Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-595-15.04.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003թ., ՀՕ-528-Ն) 188-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում «չափով,» բառից հետո ավելացնել «ինչպես նաեւ գործունեության տվյալ տեսակի լիցենզավորման համար սահմանված պետական տուրքի գումարի չափով (եթե նման գործունեության տեսակի համար նախատեսված է լիցենզավորում եւ սահմանված է պետական տուրք) ,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 207-րդ հոդվածում`

1) վերնագրում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով եւ հոդվածի 1-ին մասում հանել «իրացման նպատակով» բառերը,

2) 1-ին եւ 2-րդ մասերում «հազարապատիկի»   բառից հետո ավելացնել «եւ համապատասխան գործունեության տեսակի լիցենզավորման համար սահմանված պետական տուրքի գումարի» բառերը,

3) ավելացնել նոր` 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`

«4. Սույն հոդվածի համաձայն առեւտրի կամ հանրային սննդի օբյեկտներում կեղծ ապրանքներ իրացնողը կրում է պատասխանատվություն, եթե հաշիվ-ապրանքագրերով եւ համապատասխան այլ փաստաթղթերով հնարավոր չէ պարզել կեղծ ապրանքներ պատրաստողին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասում «վերաբերյալ» բառից հետո ավելացնել «կամ այլ ապրանքային նշանի, սպասարկման նշանի, ֆիրմային անվանման խեղաթյուրված, աղավաղված կամ շփոթության աստիճանի նմանությամբ օգտագործելու միջոցով» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետւթյան քրեական օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայստանի Հանրապետության օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն արդյունավետ, կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը ապօրինի ձեռնարկատիրության եւ կեղծ ապրանքների արտադրության դեմ:

Միաժամանակ խնդիր է դրվում ապահովել ապօրինի գործունեություն իրականացնողների կողմից հասցված վնասի եւ կիրառվող պատժի համապատասխանությունը` մասնավորապես լիցենզավորում պահանջող գործունեության տեսակներով ապօրինի զբաղվելու դեպքում տուգանքի չափին զուգահեռ նաեւ լիցենզիայի դիմաց գանձվող պետական տուրքի չափով տուգանքի կիրառումը: Լիցենզավորման դիմաց գանձվող պետական տուրքի չափի կիրառումը որպես պատժամիջոց արդեն գործադրված է օրենսգրքում ապօրինի շահումով խաղերի կամ խաղատնային գործունեության կազմակերպման նկատմամբ:

Առաջարկվող փոփոխությամբ նաեւ ապահովվում է համապատասխանությունը կեղծ ապրանքների պատրաստման եւ իրացման հոդվածի վերնագրի եւ բովանդակության միջեւ, հստակեցվում է նման գործունեության մասով առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտներում իրացում իրականացնողների պատասխանատվության դեպքերն ու աստիճանը, ինչպես նաեւ սպառողներին խաբելու ձեւերին է դասվում այլ ապրանքային նշանի, սպասարկման նշանի, ֆիրմային անվանման խեղաթյուրված, աղավաղված կամ շփոթության աստիճանի նմանությամբ օգտագործումը:

Այսպիսով, առաջարկվող փոփոխությունները ամբողջացնում են պատասխանատվության շղթան այն խախտումների նկատմամբ, որոնք ներառում են ապօրինի ձեռնարկատիրությունը, առանց լիցենզիայի գործունեությունը, լիցենզիայի առկայության դեպքում կեղծ ապրանքների արտադրությունը, ինչպես նաեւ այլ ապրանքանիշերի խեղաթյուրման եւ շփոթության աստիճանի նմանության միջոցով սպառողների խաբելը: