Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-590-09.04.2009-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Ջրային  օրենսգրքի (4 հունիսի 2002թվականի) 33-րդ հոդվածի 5-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել, եւ դրա երկարաձգումը չի հակասում օրենքներին, այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին եւ ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ենթակա է վերաձեւակերպման` նույն ժամկետով եւ պայմաններով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքով հստակորեն ամրագրված են սահմանափակ ջրային ռեսուրսները մրցակցող շահագրգիռ կողմերի միջեւ բաշխելու գերակայությունները, սակայն լինում են դեպքեր, երբ ջրօգտագործման թույլտվությամբ արդեն իսկ բաշխված ջրային ռեսուրսների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվում է այդ ռեսուրսներից այլ նպատակով ջրօգտագործում, որը սակայն հնարավոր չի լինում իրականացնել` օրենսդրորեն ամրագրված չլինելու պատճառով:

 Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի 33-րդ` «ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետը» հոդվածով  ամրագրված է. «Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել, եւ դրա երկարաձգումը չի հակասում օրենքներին, այլ իրավական ակտերին եւ ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ենթակա է վերաձեւակերպման` նույն ժամկետով եւ պայմաններով», սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող ջրօգտագործումը (անկախ նպատակից) չի ներառվել հոդվածում:

Ներկայացվող փոփոխությունը («իրավական ակտերից» բառակապակցությունից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրեր» բառակապակցության ավելացումը) թույլ կտա, ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետի երկարաձգման հայտի գնահատման ժամանակ հաշվի առնել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերը` դրանց պահանջները ներառելով որպես ջրօգտագործման նախապայման: