Հոդված 1. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (08-ը հուլիսի 2005 թվականի ՀՕ-171-Ն, այսուհետ` Օրենք) 31-րդ հոդվածը
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով`
«1.1. Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարն միաժամանակ կարող է նշանակվել հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջին տեղակալ:».
2) 2-րդ մասի «վարչապետը:» բառից հետո լրացնել «խորհրդակցելով հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հետ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1.1 Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1) կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի 531-Ն որոշման համաձայն Հայաստանի փրկարար ծառայությունն Արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, իսկ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը եւ Պետական ռեզերվների գործակալությունը` առանձնացված ստորաբաժանումներ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի 532-Ն որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարարության կառավարմանն են հանձնվել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» եւ «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 հուլիսի 14-ի N479-Ն որոշմամբ սահմանվել է Արտակարգ իրավիճակների նախարարության թվաքանակը, ըստ որի նախարարը պետք է ունենա երկու տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ:
Հիմք ընդունելով բնակչության պաշտպանության բնագավառում Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության եւ Պետական ռեզերվների գործակալության, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» եւ «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրական խնդիրները, հաշվի առնելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի փրկարար ծառայության դերը, ինչպես նաեւ տեղեկատվության ստացման, ամփոփման եւ որոշումների օպերատիվ կայացման անհրաժեշտությունը նպատակահարմար է համարվել, որ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, միաժամանակ կարող է նշանակվել Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը:
1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Ներկայումս «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն «Հայաuտանի փրկարար ծառայությունը ղեկավարում է Հայաuտանի փրկարար ծառայության ղեկավարը» եւ «Հայաuտանի փրկարար ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության վարչապետը» ու օրենքով այլ կարգավորում տրված չէ: Արտակարգ իրավիճակների սպառնալիքների, դրանց առաջացման հետեւանքների նվազեցման եւ վերացման օպերատիվությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է արագ կայացնել բազմաբնույթ որոշումներ` մարդկանց կյանքը եւ առողջությունը փրկելու, ինչպես նաեւ տնտեսությանը պատճառվող կորուստները նվազեցնելու կամ բացառելու նպատակով:
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանել, որ` Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը միաժամանակ կարող է նշանակվել հանրապետական գործադիր մարմնի առաջին տեղակալ:
2. Կարգավորման առարկան
Օրենքով կկարգավորվեն Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարին հանրապետական գործադիր մարմնի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու հնարավորություն ընձեռնելու հետ կապված հարցերը, ինչպես նաեւ կապահովվի բնակչության պաշտպանության բնագավառի կառավարման արդյունավետությունը:
3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունմամբ կբարձրանա Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հայաստանի փրկարար ծառայության կառավարման արդյունավետությունը, կակտիվանա համակարգի արդիականացման եւ բարեփոխումների գործընթացը: Միաժամանակ կապահովվի արտակարգ իրավիճակների ռիսկերի, արտակարգ իրավիճակների առաջացման, դրանց հետեւանքների նվազեցման եւ վերացման վերաբերյալ տեղեկատվության ստացման, ամփափման եւ որոշումների կայացման օպերատիվությունը: