Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6021-27.04.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-79) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 եւ 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորումը իրականացվում է միայն ակցիզային պահեստների տարածքում` «ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«5. ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրի եւ 2208 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների համար բացթողնման գինը կամ ներմուծման մաքսային արժեքը չի կարող պակաս լինել 1 լիտրի համար` 3500 ՀՀ դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:» :

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածից հետո լրացնել 71 -րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.1. Ակցիզային պահեստ ռեժիմը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208 եւ 2402 ծածկագրերին դասվող ապրանքների պահպանումը, առաքման (ներառյալ` գնորդներին հանձնելու) կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ տեղափոխման համար բացթողումը իրականացվում է «Ակցիզային պահեստ» ռեժիմի պայմաններին համապատասխան:

2. «Ակցիզային պահեստ» ռեժիմը սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների արտադրության կամ ներմուծման պահից մինչեւ այդ ռեժիմի դադարելու պահը այդ ապրանքների դրոշմավորման, առաքման, իրացման ծավալների ու գների գրանցման եւ  գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողությունն է:

3. «Ակցիզային պահեստ» ռեժիմը տարածվում է հարկ վճարողի ակցիզային պահեստի  վրա, որը ընդգրկում է սույն հոդվածի 1-ին մասում նշված  ապրանքների պահպանման եւ առաքման կազմակերպման համար նախատեսված տարածքները, իսկ արտադրողների դեպքում` նաեւ  արտադրության այն տեղամասերը, որտեղ իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված` պատրաստի արտադրանքի թողարկումը եւ (կամ) դրոշմավորումը:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքներ արտադրողների եւ ներմուծողների կողմից մինչեւ գնորդին ապրանքի առաքումը (հանձնումը)  կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ դրա տեղափոխումը վերը նշված ապրանքների պահպանումն այլ վայրերում արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ ակցիզային պահեստ տեղափոխման ժամանակ ապրանքները գտնվում են տրանսպորտային միջոցներում:

4. Որեւէ ապրանքի (ապրանքների խմբաքանակի) մասով «ակցիզային պահեստ» ռեժիմի ավարտի պահ («ակցիզային պահեստ» ռեժիմի դադարման պահ) է համարվում ակցիզային պահեստ ռեժիմի պահանջների պահպանմամբ հարկ վճարողի ակցիզային պահեստից գնորդներին կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ առաքելու (հանձնելու) պահը:

5. «Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների առաքումը կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ տեղափոխման համար բացթողնումը կարող է իրականացվել հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված` հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցչի հսկողության ներքո:

6. Ակցիզային պահեստում գտնվող` արտադրված եւ դրոշմավորված ապրանքաների հետ կարող են իրականացվել միայն այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են դրանց պահպանմանը կամ տեղափոխման եւ վաճառքի  համար նախապատրաստմանը:

7. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքները (ներառյալ` դրանց փոփոխությունները) որոշվում են հարկային մարմնի եւ արտադրողի կամ ներմուծողի միջեւ համաձայնությամբ: Ակցիզային պահեստում ապրանքների հաշվառման, պահպանման, դրանց վաճառքի նախապատրաստման, հսկողության եւ բացթողնման կարգը սահմանում է   Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 4. Oրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) Որպես հումք ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթում առանձնացված ակցիզային հարկի գումարը հաշվանցվում է սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 5.  Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում «հաշվարկային եւ վճարումը հիմնավորող փաuտաթղթերի» բառը փոխարինել «առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` օրենքով հարկային հաշիվ համարվող  եւ վճարումը հիմնավորող փաստաթղթերը»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար «Ակցիզային պահեստ» ռեժիմի գործողությունը պարտադիր լինելու դեպքում օրենքի 7.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման, հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցչի հսկողությունը շրջանցելով այդ ապրանքների տեղափոխման կամ առաքման (հանձնման) դեպքերում` ակցիզային հարկ վճարողներից գանձվում է տուգանք` օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ապրանքների համար հաշվարկվող իրացման շրջանառության (տեղափոխման դեպքում` իրացման սովորաբար կիրառվող գներով հաշվարկվող արժեքի) 100 տոկոսի չափով, որը հանդիսանում է այդ ապրանքների մասով վերջնական հարկային պարտավորություն:»:

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում .....:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Օրենքի նախագծի ընդունունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի մասով հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողության ուժեղացման անհրաժեշտությամբ: Հարկային վարչաչարության տեսանկյունից ավելի նպատակահարմար է հսկողությունը իրականացնել արտադրողների եւ ներմուծողների մոտ, քան վերահսկել սպառողական շուկան :

Գործող օրենքի պայմաններում որպես հումք ձեռք բերվող ապրանքների մասով ակցիզային հարկի հաշվանցումների համար կիրառվում են հաշվարկային փաստաթղթեր, որոնք միաժամանակ հանդիսանում են հարկային հաշիվներ : Այդպիսի հաշվարկային փաստաթղթեր դուրս գրողը ներկայացնում է հաշվետվություն հաշվարկային փաստաթղթերի ձեւերի օգտագործման վերաբերյալ,  միաժամանակ ներկայացնում է տեղեկություններ այդպիսի փաստաթղթերի (հարկային հաշիվների) վերաբերյալ :

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208 եւ 2402 ծածկագրերին դասվող ապրանքների պահպանման, հարկ վճարողի մանրածախ առեւտրի կետ կամ ակցիզային պահեստ տեղափոխման (ներառյալ` գնորդներին հանձնման) դեպքերում «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառումն է:

Օրենքի նախագծով շրջանառությունից հանվում են ակցիզային հարկի հաշվանցումների համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերը :

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ արտադրող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն նշված ապրանքներ ներմուծող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողության հավասար պայմանների ապահովում: Ակնկալվում է, որ «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառումը հնարավորին կդարձնի իրականացնել օպերատիվ հսկողություն:

Օրենքի կիրառման դեպքում կկրճատվեն հարկային մարմին ներկայացվող հաշվետվական տվյալները, որպես հումք օտարելու դեպքում ակցիզային հարկի հաշվանցումներ կատարելու համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային տարբերակով : Կբարձրանա  ակցիզային հարկի հաշվանցումներ կատարելու համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերի կեղծումից պաշտպանվածության աստիճանը : Կկրճատվի հարկ վճարողների կողմից թղթային տարբերակով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության ծավալը: