Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6014-22.04.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «համայնքների ղեկավարների աշխատակազմում» բառերից հետո լրացնել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում) (այսուհետ` համայնքի ղեկավարի աշխատակազմ)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «միայն» բառը:

Հոդված 3.   Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1. կետով.

«2.1. Երեւանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր խմբի, ինչպես նաեւ առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներին համայնքային ծառայության դասային աստիճանները շնորհում է վարչական շրջանի ղեկավարը:»

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «2010» եւ «2012» թվերը փոխարինել «2015» թվերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`

1. հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի երեք ներկայացուցիչ)» բառերը.

 2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1. մասով.

«2.1. Երեւանի քաղաքապետարանի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված եւ պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեuտավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քuանչորu ժամ առաջ` հետեւյալ հարաբերակցությամբ.

ա) մեկ երրորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.

բ)  մեկ երրորդը` Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ,

գ) մեկ երրորդը` գիտական եւ ուuումնական հաuտատությունների համապատաuխան մաuնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 եւ 1.2. մասերով.

«1.1. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի (բացառությամբ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի) համայնքային ծառայության գլխավոր խմբի, ինչպես նաեւ առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Երեւանի քաղաքապետը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար խմբի երկրորդ եւ երրորդ, ինչպես նաեւ կրտսեր խմբի պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:

1.2. Երեւանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր խմբի, ինչպես նաեւ առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Երեւանի վարչական շրջանի ղեկավարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված որոշ առանձնահատկություններ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է հստակ սահմանել, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում նույնպես իրականացվում է համայնքային ծառայություն:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմն ունի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներ: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն է: «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն վարչական շրջանի ղեկավարը նշանակում եւ ազատում է աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց պաշտոններն ընդգրկվում են համապատասխանաբար համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբում եւ առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբում: Այս հարցում ներկայացված նախագծով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվում է «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաեւ նախատեսվում է, որ վերը նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողների դասային աստիճանները նույնպես պետք է շնորհի համապատասխան վարչական շրջանի ղեկավարը:

Ներկայացված օրենքի նախագծով սահմանվում են Երեւանի քաղաքապետարանի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման առանձնահատկությունները: Այս հարցում հաշվի է առնվել  քաղաքացիական ծառայության համանման գործընթացներում ունեցած եւ հաջողված փորձը: Նկատի ունենալով, որ համայնքային ծառայության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, ուստի նախատեսվում է, որ նախարարության ներկայացուցիչները պետք ընգրկվեն համապատասխան հանձնաժողովների կազմերում:

Օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը երկարաձգել համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար օրենքով նախատեսված այլընտրանքային չափանիշների գործողության ժամկետը: