Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-583-03.04.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի`(այսուհետ՝ Օրենք)

1) 1-ին հոդվածում «2007 թվականի հոկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2009 թվականի մայիսի 1-ն» բառերով:

2)  հոդված 1-ը լրացնել նոր մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի՝

1) 3-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

2) 4-րդ կետում «տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած» բառերը փոխարինել «տարկետում ստացած» բառերով, իսկ «150-ապատիկի» բառը փոխարինել «50-ապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասում «ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ» բառերը  փոխարինել «ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հան՟րա՟պետության օրենքի նախագիծի  ընդունման

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կապված 1980 թվականի հոկտեմբերի 31-ից հետո ծնված եւ մինչեւ 2009 թվականի գարնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների զգալի թվի հետ, անհրաժեշտություն է առաջացել օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2009 թվականի մայիսի 1-ը, քանի որ նշված քաղաքացիները 27 տարին լրանալու պատճառով այլեւս ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի: Անհրաժեշտություն է առաջացել նաեւ օրենքով հստակ սահմանել այն քաղաքացիների շրջանակը, որոնց նկատմամբ չեն տարածվում օրենքի դրույթները:

Միաժամանակ, օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված հիմքերով առ այսօր ոչ մի քաղաքացի չի դիմել եւ տեսականորեն հնարավոր էլ չէ, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է կամ այլ հիմքերով տարկետման իրավունք ստանալու հիմք է ձեռք բերել, քանի որ որպես այդպիսին, բացի օրենքով նախատեսվածներից (ընտանեկան դրության բերումով, ուսումը շարունակելու կապակցությամբ, առողջական վիճակի պատճառով), տարկետման այլ հիմքեր գոյություն չունեն:

Բացի այդ, օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը չի համապատասխանում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որոնց ուսումը շարունակելու կապակցությամբ քաղաքացին ստանում է տարկետում, այլ ոչ թե ձեռք է բերում նման տարկետման իրավունք, ինչպես նաեւ նշված կետով սահմանված գումարի չափը չի բխում օրենքում սահմանված մյուս գումարների տրամաբանությունից, քանի որ մինչեւ 27 տարին լրանալն ազատման կամ տարկետման հիմք ձեռք չբերած քաղաքացիների համար նախատեսված է յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար 100 հազար դրամի չափով վճար, իսկ նման հիմքերի առկայության պարագայում այդ գումարը 100 հազարից պակաս է:

Հայաստանի Հանրապետության կողմից երկքաղաքացիության ինստիտուտի ընդունման եւ դրան համապատասխան «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում 2007 թվականի մարտին կատարված լրացման (31 հոդված) արդյունքում սահմանվել է, որ մինչեւ այլ պետության քաղաքացիության ընդունումը ՀՀ քաղաքացի համարվող անձը չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ նրա կողմից այլ պետության զինված ուժերով ծառայած լինելու հանգամանքից: Այս կապակցությամբ օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ կետի կիրառումը դարձել է ոչ նպատակահարմար:

Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել եւս մի հանգամանք, որը չի նախատեսվել օրենքում: Խոսքը վերաբերում է օրենքի շրջանակներում քաղաքացու կողմից դիմումի ներկայացման գործընթացին, որը ենթակա էր տրման միայն քաղաքացու կողմից՝ անմիջականորեն կամ այլ պետություններում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական մարմինների միջոցով: Այլ պետություններում գտնվող քաղաքացիների համար դիմումի եւ այլ փաստաթղթերի տրման, համապատասխան վճարումների կատարման, պահեստազորում հաշվառվելու արդյունքում զինվորական կոմիսարիատից զինվորական գրքույկի ստացման գործընթացում իրավական բնույթի խոչընդոտներ չառաջանալու նպատակով ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 264-Ն որոշման մեջ նախատեսվել էր քաղաքացու գործի քննարկումը լիազորված անձի միջոցով: Այդ նպատակով օրենքում եւս առաջարկվում է նախատեսել դրույթ՝ քաղաքացու գործի քննարկումը լիազորված անձի միջոցով: