Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-572-17.03.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի  ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (այսուհետ` Ազգային ժողով) եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 52. Գլխավոր դատախազի լիազորությունների դադարումը

1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, եթե`

1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը.

2) նա տվել է հրաժարական սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով.

3) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.Գլխավոր դատախազն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին` նախապես տեղեկացնելով Հանրապետության Նախագահին: Ազգային ժողովի նիստը վարողը գլխավոր դատախազի հրաժարականը հրապարակում է Ազգային ժողովի չորսօրյա նիստերի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, գլխավոր դատախազը գրավոր դիմումով՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:».

3) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼԱՐՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է`

1) վերացնել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրեքնի 59-րդ հոդվածների հակասությունը, սահմանել է  Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումների ներկայացման կոնկրետ ժամկետ (հոդված 1):

Համաձայն  ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի ՀՀ գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը: Դա մասնավորապես ենթադրում է Հայաստանի Հանրապետության գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումների քննարկումն Ազգային ժողովում, որը մեծապես կարող է նպաստել ՀՀ դատախազության գործունեության հրապարակայնության ապահովմանը եւ Ազգային ժողովի` որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ  ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Մինչդեռ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը եւ հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  59-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդպիսով,  «Դատախազության մասին» ՀՀ օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի միջեւ ներկայումս  առկա է հակասություն, որը խոչընդոտում է Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումների քննարկմանը: Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդուման ներկայացման հստակ ժամկետ նախատեսված չէ:

Նշված հակասությունները վերացնելու նպատակով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը լրացնել նոր` 103.1-րդ հոդվածով, դրանում շարադրելով Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային ժողովում քննարկելու հատուկ կարգը` համապատասխան փոփոխությունները կատարելով նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում:

Նշված կարգով նախատեսվում է նաեւ, որ պատգամավորների առնվազն մեկ երրորդը կարող են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով հաղորդման վերաբերյալ ներկայացնել ուղերձի կամ հայտարարության նախագիծ, որը քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Այս կարգի սահմանման դեպքում Ազգային ժողովն կարող է Սահմանադրության 62-րդ հոդվածի երկրորդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.1-րդ հոդվածներով իրեն վերապաված լիազորությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման հիման վրա գնահատել Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեությունը: Թեեւ նման ձեւով տրված Ազգային ժողովի գնահատականը ուղղակի իրավական հետեւանք չունի, սակայն կարող է կարեւոր ազդակ հանդիսանալ համապատասխան մարմինների եւ պաշտոնատար անձանց հետագա գործունեության համար:

Ազգային ժողովի ուղերձի  կամ հայտարարութայն նախագծի ներկայացման նմանատիպ մեխանիզմներ են ավելացվել նաեւ Ազգային ժողովում վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության, կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի, կենտրոնական բանկի հաշվետվությունների քննարկման կարգերում:

2) հստակեցնել է ՀՀ գլխավորի դատախազի հրաժարականի ներկայացման եւ ընդունման կարգը` այն համապտասխանեցնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին:

Համաձայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են մասնավորապես, երբ նա պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին: Մինչդեռ, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի (պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկումը) 6-րդ մասի` Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

Մեր կարծիքով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում սահմանված կարգն առավելագույնս է համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ըստ այդ կարգի ՀՀ գլխավոր դատախազն իր հրաժարականը ներկայացնում իրեն նշանակող մարմնին` Ազգային ժողովին:

Հատկանշական է, որ համաձայն «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի վերահսկիչ պալատի նախագահը, որը նույնպես նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի որոշմամբ, իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի` կամովին պաշտոնից ազատվելու դեպքում կենտրոնական բանկի նախագահը նախապես տեղեկացնում է Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողովին: Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մարդու  իրավունքների պաշտպանը նույնպես իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին:

Օրինագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է հասարակական հիմունքներով իմ օգնական Երվանդ Դալլաքյանը: