Armenian ARMSCII Armenian
Կ-570-13.03.2009-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀO-163 oրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈԻՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները եւ իրավունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական եւ սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաեւ  ոստիկանության զորքերի ֆինանսավորման եւ նյութատեխնիկական ապահովման կարգը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը (այսուհետ՝ ոստիկանության զորքեր) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները եւ ազատությունները հանցավոր եւ այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության եւ պետության անվտանգությունը։

Հոդված 3. Ոստիկանության զորքերի խնդիրները

1. Ոստիկանության զորքերի խնդիրներն են՝

1) հասարակական կարգի պահպանությանը եւ հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը.

2) հատուկ եւ կարեւորագույն օբյեկտների պահպանումը ու հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը.

3) ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը.

4) Հայաստանի  Հանրապետության  պաշտպանությանը մասնակցելը։

Հոդված 4. Ոստիկանության զորքերի գործունեության սկզբունքները

1.  Ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները հարգելու, միանձնյա ղեկավարման, կենտրոնացված կառավարման սկզբունքների հիման վրա։

2. Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիu պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավաuարության, լիազորությունների իրականացման համաչափության եւ կամայականության բացառման uկզբունքներով, ինչպեu նաեւ հետապնդել oրենքով կանխորոշված այլ նպատակներ:

3.  Ոստիկանության զորքերի հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ եւ oրենքներով հետապնդվող նպատակներին, համապատասխանի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, իuկ դրանց հաuնելու միջոցները պետք է լինեն օրինական,  անհրաժեշտ եւ  չափավոր:

Հոդված 5. Ոստիկանության զորքերի թվաքանակը

1. Ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 6. Ոստիկանության զորքերի կառուցվածքը

1. Ոստիկանության զորքերի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

Հոդված 7. Ոստիկանության զորքերի գործունեության իրավական հիմքերը

1. Ոստիկանության զորքերի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով ու իրավական ակտերով:

Հոդված 8. Պետական  մարմինների  եւ  պաշտոնատար անձանց պարտականությունները ոստիկանության զորքերին աջակցելիս

1. Պետական   մարմինները եւ պաշտոնատար  անձինք  իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ոստիկանության զորքերին իրենց խնդիրներն իրականացնելիս:

2. Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինն իրականացնում է քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչը եւ զորահավաքը՝ ոստիկանության զորքերում ծառայելու համար, եւ  օժանդակում է ոստիկանության զորքերի սպայական կազմի պատրաստմանը եւ վերապատրաստմանը, ինչպես նաեւ շարքային կազմով համալրմանը։

3. Ոստիկանության զորքերի աջակցմանն ուղղված պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի եւ ոստիկանության զորքերի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանով:

4. Տրանսպորտի բնագավառի Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք, տրանսպորտի եւ հատուկ փոխադրամիջոցների գծով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ աջակցում են նրանց տեղափոխմանը, իսկ  արտակարգ իրավիճակների պայմաններում՝ արտահերթ։

ԳԼՈՒԽ   2

ԾԱՌԱՅՈԻԹՅՈԻՆԸ ՈՍՏԻԿԱՆՈԻԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

Հոդված 9. Ոստիկանության զորքերի անձնակազմը

1. Ոստիկանության զորքերի անձնակազմը բաղկացած է զինծառայողներից եւ քաղաքացիական անձնակազմից։

Հոդված 10. Զինվորական ծառայությունը ոստիկանության զորքերում

1. Ոuտիկանության զորքերում զինվորական ծառայությունն իրականացվում է զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող oրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատաuխան:

2. Ոuտիկանության զորքերում uպայական, ենթաuպայական եւ շարքային կազմի  պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) եւ կոչում է շնորհում, պաշտոնից ազատում (ծառայությունից արձակում), զբաղեցրած պաշտոնից բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի նշանակում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա լիազորությամբ` ոuտիկանության զորքերի հրամանատարը:

Հոդված 11. Ոստիկանության զորքերի քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները

1. Ոստիկանության զորքերի քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։

Հոդված 12. Ոստիկանության զորքերի կադրերի պատրաստումը

1. Ոստիկանության զորքերի կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումն անցկացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ այլ ռազմաուսումնական հաստատություններում։

ԳԼՈՒԽ 3

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ,  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 13. Ոստիկանության զորքերի ղեկավարումը

1. Ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ոստիկանության զորքերի հրամանատարը:

Հոդված  14. Ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները

1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս պարտավոր են՝

1)  Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման   ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցել պարեկապահակային ծառայությանը.

2) մաuնակցել արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական միջոցառումներին.

3) իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հատուկ, կարեւոր նշանակության oբյեկտների, հատուկ բեռների, Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության եւ ոuտիկանության զորքերի նյութատեխնիկական բազաների եւ պահեuտների, հաղորդակցության կառույցների պահպանությունը.

4) մասնակցել ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը.

5) մասնակցել զանգվածային անկարգությունների կանխմանը եւ խափանմանը:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս համագործակցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության զորամասերի ու ստորաբաժանումների հետ:

3. Խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերն ու ցույցերը կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն արգելվում է:

Հոդված 15. Ոստիկանության  զորքերի  զինծառայողների իրավունքները

1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն՝

1) քաղաքացիներից եւ պաշտոնատար անձանցից պահանջելու պահպանել հասարակական կարգը, դադարեցնել հանցագործությունները, վարչական իրավախախտումները եւ այն գործողությունները, որոնք խոչընդոտում են իրենց պարտականությունները կատարելուն.

2) ստուգելու քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, եթե նրանց՝  իրավախախտումների կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելու իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած անձանց.

4) պահպանվող տարածք մուտք գործած անձանց հետապնդելիս, զանգվածային անկարգությունների եւ հասարակական կարգի խմբակային խախտումները խափանելիս, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելիս ավագ օպերատիվ պետի, իսկ բացառիկ դեպքում՝ զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի հրամանով կատարելու տեղանքի կամ առանձին շինությունների, օբյեկտների շրջափակում, տրանսպորտային միջոցների զննում:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

ԳԼՈՒԽ 4

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՐԱԶԵՆ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 16. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա  գործադրելու հիմքերը, պայմանները  եւ սահմանները

1. Ոստիկանության զորքերն իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ, պահելու եւ օգտագործելու հատուկ միջոցներ, հաշվեցուցակային զենք եւ մարտական տեխնիկա միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով։

2. Ոuտիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաuտություն, ինչպեu նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի, մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող uտուգումներ: Միայն համապատաuխան պատրաuտություն անցնելուց հետո ոuտիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու,  ինչպես նաեւ գործադրելու (կիրառելու)  հրազեն, հատուկ միջոցներ եւ մարտական տեխնիկա: Ոստիկանության զորքերի զինծառայողների անհատական եւ կոլեկտիվ հատուկ պատրաստություն անցնելու ծրագիրը հաստատում է ոստիկանության զորքերի հրամանատարը:

3. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝

1) դրանք գործադրելու մասին  նախազգուշացնել իրավախախտողներին՝ բավարար ժամանակ տալով նրանց իր պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումը վտանգի տակ է դնում իր,  քաղաքացիների,  զինծառայողների  կամ    Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կյանքն ու առողջությունը, կարող է այլ ծանր հետեւանքներ առաջացնել,   կամ   ստեղծված   իրավիճակում   այդպիսի   նախազգուշացումն   անհնարին է.

2)  ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը.

3)  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով զեկուցել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին։

4. Ոստիկանության զորքերի հրամանատարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին եւ դատախազին անհապաղ տեղեկացնել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական  տեխնիկա գործադրելու հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին։

5.  Oրենքով չնախատեuված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն,  մարտական տեխնիկա գործադրելը կամ uահմանների անցումով դրանց գործադրելն առաջացնում է պատաuխանատվություն` oրենքով uահմանված կարգով:

Հոդված 17. Ֆիզիկական ուժ գործադրելը

1. Ոստիկանության զորքերի զինծառայողները իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարած անձանց ձերբակալելու, ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ:

Հոդված 18. Հատուկ միջոցներ գործադրելը

1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրելու հետեւյալ դեպքերում.

1) քաղաքացիների, զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումը խափանելիս.

2) ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող  դիմադրությունը խափանելիս.

3) իրավախախտման պահին  բռնված եւ փախուստի փորձ կատարող անձանց ձերբակալելիս.

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.

5) ձերբակալված անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության զորքերի զինծառայողներին.

6) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի եւ շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների եւ բեռների վրա կատարվող հարձակումները խափանելիս.

7) առեւանգված, ապօրինաբար ազատությունից զրկված եւ բռնի կերպով պահվող անձանց, զավթած  կառույցները, շենքերը, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.

8) տրանսպորտի, կապի հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) աշխատանքները խանգարող, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունները եւ խմբակային գործողությունները խափանելիս:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել՝

1) ռետինե մահակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) արցունքաբեր գազ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում: Ձեռնաշղթաների բացակայության  դեպքում ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի կապելու նպատակով  օգտագործելու ձեռքի տակ եղած այլ միջոցներ.

4) ուշադրություն շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին,  4-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) արգելքները քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

6) տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

7) ջրանետեր, զրահամեքենաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում, եւ միայն ոստիկանության զորքերի հրամանատարի կամ նրա տեղակալի հրամանով՝ դրանց գործադրման պահից  24 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատախազին.

8) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում.

9) ծառայողական շներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Հատուկ միջոցները օգտագործելու եւ ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը, ինչպես նաեւ դրանց պահպանման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

4. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաեւ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:

5. Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող խմբակային հարձակման դեպքերի:

6. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության զորքերի զինծառայողը հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

Հոդված 19. Հրազենի գործադրումը (կիրառումը) եւ օգտագործումը

1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմով հրազեն գործադրելու հետեւյալ դեպքերում.

1) անձանց՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելիս.

2) զինծառայողների,  Հայաստանի Հանրապետության  ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, երբ վտանգ է սպառնում նրանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաեւ նրանց զենքին տիրելու փորձերը կանխելիս.

3) պատանդներին, ինչպես նաեւ զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները, մարտական   տեխնիկան ազատելիս.

4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող, ինչպես նաեւ զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

5) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի եւ շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների եւ բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների, կազմակերպությունների վրա կատարվող խմբակային կամ զինված հարձակումները հետ մղելիս.

6) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու եւ իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական  պահանջները:

2.  Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն հրազեն օգտագործելու հետեւյալ դեպքերում՝

1) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում հրաժարվում է կանգնեցնել այն՝ չկատարելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական պահանջը.

2) մարդկանց կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք  գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնության կանչելիս։

3. Հրազեն գործադրելն առանց նախազգուշացման թույլատրվում է զենքով, մարտական տեխնիկայով, տրանսպորտային միջոցներով, թռչող ապարատներով կատարվող հարձակումները հետ մղելիս, զենքով, տրանսպորտի միջոցներով, թռչող ապարատներով փախչելիս:

4. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), ինչպես նաեւ մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

5. Հրազենը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Հոդված 20. Մարտական տեխնիկան գործադրելը

1. Ոստիկանության զորքերի հաստիքային մարտական տեխնիկան գործադրվում է հետեւյալ դեպքերում.

1)  պատանդներին, ինչպես նաեւ զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները, մարտական  տեխնիկան ազատելիս.

2)  զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

3) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի եւ շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների եւ բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների եւ կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս.

4) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու եւ իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջները։

2. Մարտական տեխնիկան գործադրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Հոդված 21.  Ոստիկանության զորքերի զինծառայողների անձնական անվտանգության երաշխիքները

1. Ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի մերկացնելու զենքը եւ այն բերելու պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան հրազեն գործադրելու հիմքեր ծագել։

2. Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ չի թույլատրվում զորամասերի տեղաբաշխման (վերատեղաբաշխման) վայրերի, զինված հանցավոր խմբերի հետ ընդհարումներին մասնակցած ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայության եւ բնակության վայրի մասին տեղեկությունների հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով։

3. Ոստիկանության զորքերի ծառայողական, մարտական գործունեության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ ոստիկանության զորքերի հրամանատարի թույլտվությամբ։

ԳԼՈՒԽ 5

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶիՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջների կատարման պարտադիր լինելը

1. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար։

2. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջները չկատարելը, ինչպես նաեւ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք խոչընդոտում են ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունների կատարմանը, առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն։

3. Ոչ ոք իրավասու չէ միջամտելու ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական գործողություններին:

Հոդված 23. Ոստիկանության զորքերի զինծառայողների սոցիալական ապահովությունը

1. Ոստիկանության զորքերի զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով։

Հոդված 24. Ոստիկանության զորքերի զինծառայողների պատասխանատվությունը

1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց կատարած իրավախախտումների համար կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն։

2. Ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից անձանց եւ կազմակերպություններին ապօրինի գործողություններով պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 6

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 25. Ոստիկանության զորքերի ֆինանսավորումը

1. Ոստիկանության զորքերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության  պետական  բյուջեի միջոցների հաշվին։

Հոդված 26. Ոստիկանության զորքերի գույքը

1. Ոստիկանության զորքերը տիրապետում են պետական սեփականություն համարվող գույքը։

2. Ոստիկանության զորքերը հողի, ընդերքի, օդային տարածքի եւ ջրերի օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Հոդված 27. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական եւ ռազմական ապահովումը

1. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական եւ ռազմական մատակարարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության  ներկայացմամբ։

2. Ռազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի կազմակերպություններում եւ հիմնարկներում, ինչպես նաեւ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Ոստիկանության զորքերի հրամանատարության, զորամասերի եւ ստորաբաժանումների տեղաբաշխման նպատակով շենքերի եւ շինությունների տրամադրման, ինչպես նաեւ դրանց կոմունալ սպասարկման, նորոգման եւ նոր շենքերի ու շինությունների կառուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համապատասխան հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով։

Հոդված 28. Նյութական միջոցների, զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը եւ պահպանումը

1. Նյութական միջոցների, զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը եւ պահպանումը խաղաղ ժամանակ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իսկ պատերազմի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Հոդված 29. Անցումային դրույթներ

1. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունը պայմանագրով կազմակերպվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ զուգորդվելով զորակոչային տարիքի քաղաքացիների զորակոչով:

2. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունը 2012 թվականից բացառապես կազմակերպվելու է պայմանագրով:»:

Հոդված 2. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: