Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6022-27.04.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 2007 թվականի, ՀՕ-155) 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ `

«գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի եւ դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված եւ վճարված եկամտահարկի գումարների չափով, եթե փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի գումարների եւ դրանց մասով հաշվարկված ու վճարված եկամտահարկի գումարների հանրագումարը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն. դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) . Սույն օրենքի նախագծի նպատակն է կանոնակարգել հարկ վճարողների կողմից փաստաթղթերով չհիմնավորված փաստացի կատարված ձեռքբերումների մասով հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 21.08.2008թ. ՀՕ-147-Ն եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 21.08.2008թ. ՀՕ-148-Ն օրենքներով փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով ներդրվել է հետեւյալ մեխանիզմը.

1) փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտով ձեւակերպված) ձեռքբերումների գծով կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) ցույց տրված ձեռքբերման գնից վճարում է 11% եկամտահարկ («Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 21, մաս 1, «ա» ենթակետ).

2) փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտով ձեւակերպված) ձեռքբերումների գծով ձեռքբերման գինը եւ 11% եկամտահարկը կազմակերխությունների շահութահարկի (անհատ ձեռնարկատերերի` եկամտահարկի) հաշվարկման նպատակով համախառն եկամտից չեն նվազեցվում («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10, մաս 1 եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 27, մաս 3):

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ մեխանիզմը անհամեմատ ծանր բեռ է առաջացնում է հարկ վճարողների նկատմամբ եւ գործող օրենսդրության պայմաններում կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) հնարավորինս խուսափելու է փաստաթղթերով կատարել չհիմնավորված ձեռքբերումներ եւ լավագույն դեպքում «ինքնարժեքը» հիմնավորելու համար ցույց է տալու դրա տարրերը կազմող անհրաժեշտ ապրանքների ձեքբերումների առավելագույնս ցածր գներով եւ/կամ ավելացնելու է ստվերային շրջանառությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`

1) փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտով ձեւակերպված) ձեռքբերումների գծով կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) ցույց տրված ձեռքբերման գնից վճարում է 11% եկամտահարկ` անկախ գործարքի գումարից.

2) փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտով ձեւակերպված) ձեռքբերումների գծով ձեռքբերման գինը եւ 11% եկամտահարկը կազմակերպությունների շահութահարկի (անհատ ձեռնարկատերերի` եկամտահարկի) հաշվարկման նպատակով համախառն եկամտից նվազեցնել, եթե միանվագ գործարքը չի գերազանցում 300,0 հազ. դրամը, իսկ այդպիսի գործարքների հանրագումարը` ամսական 3,0 մլն. դրամը:

Այս մեխանիզմի կիրառման արդյունքում, ըստ էության, ներդրվում է երկդրույք դրույքաչափ հարկվող օբյեկտի (հարկվող շահույթ, հարկվող եկամուտ) մինչեւ 36,0 մլն. դրամի համար` 10%, իսկ 36,0 մլն. դրամից ավել` 20%: Հաշվի առնելով, որ փոքր բիզնեսի հիմնական չափանիշներից մեկը շրջանառության 58,35 մլն. դրամի չափը չգերազանցելն է, ապա վերը նշված մեխանիզմը փոքր բիզնեսի համար հարկային բեռը դարձնում է իրատեսական:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտերով ձեւակերպված) փաստացի կատարված ծախսերի մասով հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերի կանոնակարգումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.   Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում հստակեցվելու է փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտերով ձեւակերպված) փաստացի կատարված ծախսերի մասով իրատեսական հարկային պարտավորությունների հաշվարկման գործընթացը: