Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով`
«5. Ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաեւ ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 եւ 2208 ապրանքախմբերի ծածկագրերին դասվող ապրանքների օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը եւ (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-րդ եւ 7.2-րդ հոդվածներով`
«Հոդված 7.1. «Ակցիզային պահեստ» ռեժիմը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2203, 2206, 2207, 2208 (բացառությամբ 220820120 ծածկագրին դասվող ապրանքի) եւ 2402 ծածկագրերին դասվող ապրանքների պահպանումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) իրականացվում են «Ակցիզային պահեստ» ռեժիմի պայմաններին համապատասխան:
2. «Ակցիզային պահեստ» ռեժիմը սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների արտադրության կամ ներմուծման պահից մինչեւ այդ ռեժիմը դադարելու պահը այդ ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ), դրանց իրացման ծավալների ու գների գրանցման եւ գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողությունն է:
3. «Ակցիզային պահեստ» ռեժիմը տարածվում է հարկ վճարողի ակցիզային պահեստի վրա, որն ընդգրկում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների պահպանման, առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) կազմակերպման համար նախատեսված տարածքները:
Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքներ արտադրողների եւ (կամ) ներմուծողների կողմից մինչեւ գնորդին ապրանքի առաքումը, տրամադրումը կամ տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) վերը նշված ապրանքների պահպանումն այլ վայրերում արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ ակցիզային պահեստ տեղափոխման ժամանակ ապրանքները գտնվում են տրանսպորտային միջոցներում:
4. Որեւէ ապրանքի (ապրանքների խմբաքանակի) մասով «ակցիզային պահեստ» ռեժիմի ավարտի պահ («ակցիզային պահեստ» ռեժիմի դադարման պահ) է համարվում «ակցիզային պահեստ» ռեժիմի պահանջների պահպանմամբ հարկ վճարողի ակցիզային պահեստից ապրանքները գնորդներին առաքելու, տրամադրելու կամ տեղափոխելու (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) պահը:
5. «Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների առաքումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) կարող են իրականացվել հարկային մարմնի ղեկավարի կողմից նշանակված` «ակցիզային պահեստ» ռեժիմի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի ներկայությամբ կամ նրա բացակայության պայմաններում, եթե սույն մասով այլ բան նախատեսված չէ:
«Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների առաքումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) կարող են իրականացվել միայն հարկային մարմնի ղեկավարի կողմից նշանակված` «ակցիզային պահեստ» ռեժիմի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի ներկայությամբ, եթե հարկ վճարողը հարկային հսկողություն իրականացնող հարկային ծառայողին չի ներկայացրել սույն օրենքի 7.2 հոդվածի 5-րդ մասով սահմանված աշխատանքային ռեժիմը:
6. Ակցիզային պահեստում գտնվող` արտադրված ապրանքների հետ կարող են իրականացվել միայն այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են դրանց պահպանմանը, առաքմանը, տրամադրմանը, տեղափոխմանը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) կամ վաճառքի համար նախապատրաստմանը:
7. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքները (ներառյալ` դրանց փոփոխությունները) որոշվում են հարկային մարմնի եւ արտադրողի կամ ներմուծողի միջեւ համաձայնությամբ:
Հոդված 7.2. Ակցիզային պահեստում գտնվող ապրանքների հաշվառման, բացթողնման եւ հսկողության իրականացման կարգը
1. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների, ինչպես նաեւ մինչեւ դրոշմավորումը ստացված ակցիզային դրոշմանիշերի քանակությունները եւ դրանց շարժը գրանցվում են վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձեւի մատյաններում: «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների եւ շարժի մատյանի (այսուհետ` մատյան) էջերը համարակալվում, կազմվում եւ կնքվում են հարկային մարմնի կողմից: Մատյանը հարկային մարմնի կողմից կնքվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Առանձին մատյանների առկայությունը պարտադիր է ակցիզային պահեստի որեւէ ձեւով առանձնացված փակ տարածք հանդիսացող տեղամասերում (բացառությամբ այն տեղամասի, որտեղից իրականացվում է ապրանքների առաքումը): Մատյանի ձեւը, դրանց լրացման եւ վարման կարգը սահմանում է հարկային մարմինը:
2. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների առաքման, տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) գրանցումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Ակցիզային պահեստից ապրանքների առաքումն իրականացվում է միայն հարկային հաշվի դուրսգրմամբ:
Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրումը կամ տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) իրականացվում է հարկային հաշիվ չհանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերով:
Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձեւերը տրամադրում է հարկային մարմինը, որոնց օգտագործման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման կարգը եւ ժամկետները սահմանում է վերադաս հարկային մարմինը:
4. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում հսկողություն իրականացնում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի նշանակած` «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողը (այսուհետ` հարկային ծառայող), որն օգտվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավունքների այն մասից, որոնք չեն հակասում սույն օրենքի 7.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հսկողության, ինչպես նաեւ սույն հոդվածով նախատեսված մատյանների վարման եւ փաստաթղթերի դուրսգրման նկատմամբ հսկողության իրականացմանը:
Սույն մասում նշված հարկային ծառայողը կարող է անարգել մուտք գործել ակցիզային պահեստի ցանկացած տեղամաս, ներկա գտնվել ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) համար նախապատրաստման եւ բացթողնման գործընթացներին:
5. Հարկ վճարողը պարտավոր է հարկային ծառայողին գրավոր տեղեկացնել իր աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` դրանում ներառելով նաեւ տեղեկություններ ակցիզային պահեստից ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) նախապատրաստման, դրանց ժամանակի եւ վայրի (տեղամասի) մասին:
6. Ապրանքը համարվում է հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով առաքված, տրամադրված կամ տեղափոխված (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ), եթե առաքվել, տրամադրվել կամ տեղափոխվել է`
1) ոչ ակցիզային պահեստի տարածքից.
2) ակցիզային պահեստի այն վայրից (տեղամասից), որտեղից առաքում, տրամադրում կամ տեղափոխում (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) իրականացնելու մասին ակցիզային պահեստում գտնվող հարկային ծառայողը տեղեկացված չի եղել:»:
Հոդված 3. Oրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«7) որպես հումք ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթում առանձնացված ակցիզային հարկի գումարը հաշվանցվում է սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի «հաշվարկային եւ վճարումը հիմնավորող փաuտաթղթերի» բառերը փոխարինել «առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` օրենքով հարկային հաշիվ համարվող եւ վճարումը հիմնավորող փաստաթղթերը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`
«4. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար «Ակցիզային պահեստ» ռեժիմի գործողությունը պարտադիր լինելու դեպքում օրենքի 7.1 հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման, հարկ վճարողի մոտ նշանակված հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով` այդ ապրանքների առաքման, տրամադրման, կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ) դեպքերում` ակցիզային հարկ վճարողներից գանձվում է տուգանք` օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ապրանքների համար հաշվարկվող իրացման շրջանառության (տեղափոխման կամ ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման դեպքում` իրացման սովորաբար կիրառվող գներով հաշվարկվող արժեքի) 100 տոկոսի չափով, որը հանդիսանում է այդ ապրանքների մասով վերջնական հարկային պարտավորություն:
Սույն մասում նշված պատասխանատվությունը կիրառվում է խախտման փաստն օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրվելու դեպքում:»:
Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: