդիրների լուծման  անհրաժեշտությամբ։ Օրինագծի մշակման համար հիմք է  հանդիսացել Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների  հեղինակած նախագիծը։ 2005 թ. սեպտեմբերի 30-ին ինձ  ուղղված գրությամբ վերոհիշյալ կառույցի ղեկավար Ա.Սաքունցը խնդրել է իմ աջակցությունը «Անհայտ   կորածի մասին» օրինագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու հարցում: Օրինագծում հաշվի են առնվել 2007թ. Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի կողմից մշակված «Անհայտ կորածների մասին» տիպային օրենքի դրույթներն ու մոտեցումները: Օրինագիծը հիմնովին լրամշակվել է կառավարության 31.07.2007թ. եւ 12.09.2007թ. եզրակացությունների, ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության առաջարկությունների հիման վրա: