Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6021-27.04.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-79) 5-րդ հոդվածը լրացնել 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«5. ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրի եւ 2208 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների համար բացթողնման գինը կամ ներմուծման մաքսային արժեքը չի կարող պակաս լինել 1 լիտրի համար` 3500 ՀՀ դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:» :

Հոդված 2. Օրենքը 7-րդ հոդվածից հետո լրացնել 7.1-րդ եւ 7.2-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.1. «Ակցիզային» պահեստ ռեժիմը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ-2203, 2206, 2207, 2208 (բացառությամբ 220820120 ծածկագրին դասվող ապրանքի) եւ 2402 ծածկագրերին դասվող ապրանքների պահպանումը, առաքման (ներառյալ` գնորդներին հանձնելու) կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ տեղափոխման համար բացթողումն իրականացվում է «Ակցիզային պահեստ» ռեժիմի պայմաններին համապատասխան:

2. «Ակցիզային պահեստ» ռեժիմը սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների արտադրության կամ ներմուծման պահից մինչեւ այդ ռեժիմի դադարելու պահը այդ ապրանքների առաքման, իրացման ծավալների ու գների գրանցման եւ գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողությունն է:

3. «Ակցիզային պահեստ» ռեժիմը տարածվում է հարկ վճարողի ակցիզային պահեստի  վրա, որը ընդգրկում է սույն հոդվածի 1-ին մասում նշված  ապրանքների պահպանման եւ առաքման կազմակերպման համար նախատեսված տարածքները;

Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքներ արտադրողների եւ (կամ) ներմուծողների կողմից մինչեւ գնորդին ապրանքի առաքումը (հանձնումը)  կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ դրա տեղափոխումը վերը նշված ապրանքների պահպանումն այլ վայրերում արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ ակցիզային պահեստ տեղափոխման ժամանակ ապրանքները գտնվում են տրանսպորտային միջոցներում:

4. Որեւէ ապրանքի (ապրանքների խմբաքանակի) մասով «ակցիզային պահեստ» ռեժիմի ավարտի պահ («ակցիզային պահեստ» ռեժիմի դադարման պահ) է համարվում ակցիզային պահեստ ռեժիմի պահանջների պահպանմամբ հարկ վճարողի ակցիզային պահեստից գնորդներին կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ առաքելու (հանձնելու) պահը:

5. «Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների առաքումը կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ տեղափոխման համար բացթողնումը կարող է իրականացվել հարկային մարմնի ղեկավարի կողմից նշանակված` «ակցիզային պահեստ» ռեժիմի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի ներկայությամբ:

 6. Ակցիզային պահեստում գտնվող` արտադրված ապրանքների հետ կարող են իրականացվել միայն այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են դրանց պահպանմանը կամ տեղափոխման եւ վաճառքի  համար նախապատրաստմանը:

7. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքները (ներառյալ` դրանց փոփոխությունները) որոշվում են հարկային մարմնի եւ արտադրողի կամ ներմուծողի միջեւ համաձայնությամբ: Ակցիզային պահեստում ապրանքների հաշվառման, պահպանման, դրանց վաճառքի նախապատրաստման, հսկողության եւ բացթողնման կարգը սահմանում է   Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7.2. Ակցիզային պահեստում գնտվող ապրանքների հաշվառման, բացթողման եւ հսկողության իրականացման կարգը

1. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների, ինչպես նաեւ մինչեւ դրոշմավորումը ստացված ակցիզային դրոշմանիշերի, քանակությունները եւ դրանց շարժը, գրանցվում է վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձեւի մատյաններում: Ակցիզային պահեստ ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների եւ շարժի մատյանի (այսուհետ` մատյան) էջերը համարակալվում, կազմվում եւ կնքվում են հարկային մարմնի կողմից: Մատյանը հարկային մարմնի կողմից կնքվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Առանձին մատյանների առկայությունը պարտադիր է ակցիզային պահեստի որեւէ ձեւով առանձնացված փակ տարածք հանդիսացող տեղամասերում (բացառությամբ այն տեղամասի, որտեղից իրականացվում է ապրանքների առաքումը): Մատյանի ձեւը,  դրանց լրացման եւ վարման կարգը սահմանում է հարկային մարմինը:

2. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների առաքումների եւ տեղափոխումների գրանցումը իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով :

3. Ակցիզային պահեստից ապրանքների առաքումը եւ (կամ) տեղափոխումը կարող է իրականացվել միայն փաստաթղթով: Ընդ որում` ապրանքների առաքումը (ներառյալ գնորդին հանձնումը) կատարվում է միայն հարկային հաշվի առկայության դեպքում: Տեղափոխման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձեւերը տրամադրվում են հարկային մարմնի կողմից, որոնց օգտագործման վերաբերյալ եռամսյակային  հաշվետվությունների ներկայացման կարգը եւ ժամկետները սահմանում է վերադաս հարկային մարմինը :

4. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում հսկողություն իրականացնում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի կողմից նշանակված` ակցիզային պահեստ ռեժիմի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողը (այսուհետ` հարկային ծառայողի), որն օգտվում է «Հայատանի Հանրապետությոնում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքների այն մասից, որոնք չեն հակասում սույն օրենքի 7.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հսկողության, ինչպես նաեւ սույն հոդվածով նախատեսված մատյանների վարման եւ փաստաթղթերի դուրս գրման նկատմամբ հսկողության իրականացմանը:

Սույն մասում նշված հարկային ծառայողը կարող է անարգել մուտք գործել ակցիզային պահեստի ցանկացած տեղամաս,  ներկա գտնվել ապրանքների առաքման կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ տեղափոխման համար նախապատրաստման եւ  բացթողնման գործընթացներին: Ակցիզային պահեստից ապրանքների առաքման կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ տեղափոխման գործընթացներին հարկային ծառայողի բացակայությունը հիմք չէ առաքումը կամ տեղափոխումը հետաձգելու կամ չիրականացնելու համար, եթե այն իրականացվել է սույն օրենքի 7.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Հարկային ծառայողը ակցիզային պահեստի տարածքում գտնվելու դեպքում հարկ վճարողը պարտավոր է հարկային ծառայողին տեղեկացնել ապրանքների առաքման կամ տեղափոխման  նախապատրաստման, դրա ժամանակի եւ վայրի (տեղամասի) մասին:

5. Ապրանքը համարվում է հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով առաքված կամ տեղափոխված, եթե ապրանքը առաքվել  կամ տեղափոխվել է

-  ոչ ակցիզային պահեստի տարածքից,

-  ակցիզային պահեստի այն վայրից (տեղամասից), որտեղից առաքում կամ տեղափոխում իրականացնելու մասին ակցիզային պահեստում գտնվող հարկային ծառայողը տեղեկացված չի եղել :»:

Հոդված 3. Oրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) Որպես հումք ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթում առանձնացված ակցիզային հարկի գումարը հաշվանցվում է սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում «հաշվարկային եւ վճարումը հիմնավորող փաuտաթղթերի» բառը փոխարինել «առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` օրենքով հարկային հաշիվ համարվող  եւ վճարումը հիմնավորող փաստաթղթերը»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար «Ակցիզային պահեստ» ռեժիմի գործողությունը պարտադիր լինելու դեպքում օրենքի 7.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման, հարկ վճարողի մոտ նշանակված հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով այդ ապրանքների տեղափոխման կամ առաքման (հանձնման) դեպքերում` ակցիզային հարկ վճարողներից գանձվում է տուգանք` օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ապրանքների համար հաշվարկվող իրացման շրջանառության (տեղափոխման կամ ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման դեպքում` իրացման սովորաբար կիրառվող գներով հաշվարկվող արժեքի) 100 տոկոսի չափով, որը հանդիսանում է այդ ապրանքների մասով վերջնական հարկային պարտավորություն:

Սույն մասում նշված պատասխանատվությունը կիրառվում է խախտման փաստն օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրվելու դեպքում:»:

Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: