Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-607-29.04.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 24-րդ հոդվածի 1.1 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1.1. Խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

Սույն օրենքի իմաստով խոշոր կազմակերպություն է համարվում այն  կազմակերպությունը, որի նախորդ տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլիոն դրամը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Տնտեսական ճգնաժամի պայմաններում բազմաթիվ ձեռնարկությունների գործունեությունը հետզհետե դառնում է ոչ շահութաբեր, իսկ որոշներն էլ արդեն անգործության են մատնված:

Վերոնշյալ ձեռնարկությունների գոծունեության ակտիվացման կամ վերսկսման առաջին խոչընդոտը ֆինանսական միջոցների պակասն է: Այս պայմաններում, այդ ձեռնարկությունների կողմից, լրացուցիչ ֆինանսների տրամադրումը համապատասխան աուդիտորական ուսումնասիրություն անցկացնելու նպատակով, ավելի կնվազեցնի դրանց արդյունավետ գործունեության հնարավորությունը:

Օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի մեծ ակտիվներ, սակայն փոքր հասույթ ունեցող ձեռնարկություններին, ազատել աուդիտորական ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերից, ինչը հնարավորություն կտա այդ ազատ ֆինանսական միջոցներն ուղղել տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը: