Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-562-03.07.2014,05.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն կատարելը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի  փետրվարի 14-ի ՍԴՈ-1137 որոշման պահանջներից, որով  Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի` ,...կամ իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին» դրույթը, այնքանով, որքանով այն կիրառվում է առանց օրենքով սահմանված դատական կամ արտադատական կարգով տվյալ ակտի անվավեր ճանաչման, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 5-րդ, 91-րդ եւ 108.1-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի որոշման մեջ ամրագրվել է. «... պետական գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի՝ դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին չհամապատասխանելու հիմքով իրավունքի պետական գրանցման մերժումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ սահմանված դատական կամ արտադատական կարգով վերացվել է պետական գրանցման իրավունք կամ սահմանափակում կիրառող անհատական իրավական ակտը, այսինքն՝ երբ դադարեցվել է վարչական ակտի իրավաբանական ուժը։ Հակառակ պարագայում ստացվում է, որ օրենքի ուժով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն չի կատարել դեռեւս իրավաբանական ուժ ունեցող վարչական ակտի պահանջը:»։ Այդիսկ պատճառով նախագծով սահմանվել է, որ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: