Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-578-25.03.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 132-րդ հոդվածի`

1. 1-ին մասի «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ» բառերը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով» բառերով, «խարդախության» բառը փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու» բառերով, «վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերից հետո լրացնել «կամ այդպիսիք խոստանալու» բառերը, «երեքից վեց տարի» բառերը փոխարինել «հինգից տասը տարի» բառերով, ինչպես նաեւ «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

2. 2-րդ մասը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ, 4-րդ, 5-րդ , 6-րդ եւ 7-րդ կետերով.

«3) տուժողի` սահմանված կարգի խախտմամբ, պետական սահմանը հատելը կազմակերպելով,

4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

5) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

6) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

7) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`»,

2) «յոթից տասը տարի ժամկետով» բառերը փոխարինել «յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

3. 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

4. 4-րդ մասը «տասից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

5. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ մասով.

«6. Ամձն ազատվում է սույն հոդվածով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 132.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, եթե նա դրանց մեջ ներգրավված է եղել որպես տուժող եւ աջակցել է այդ հանցագործությունների բացահայտմանը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 132.1-րդ հոդվածի`

1. 1-ին մասի «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ» բառերը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով» բառերով, «խարդախության» բառը փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու» բառերով,  «վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերից հետո լրացնել «կամ այդպիսիք խոստանալու» բառերը, «հինգից տաuը տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

2. 2-րդ մասում`

1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.

«7) տուժողին օտարերկրյա պետությունում ապօրինի պահելով»,

3) «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով,

3. 3-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

1. ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ եւ 132.1-րդ հոդվածների 1-ին մասերում «խարդախության» բառը առաջարկվում է փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով» բառակապակցությամբ, քանի որ անհասկանալի է, թե օրենսդիրն ինչ է նկատի ունեցել «խարդախության միջոցով մարդկանց հավաքագրել, փոխադրել, հանձնել, թաքցնել կամ ստանալ» ասելով: Այս պարագայում նպատակահարմար է «խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով» արտահայտության նախատեսումը: Խաբեություն ասելով՝ քննարկվող հանցակազմի իմաստով պետք է հասկանալ իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելը կամ այն գիտակցաբար թաքցնելը, դիմացինին որոշակի փաստերի, հանգամանքների, իրադարձությունների վերաբերյալ ապակողմնորոշելը՝ շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, փոխադրելու, հանձնելու,  թաքցնելու կամ ստանալու համար:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ եւ 132.1-րդ հոդվածների 1-ին մասում «վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերից հետո «կամ այդպիսիք խոստանալու» բառերը ավելացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ հոդվածի այս մասում արծարծվող հակաիրավական արարքների համար փոխհատուցում տալը կարող է դրսեւորվել ոչ միայն վճարումներ կատարելով կամ բարիքներ տրամադրվելով, այլ նաեւ այդպիսիք խոստանալով:

3. Ինչպես ցույց է տալիս իրավակիրառական պրակտիկան, նախաքննական որոշ մարմիններ «թրաֆիքինգ» հասկացության մեջ ներառվող հանցանքներին քրեաիրավական որակումներ տալիս ներգրավումը դիտում են իբրեւ հավաքագրում, ինչի արդյունքում մեղավոր անձինք 5-ից 10-ը տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու փոխարեն դատապարտվում են ազատազրկման 3-ից 6 տարի ժամկետով: Ակնհայտ է, որ 132-րդ հոդվածի 1-ին մասի եւ 132.1-րդ հոդվածի առաջին մասի սանկցիաների տարբերությունը պարունակում է կոռուպցիոն ռիսկ: Այդ իսկ պատճառով, եւ նկատի ունենալով նշված հոդվածներով նախատեսված արարքների հանրորեն միատեսակ վտանգավորության աստիճանը, անհրաժեշտ է միմյանց համապատասխանեցնել տվյալ հոդվածների սանկցիաները` 132-րդ հոդվածի առաջին մասում «երեքից վեց տարի» բառերը փոխարինելով «հինգից տասը տարի» բառերով, իսկ «յոթից տասը տարի» բառերը` «յոթից տասներկու տարի» բառերով:

4. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 132.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով նախատեսված սանկցիաները առաջարկվում է լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով: ՀՀ քր. օր-ի 132 եւ 132.1 հոդվածների սանկցիաների ուսումնասիրությունը  ցույց է տվել, որ դրանք որպես լրացուցիչ պատիժ չեն նախատեսում գույքի բռնագրավում, այն դեպքում, երբ մարդկանց առեւտրին առնչվող միջազգային-իրավական գրեթե բոլոր փաստաթղթերում, այդ թվում եւ Պալերմոյի արձանագրաթյունում (6-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ կետեր) այն նախատեսված է: Վերոհիշյալ միջազգային-իրավական փաստաթղթերով պարտավորություններ է  կրում նաեւ մեր պետությունը, ուստի միանգամայն արդարացի կլինի, եթե հիմքում ունենալով միջազգային փորձը, ՀՀ քրեական օրենսգրքի վերը հիշատակված հոդվածների սանկցիաներում նախատեսվի լրացուցիչ պատիժ գույքի բռնագրավման ձեւով: Արդյունքում, շահադիտական դրդումներով հանցագործություն կատարած անձանց բռնագրավված գույքի իրացումից առաջացած դրամական միջոցները կարելի է օգտագործել պետության վերը հիշատակված միջազգային իրավական պարտավորությունները կատարելու համար:

5. Առաջարկվում է նաեւ ՀՀ քր. օր.ի 132-րդ հոդվածով նախատեսված արարքը ծանրացնող հանգամանք դիտել տուժողի` սահմանված կարգի խախտմամբ  պետական սահմանը հատելը կազմակերպելը: Միաժամանակ, նպատակահարմար է նաեւ ՀՀ քր. օր.ի 132.1-րդ հոդվածով նախատեսված արարքը ծանրացնող հանգամանք դիտել նաեւ տուժողին օտարերկրյա պետությունում ապօրինի պահելը:

6. Առանձին դեպքերում զոհերն ապօրինի հատում են այս կամ այն պետության սահմանները, կեղծում կամ օգտագործում են կեղծ փաստաթղթեր, այսպես կոչված, աղբյուր երկրից, տարանցիկ երկրներով նշանակման երկիր հասնելու համար: Անշուշտ, դատախազական եւ քննչական պրակտիկայում այս հանցագործությունների հետեւանքով տուժած անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծելիս հաշվի է առնվում վերջիններիս ունեցած դատավարական կարգավիճակը, եւ, որպես կանոն, նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, հատկապես այն դեպքերում, երբ համագործակցում են քրեական հետապնդման մարմինների հետ,  հայտնում է մարդկանց առեւտրով զբաղվող անձանց մասին: Սակայն զոհերի պատասխանատվությունից ազատելու հարցը պետք է լուծվի օրենսդրական մակարդակով: Բազմաթիվ միջազգային փաստաթղթերում առաջարկություններ են արվում ներպետական օրենսդրության մեջ ամրագրել մարդկանց առեւտրից տուժած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը: Մասնավորապես, ԱՊՀ անդամ-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի որոշմամբ 2008 թվականի ապրիլի  3-ին հաստատված «Մարդկանց առեւտրի ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների օրենսդրության կատարելագործմանը ուղղված  ցուցումներ»-ի  2-րդ մասում առաջարկվեց ազատել մարդկանց առեւտրից տուժած անձանց քրեական կամ վարչական պատասխանատվությունից այնպիսի հանրորեն վտանգավոր արարքների համար, որոնք կապված են եղել նրանց որպես զոհ մարդկանց առեւտրի մեջ ներգրավելու հետ:

Հաշվի առնելով վերոհիշյալը, առաջարկվում է 132-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր`6-րդ կետով.

«6. Ամձն ազատվում է սույն հոդվածով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 132.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, եթե նա դրանց մեջ ներգրավված է եղել որպես տուժող եւ աջակցել է այդ հանցագործությունների բացահայտմանը:»: