Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-597-17.04.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` Օրենսգիրք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում եւ 20-րդ հոդվածի 3-րդ մասում «Դատարանն» բառը փոխարինել «Դատական դեպարտամենտն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 63-րդ հոդվածի 5-րդ մասում «դատարանը» բառը փոխարինել «դատական դեպարտամենտը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ`

«Դատական դեպարտամենտը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքի մեկական օրինակն ուղարկել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին` ըստ վճռի կայացման վայրի, եւ երեխաներ որդեգրել ցանկացող անձանց եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին` որդեգրողին, որպես որդեգրողի թեկնածուի, ինչպես նաեւ որդեգրված երեխային, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենտրոնացված հաշվառումից հանելու համար:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Դատական դեպարտամենտը պարտավոր է երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքի մեկական օրինակն ուղարկել որդեգրման պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին  եւ  երեխաներ որդեգրել ցանկացող անձանց եւ առանց ծնողական խնամքի մնացած   երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին` որդեգրողին, որպես երեխա որդեգրած անձի, ինչպես նաեւ երեխային, որպես որդեգրված երեխայի հաշվառումից հանելու համար:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ  մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետո՟ւ՟թյան կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Յուրաքանչյուր երեխային պահելու համար խնամատար ընտանիքին տրամադրվող ամսական դրամական միջոցների վճարումը, ինչպես նաեւ երեխայի խնամքի եւ դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:

Յուրաքանչյուր երեխային պահելու, ինչպես նաեւ երեխայի խնամքի եւ դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության նպատակով տրվող դրամական միջոցների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանարպետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԸՆՏԱՆԵԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետությունում որդեգրման գործընթացի ամբողջական պատկերի ներկայացման, տեղեկատվական հոսքերի կենտրոնացման, կանոնակարգման, կառավարման եւ վերահսկման  համար  նպատակահարմար է, որպեսզի որդեգրման մասին վճիռ կայացնող Հայաստանի Հանրապետության դատարանները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացնեն երեխայի որդեգրման եւ որդեգրման վերացման մասին դատարանի վճիռները` առանց ծնողական խնամքի մնացած երեխային եւ երեխա որդեգրել ցանկացող անձին հաշվառումից հանելու,  համապատասխանաբար  որպես որդեգրված երեխայի եւ  որդեգրողի հաշվառելու եւ որդեգրումը վերացնելու մասին գրառումներ կատարելու համար:

Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նաեւ  խնամատար ընտանիքի ինստիտուտին վերաբերող գործընթացի կանոնակարգմամբ:

Հաշվի առնելով «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները`  անհրաժեշտ է նաեւ, որ վերը նշված վճիռները համապատասխան մարմիններ ներկայացվեն դատական դեպարտամենտի կողմից:

1.1 կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, որդեգրման ենթակա երեխաների, որդեգրել ցանկացող անձանց, ինչպես նաեւ որդեգրված երեխաների եւ որդեգրողների կենտրոնացված հաշվառումն իրականացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2005 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 110-րդ եւ 114-րդ հոդվածների համաձայն: Մինչեւ ՀՀ ընտանեկան օրենսգրքի  ընդունվելը /2005 թվական/ Հայաստանի Հանրապետությունում որդեգրման տվյալների կենտրոնացված հաշվառումն իրականացվում էր համաձայն 2000 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից ընդունված «Երեխայի  որդեգրման  կարգը   հաստատելու մասին» N 64 որոշման, որտեղ հստակ ներկայացված էին խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կողմից որդեգրման մասին վճիռների փոխանցման մեխանիզմները:

Ներկայումս,  Հայաստանի Հանրապետության  գործող օրենսդրության համաձայն, իրականցվում է որդեգրման ենթակա երեխաների եւ որդեգրել ցանկացող անձանց կենտրոնացված հաշվառում,  սակայն այն չի կարգավորում  ՀՀ   դատարանների կողմից կայացված որդեգրման մասին վճիռների փոխանցումը հաշվառում իրականացնող պետական կառավարման մարմնին` /ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն/  որդեգրված երեխաների եւ որդեգրողների տվյալները կենտրոնացված հաշվառման բազայում եւս ներառելու  համար:

Խնամատար ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում նոր ինստիտուտ է եւ անհրաժեշտ է հստակեցնել երեխաներին խնամատար ընտանիքներ տեղավորելու ընթացակարգերը: Ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 137 հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարությունը հաստատում է խնամատար ընտանիքի մասին կանոնադրությունը, ինչը չի կանոնակարգում խնամատար ընտանիք երեխային հանձնելու գործընթացը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի ընդունման պահին (2004 թվականի նոյեմբերի 9-ը) դատարանի վճիռներն համապատասխան մարմիններ են ուղարկվել դատարանների կողմից իրենց աշխատակազմերի միջոցով: Հանրապետությունում իրականացված դատական բարեփոխումների արդյունքում ստեղծվեց դատական ծառայության ինստիտուտը եւ 2006 թվականի հուլիսի 7-ին ընդունվեց «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 1-ին հոդվածի համաձայն դատական ծառայությունը oրենքով դատարաններին, ինչպեu նաեւ դատական իշխանության մարմիններին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մաuնագիտական գործունեությունն է: Սակայն ՀՀ ընտանեկան օրենսգրքում այդ մասնագիտացված գործունեության իրականացումը ամրագրված է որպես դատարանի պարտականություն:

1.2.առկա խնդիրների առաջարկվող լուծումներ

Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության դատարաններից երեխայի որդեգրման եւ որդեգրման վերացման մասին վճիռները  ներկայացվեն հաշվառում իրականացնող  մարմնին`  առանց ծնողական խնամքի մնացած երեխային եւ երեխա որդեգրել ցանկացող անձին հաշվառումից հանելու,  համապատասխանաբար  որպես որդեգրված երեխայի եւ  որդեգրողի հաշվառելու եւ որդեգրումը վերացնելու մասին գրառումներ կատարելու համար:

Օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ՀՀ Կառավարությունը հաստատում է խնամատար ընտանիքի մասին կանոնադրությունը, ինչը տվյալ  դեպքում անընդունելի է, քանի որ այն պետք է սահմանի խնամատար ծնողների իրավունքներն ու պարտականությունները, որը կարգավորվում է խնամատար ծնողների ու խնամակալության եւ հոգաբարձության մարմինների միջեւ կնքվող պայմանագրով: Ըստ էության անհրաժեշտություն կա կարգավորելու երեխային խնամատար ընտանիք տեղավորելու ընթացակարգը եւ սահմանելու երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորելու հետ կապված հարաբերությունները, ինչը ենթադրում է ոչ թե կանոնադրության, այլ կարգի հաստատում: Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ է օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ` սահմանելով, որ ՀՀ Կառավարությունը հաստատում է երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը:

Իսկ դատարանի վճիռները համապատասխան մարմնին ուղարկելու գործառույթը անհրաժեշտ է, որ  կատարի դատական դեպարտամենտը` համաձայն «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի:

2. Կարգավորման առարկան

ՀՀ ընտանեկան օրենսգրքում իրականացվող փոփոխությունների կարգավորման առարկան որդեգրման ենթակա երեխաների, որդեգրել ցանկացող անձանց, ինչպես նաեւ որդեգրված երեխայի եւ որդեգրողի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության հավաքագրումն է եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորելու հետ կապված հարաբերությունների իրավական հիմքի ամրագրումը եւ ընթացակարգային որոշ հարցերի հստակեցումն է:

ՀՀ ընտանեկան օրենսգրքում կամրագրվի դատական ակտերը համապատասխան մարմիններ ուղարկելու դատական դեպարտամենտի պարտականությունը:

3. Ակնկալվող արդյունքը

ՀՀ ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները կկարգավորեն Հանրապետությունում որդեգրման գործընթացի ամբողջական պատկերի ներկայացման, տեղեկատվական հոսքերի կենտրոնացման, կանոնակարգման, կառավարման եւ վերահսկման գործընթացը եւ հնարավորություն կընձեռի սահմանելու երեխային խնամատար ընտանիքում տեղավորելու մեխանիզմները, ինչպես նաեւ կհստակեցվի դատարանի վճիռները համապատասխան մարմին ուղարկելու պարտականությունները կրող մարմինը: