Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-558-09.03.2009-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀՕ-176-Ն օրենքի /այսուհետ` օրենք/   20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «4», «5» եւ «6» կետերով`

«4/ որսի արգելված միջոցները եւ գործիքները.

5/ որսի արգելված տարածքների ցանկը.

6/ օգտագործման հանձնաված որսորդական տնտեսությունների եւ որսահանդակների ցանկը:

Հոդված 2.  Օրենքի 21-րդ հոդվածի վերջին տողում «թաքստոցները» բառից հետո լրացնել  «եւ թիվ 5-ից ոչ խոշոր թակարդները, որոնց օգտագործման կարգը սահմանում է լիազորված մարմինը» բառերով:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1 հոդվածով`

«Հոդված 21.1. Որսի արգելված ձեւերը, միջոցները եւ մեթոդները

Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է`

1/ որսի համար օրենքով չնախատեսված զենքի, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով չգրանցված որսորդական զենքի կիրառումը,

2/ ռազմական ակոսավոր զենքի օգտագործումը,

3/ ինքնանետերի, աղեղների, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ծուղակների /փոսերի/ եւ թիվ  5-ից խոշոր թակարդների օգտագործումը,

4/  քիմիական եւ պայթուցիկ նյութերի կիրառումով վայրի կենդանիների որսը` բացառությամբ հոտավետ խայծերի,

5/ լուսարձակների կամ լուսային այլ հզոր  աղբյուրների կիրառումով  որսը,

6/ տրանսպորտային կամ մեխանիկական միջոցների /այդ թվում ուղղաթիռով կամ ինքնաթիռով/ կիրառումով որսը,

7/ ձվերի եւ ձագերի հավաքը, գազանների եւ թռչունների բների  ու որջերի քանդելը,

8/ բնական աղետներից, այդ թվում եւ սովից փրկվող թռչունների եւ վայրի կենդանիների որսը

9/ էլեկտրոնային ձայն վերարտադրող սարքերի եւ ձայնարձակիչների կիրառումը,

10/ ցանցերի, օղակների կիրառումը,

11/ թռչուններին եւ վայրի կենդանիներին ծխի միջոցով որսալը,

12/ էլեկտրական հոսանքի կիրառումով որսը,

13/ թռչունների եւ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կատարված որսը:

Արգելվում է`

1/ թռչունների եւ վայրի կենդանիների ապրելավայրերի ու հավաքատեղերի  վնասումը եւ ոչնչացումը,

2/ առանց թույլտվության թռչուններին եւ վայրի կենդանիներին  անազատ պայմաններում պահելը»:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: