Հոդված 1. «Բարեգործության մասին» Հայաստաի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը «կուսակցություններին» բառից հետո լրացնել «, նախընտրական հիմնադրամներին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) շահադիտական նպատակների բացառումը:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Արգելվում է բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն, հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչություն կատարելը:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի «կառավարման» բառը հանել եւ մասը «մարմինները» բառից հետո լրացնել «, Ազգային ժողովի պատգամավորները, համայնքների ղեկավարները եւ ավագանիների անդամները, ինչպես նաեւ կուսակցությունները, նրանց ղեկավարները եւ մշտապես գործող ղեկավար մարմինների անդամները» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ մասով.
«31 . Բարեգործական կազմակերպությունը չի կարող իր միջոցները ծախսել եւ իր գույքն օգտագործել կուսակցությունների աջակցության, ինչպես նաեւ նախընտրական հիմնադրամների ֆինանսավորման եւ (կամ) այլ կերպ քաղաքական քարոզություն իրականացնելու նպատակով:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է`
1) արգելել հասարակական կազմակերպություններին (այդ թվում` հայրենակցաական միություններին) նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել, ինչպես նաեւ արգելել բարեգործություն հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը1 :
Հասարակական կազմակերպությունների նկատմամբ նման արգելքի սահմանումը համահունչ է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթին, ըստ որի` հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող եւ ստացված շահույթը մասնակիցների միջեւ չբաշխող (ոչ առեւտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգեւոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց եւ այլոց իրավունքները եւ շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական եւ ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: Եթե միավորումը, նշված նպատակների հետ միասին, ունի նաեւ քաղաքական , կրոնական, արհեստակցական նպատակներ , ապա հասարակական կազմակերպություն չէ եւ կարող է պետական գրանցում ստանալ որպես հասարակական միավորման կազմակերպական-իրավական այլ տեսակի կազմակերպություն:
2) արգելել կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ2 :
Նման արգելքի սահմանման անհրաժեշտությունը բխում է «ՀՀ ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ մասից, ըստ որի` նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի կուսակցությունը միակ հասարակական միավորումն է, որն իրավունք ունի թեկնածուներ առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության Նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ ավագանու ընտրություններում: Ունենալով նման բացառիկ իրավունք, կուսակցությունները «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` իրենց ընթացիկ գործունեությունը մշտապես պետք է նպատակաուղղեն հասարակության եւ պետության քաղաքական կյանքին մասնակցությանը , որը հատկապես դրսեւորվում է հերթական ընտրություններին նախապատրաստվելու միջոցով: Դա իր հերթին ենթադրում է, որ «ՀՀ ընտրական օրենսգրքի» 17-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված արգելքը նպատակահարմար է տարածել նաեւ կուսակցությունների ընթացիկ գործունեության վրա: Այլապես, գործող օրենսդրությունը կուսակցությություններին հնարավորություն է տալիս քաղաքացիներին նախապես` մինչեւ ընտրությունները, անհատույց կամ արտոնյալ պայմաններով) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու (խոստանալու) կամ ծառայություններ մատուցելու (խոստանալու) միջոցով շրջանցել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված արգելքը: Մեր կարծիքով նման երեւույթներն անընդունելի են, եթե նույնիսկ դրանք իրականացվում են բարեգործության անվան տակ:
Նշված խնդիրներին անդրադարձել է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանը` իր 2007թ. հունիսի 10-ի ՍԴՈ -703 որոշման`
ա) 22-րդ մասում մասնավորապես արձանագրելով, որ պետությունը պարտավոր է այնպիսի երաշխիքներ ապահովել, որպեսզի քաղաքական ընթացիկ գործունեությունը հստակ տարանջատվի նախընտրական քարոզչությունից, բացառվի քաղաքական ու բարեգործական գործունեության միատեղումը, ընտրական գործընթացի բոլոր փուլերում կանխվի քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը.
բ) 25-րդ մասում արձանագրելով, որ ընտրական գործընթացներում կուսակ՟ցություն՟նե՟րի ֆինանսական գործունեության վերահսկողության արդյունավետության օրենսդրա՟կան ապահով՟ման հարցում «առկա են օրենսդրական ու կառուցակարգային թերացումներ: Մասնավորապես, վերանայման կարիք ունի ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 7-րդ կետը, որը պետք է վերաբերի ոչ միայն նախընտրական քարոզչությանը, այլ ընդհանրապես կուսակցություններին արգելվի անօրինական ցանկացած գործողության կատարումը:»:
3) սահմանել դրույթ, ըստ որի նախընտարկան հիմնադրամներին հատկացվող միջոցները նույնպես չեն կարող համարվել բարեգործություն3 :
Նախագծում նման դրույթի սահմանումը համահունչ է`
ա) ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետին եւ 25-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, որոնցով բարեգործական կազմակերպություններին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել, ինչպես նաեւ նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարել.
բ) «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի` բարեգործություն չի համարվում նաեւ կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական եւ այլ նյութական միջոցների հատկացումը:
4) բարեգործության իրականացման սկզբունքները լրացնել «շահադիտական նպատակների բացառումը» սկզբունքով, որը բխում է բարեգործության էությունից եւ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից, ըստ որի` բարեգործությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից օրենքով նախատեսված նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց, առողջապահական եւ ոչ առեւտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր , օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական եւ հոգեւոր օգնության տրամադրումն է4 :
5) առաջնորդվելով բարեգործության իրականացման սկզբունքներով, որոնք սահմանված են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում` առաջարկել արգելել բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն, հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչություն կատարելը եւ նմանատիպ դրույթ սահմանել նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքում5 :
6) առաջարկել ի թիվս պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, որոնք ըստ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի չեն կարող լինել բարեգործական կազմակերպության հիմնադիրներ, ավելացնել Ազգային ժողովի պատգամավորներին, համայնքների ղեկավարներին եւ ավագանիների անդամներին, ինչպես նաեւ կուսակցություններին, նրանց ղեկավարներին եւ մշտապես գործող ղեկավար մարմինների անդամներին` դրանով նպաստելով բարեգործական եւ քաղաքական գործունեության տարանջատմանը6 :
7) սահմանել, որ բարեգործական կազմակերպությունը չի կարող իր միջոցները ծախսել եւ իր գույքն օգտագործել կուսակցությունների աջակցության, ինչպես նաեւ նախընտրական հիմնադրամների ֆինանսավորման եւ (կամ) այլ կերպ քաղաքական քարոզություն իրականացնելու նպատակով, դրանով կատարելով եւս մեկ քայլ բարեգործական եւ քաղաքական գործունեության տարանջատման ուղղությամբ7 :
Օրինագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է հասարակական հիմունքներով իմ օգնական Երվանդ Դալլաքյանը:
1 Տես` «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդված:
2 Տես` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդված:
3 Տես` «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդված:
4 Տես` «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդված:
5 Տես` «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդված:
6 Տես` «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդված:
7 Տես` «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդված: